Այն բաժակը պիտի չխմե՞մ
Այն բաժակը, որ Իմ Հայրն ինձ տվեց, Ես պիտի չխմե՞մ: Հովհ. 18.11
Սա ասելն ու անելը ավելի շատ ուժ էր պահանջում, քան փոթորիկները հանդարտեցնելը եւ մեռելներին հարություն տալը:
Մարգարեներն ու առաքյալները կարողանում էին մեծ հրաշքներ անել, սակայն նրանք չէին կարողանում միշտ տառապելով Աստծո կամքը կատարել: Չարչարվել եւ ամեն գնով Աստծո կամքը կատարել նշանակում է ունենալ մեծագույն հավատք եւ քրիստոնեական գերագույն մակարդակ:
Երիտասարդ կյանքի բոլոր ցանկությունները մերժելուց հետո, առանց դադարի կյանքի բոլոր ծանրությունները կրել, աղքատության վերջին աստիճանին հասնել, բոլոր սիրելիներից զրկվել եւ ապա՝ առանձին ու միայնակ մնալ, անբուժելի հիվանդությունից տառապել, եւ անօգնական դիմագրավել կյանքը, ու տակավին Աստծո հանդեպ կատարյալ հնազանդության հոգով ասել. «Այն բաժակը, որ Իմ Հայրն ինձ տվեց, Ես պիտի չխմե՞մ», սա է բարձրագույն հավատքը եւ հոգեւոր հաղթության պսակը:
Մեծ հավատքը մեծ գործեր կատարելու մեջ չի կայանում, այլ երբեմն անտրտունջ տառապելու: Դոկտոր Չարլզ Բարքհըրսթ
«Վտակներ անապատի մեջ» գրքից