Այգու աղբը և գարնան կանաչը
Միշտ ունեցել եմ բազմազբաղ առօրյայիս մեջ չտեղավորվող փոքրիկ երազանքներ, որոնց անտեսել եմ՝ սպասելով հանգիստ ու հարմար ժամանակի: Կարանտինի ընթացքում շատ սահմանափակումներ ինձ համար դարձան հնարավորություններ՝ իրականացնելու անտեսված ու փոքրիկ երազանքներս:
Հիշում եմ, երբ չորս-հինգ տարեկան էի, մեր այգում առանձնացրել էի մի փոքրիկ հողակտոր, որտեղ սերմեր էի ցանել՝ չորս գազար, երեք վարունգ, երկու ցորեն և մեկ արևածաղիկ: Հողագործության ոլորտում փորձառությունս դրանով սահմանափակվեց, մինչև որ կարանտինի ընթացքում համարձակություն և ժամանակ ունեցա վարձակալելու և մշակելու մի սիրուն այգի:
Այգին բոլոր կողմերից ծառերով էր շրջապատված: Այն դրսից շատ գրավիչ էր ու սիրուն, բայց երբ ներս մտա, սկսեցի նկատել տարիներ շարունակ անմշակ մնացած այգու իրական վիճակը: Ցանկապատի մի մասն ավերված էր, ամբողջ այգում աղբ էր կուտակված՝ ոսկորներ, աղբի բզկտված տոպրակներ: Քանի որ այգին չէր մշակվում ու չէր պահպանվում, շներն անարգել մտնում էին՝ իրենց հետ բերելով այդ աղբը: Հասկացա, որ ես ունեմ շատ խնդիրներ, բայց դրանք պետք է դասավորել ըստ առաջնահերթության. նախ պետք է նորոգեմ ցանկապատը, որպեսզի փակեմ շների ու աղբի ճանապարհը, ապա կհավաքեմ ու դուրս կնետեմ աղբը, այնուհետև կսկսեմ այգու մշակման ընթացքը: Մասամբ նորոգեցի ցանկապատը, մասամբ հավաքեցի աղբը: Օրերը շատ արագ էին անցնում, հաճախ անձրևներն էին խանգարում, խոտն սկսել էր աճել, բայց ես դեռ չէի հասցնում հողը վարել: Մտածեցի՝ ավելի ճիշտ կլինի սկզբում հողը մշակել, հետո հավաքել մնացած աղբը: Մինչ ես զբաղված էի իմ սիրելի գործով, խոտն սկսեց բարձրանալ, ծառերը ծաղկեցին, ամբողջ այգին կանաչեց: Բայց ցանկապատի մոտ՝ ծառերի տակ, դեռևս չհավաքված աղբ կար: Սկսեցի անհանգստանալ, որ քանի խոտը բարձրանա, ես ավելի դժվարությամբ եմ հավաքելու աղբը: Հետո իմ ցանած սերմերը սկսեցին ծլել, ծիլերը բարձրացան, այգու չմշակված հատվածում երիցուկները դուրս եկան. ես շատ ուրախ էի և ես սկսեցի ինձ հանգստացնել, որ գարնան կանաչը ծածկել է աղբը, և ոչ ոք այն չի էլ նկատում: Բայց ես գիտեի, որ ցանկապատի մոտ՝ ծառերի տակ, դեռ կուտակված աղբ կա ու այն նեխում է:
Ինչքան էլ սիրուն լինեն երիցուկները, առատ բերք տա իմ բանջարանոցը, պտուղների շատությունից ծառերի ճյուղերը ճկվեն, միևնույնն է՝ կգա աշունը՝ ծառերի մերկանալու ժամանակը, և նորից կերևա աղբը: Ու չի լինի գարնան կանաչը, որ թաքցնի այն: Հետո թերևս հուսամ, որ երբ ձյուն գա, կծածկի այդ աղբը…
Այդ այգին մենք են, իսկ աղբը մեր կյանքի թաքցրած մեղքերն են: Երբեմն ուրախանում ենք, որ այն դրսից չի երևում, բայց անտեսում ենք, որ այն ներսից նեխում է: Աղբը կուտակվելու սովորություն ունի, աղբի վրա ճանճեր են նստում: Եթե իմ այգին կամ քո այգին աղբավայր չէ, բայց այնտեղ աղբ է կուտակված, ոմանք, աղբավայր համարելով, նոր աղբ կավելացնեն դրա վրա, իսկ շները ոսկորներով կլցնեն մեր այգին:
Ինչքան էլ թաքցնենք մեղքը (մեծ թե փոքր՝ կարևոր չէ), այն չի կորչում, մինչև որ չապաշխարենք: Եթե ապաշխարենք, Քրիստոսի արյունը մեզ ամբողջությամբ կմաքրի և ձյունից էլ ճերմակ կդարձնի. «….Լվա´ ինձ, և ձյունից ավելի ճերմակ կլինեմ» (Սաղմ. 51.7, տե´ս նաև Եսայի 1.18-ը):
Երբ Հիսուսը ներեց շնության մեջ բռնված կնոջ մեղքերը, պատվիրեց, որ այլևս մեղք չգործի. «….Ես էլ չեմ դատապարտում քեզ. գնա´ ու սրանից հետո մեղք մի´ գործիր» (Հովհ. 8.11):
Չանտեսենք այն մեղքերը, որ մեզ փոքր են թվում. մեղքը մեղք է, և մեղքի վարձքը մահ է, բայց մենք Քրիստոսով հավիտենական կյանքի հույսն ունենք. «Քանզի մեղքի վարձքը մահ է, բայց Աստծո ձրի պարգևը՝ հավիտենական կյանք՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով» (Հռոմ. 6:23):
Մենք էլ ամրացնենք մեր ցանկապատը, որն է Քրիստոսի արյան պաշտպանությունը մեր կյանքի մեջ, և այլևս թույլ չտանք, որ մեղքը ներս մտնի և մեր մեջ բնակվի: Եվ այս ամենից հետո ժամանակ տրամադրենք մշակելու մեր այգին, որը մեր կյանքն է, լցնենք ամենալավ պտուղներով և բուրավետ ծաղիկներով:
Աշխեն Պետրոսյան