Այգիներ՝ անապատի մեջ
Սրա համար ահա Ես նրան կհրապուրեմ եւ անապատ կտանեմ եւ կխոսեմ նրա սրտի հետ: Եվ այնտեղից իր այգիները կտամ Նրան… Ովսեե 2.14-15
Շատ տարօրինակ բան է անապատի մեջ այգիներ գտնելը: Արդյոք հնարավո՞ր է հոգուն անհրաժեշտ օրհնություններն էլ ստանալ մենակ ու լքված անապատային մի վիճակի մեջ, ուր այնքան դժվար է հույս կամ ճամփա գտնելը: Սա անհնար է թվում, մանավանդ «Աքովրի ձորի» մեջ, որ նշանակում է «դառնություն»: Սակայն այստե՛ղ է, որ բացվում է «հույսի դուռը», որովհետեւ ասում է.«Եվ այնտեղից իր այգիները կտամ նրան, իսկ Աքովրի ձորը՝ իբրեւ հույսի դուռ, այնտեղ երգելու է, ինչպես իր մանկության օրերին, եւ ինչպես այն օրը, երբ Եգիպտոսի երկրից դուրս եկավ» 15 համար:
Այո՛, Աստված գիտի մեր մենակության եւ լքվածության դժվարությունները, բայց Նա կարող է մեր այս դժվարություններից առաջ բերել մնայուն օրհնություններ:
Աստվածաշնչի այս գլխի մեջ տեսնում ենք, որ խեղճ հոգին իր Տիրոջ հանդեպ անհավատարիմ է եւ ապստամբ եւ Նրան մոռանալով «գնացել է իր հոմանիների ետեւից»: Սակայն նրան լքելուց եւ միայնակ թողնելուց հետո Տերը ասում է.«նրան կհրապուրեմ եւ անապատ կտանեմ եւ կխոսեմ նրա սրտի հետ»:
Ո՜հ, ինչ զարմանալի Աստվածային սեր է սա:
Մենք չգիտենք, թե Աստված որտեղ է պահում Իր ջրի պաշարները: Ժայռի ենք հանդիպում եւ բնավ չենք մտածում, որ այն կարող է ջրամբար լինել, ոչ էլ ակնկալում ենք ավազուտի մեջ ջրհոր տեսնել: Սակայն Աստված իմ քայլերը առաջնորդում է քարքարոտ ու դժվար տեղերով, մինչեւ որ ինձ հասցնի հավիտենական կենդանի աղբյուրներին:
«Վտակներ անապատի մեջ» գրքից