Ավագ շաբաթվա օրերից իր խորհրդավորությամբ առանձնահատուկ տեղ է գրավում Ավագ Հինգշաբթին:

Ավագ Հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին:

Այս օրն ունի նաև հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդը, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին վիմաբուխ աղբյուրից (Ելք 12, 14, 16, 17):

Զատկից առաջ՝ Բաղարջակերաց տոնին, Հիսուս առաքյալների հետ սեղան է նստում Վերնատանը: Դա Հիսուսի Վերջին ընթրիքն էր խաչելությունից առաջ և հայտնի է Խորհրդավոր ընթրիք անունով: Հին Ուխտում Զատիկի տոնը հաստատվել էր ի հիշատակ եգիպտական գերությունից հրեա ժողովրդի ելնելու: Այս տոնին ամեն ընտանիք ամբողջական գառ էր ճաշակում: Խորհրդավոր ընթրիքի ժամանակ Հիսուս վերցնում է հացը, օրհնում և կիսելով տալիս աշակերտներին՝ ասելով. «Առեք, կերեք, այս է Իմ Մարմինը»: Այնուհետև գինու բաժակն է տալիս՝ ասելով. «Խմեցեք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր Ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար իրենց մեղքերի թողության համար»:

Ներսես Լամբրոնացին գրում է, որ Հաղորդությամբ բազմությունը գալիս է դեպի մեկ անձնավորություն, դեպի Քրիստոս:

Հաղորդության համար Հիսուս ընտրեց հացն ու գինին, որովհետև, ինչպես Սբ. Գրիգոր Տաթևացին է ասում, հացը ցորենի բազում հատիկներից է ժողովվում, և գինին խաղողի բազմաթիվ պտուղներից է հավաքվում: Սա մատնանշում է Սուրբ Եկեղեցին, որը Քրիստոսի խորհրդանշական Մարմինն է և բազմաթիվ հավատացյալներից է համախմբվել:

Աղբյուրը՝ surbzoravor.am

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.