«Աստվածպաշտության կերպարանքն ունեն, բայց նրա զորությունն ուրացած են». Ջոն Բիվեր
Դուք երբևէ հանդիպե՞լ եք այնպիսի մարդու, ով երկար ժամանակ է՝ դավանում է, որ ճանաչում է Հիսուս Քրիստոսին, բայց այնպես է ապրում, ասես երբեք չի հանդիպել Նրան: Ո՞րն է պատճառը: Այս անձնավորությունը պարզապես վերափոխման ընթացք չի ապրում: Նա չի փոխվում Հիսուս Քրիստոսի նմանությամբ:
Պողոսը մարգարեացավ, որ մեր օրերը դժվար կլինեն: Հետաքրքիր է, որ ըստ նրա՝ այս ծանր ժամանակների պատճառը չի լինի հավատքի համար հալածվելը՝ ինչպես իր օրերում, այլ՝ քրիստոնյաները, ովքեր կդավանեն Հիսուսին, բայց չեն պահի Նրա խոսքերը: Նրանք կվարվեն Աստծուն չճանաչող մարդկանց պես: Նրանք կսիրեն իրենց և իրենց փողը, անհնազանդ կլինեն իրենց ծնողներին, կոպտորեն կվերաբերվեն մարդկանց, կհրաժարվեն ներել, կձգտեն հռչակ ու համբավ ձեռք բերել, կդավաճանեն իրենց ընկերներին, կսիրեն հաճույքն ավելի, քան Աստծուն և այլն: Պողոսը պարզ ասաց. «աստվածպաշտության կերպարանքն ունեն, բայց նրա զորությունն ուրացած են» (Բ Տիմոթեոս 3.5): Այն զորությունը, որ նրանք կմերժեն, շնորհքի վերափոխող կարողությունն է, որը ճշմարիտ քրիստոնեության հիմնադրույթներից մեկն է:
Այս դավանող հավատացյալները խաբված են, որովհետև նրանք ամեն ժամանակ սովորում են և երբեք դեպի ճշմարտության գիտությանը չեն կարողանում գալ (Բ Տիմոթեոս 3.7): Նրանք հաճախում են եկեղեցիներ, Աստվածաշնչյան դպրոցներ, համաժողովների, երկրպագության երեկոների, տնային հավաքույթների: Նրանք սիրում են սովորել, բայց նրանց բնավորությունն ու վարքը չեն փոխվում:
Իմաստը հետևյալն է, որ միայն սրբության մեջ ապրողները կարող են տեսնել Աստծուն, այսինքն՝ մուտք գործել Նրա ներկայության մեջ: Հիսուսը չէր կարող ավելի պարզ բացատրել, երբ ասաց. «Մի փոքր ժամանակ էլ, և աշխարհքն էլ չի տեսնի ինձ, բայց դուք կտեսնեք ինձ, որովհետև ես կենդանի եմ, և դուք կենդանի կլինեք։ Ով որ իմ պատվիրանքներն ունի և նրանց պահում է, նա է ինձ սիրողը. և ինձ սիրողն իմ Հորիցը կսիրվի. և ես կսիրեմ նրան, և ինձ կհայտնեմ նրան» (Հովհաննես 14.19,21):
Հիսուսն ասաց, որ Նա պարզորեն կհայտնի Իրեն միայն Իր պատվիրանները պահող մարդկանց:Նրանք են, որ կտեսնեն Նրան, մուտք կգործեն Նրա ներկայության մեջ ու այդ պատճառով ել՝ մտերմորեն կճանաչեն Նրան: Այս արտոնությունը խոստացված չէ բոլոր հավատացյալներին, այլ միայն նրանց, ովքեր կձգտեն հնազանդվել Նրա Խոսքին՝ նրանց, ովքեր կձգտեն սրբության: