Աստվածային առաքինությունը՝ խոնարհություն
Քրիստոնեական առաքինությունների թվում գլխավոր հատկանիշներից մեկը խոնարհությունն է:
«Սովորեք ինձնից, քանզի ես հեզ եմ և սրտով խոնարհ»,- ասում է մեզ Քրիստոսը: Այս խոսքերից երևում է, որ խոնարհության Ուսուցիչն Ինքն Աստված է:
Եվ իրապես, Քրիստոսը սովորեցնում է մեզ այդ աստվածային առաքինությունը, և անում է դա ոչ միայն խոսքերով, այլ սեփական օրինակով:
Քրիստոս չծնվեց հռչակավոր կայսրի, փառավոր զորավարի կամ երևելի գիտնականի կարգավիճակում. Նա աշխարհ եկավ լուռ և աննկատ, ինչպես աներևույթ ու անձայն երկրի վրա իջնում է առավոտյան ցողը:
Եվ Նրա ողջ կյանքը, չնայած Իր մեծ ու փառավոր հրաշքների, նույնպես եղավ խոնարհ ու աննշան, այնպես որ այդ դարաշրջանի աշխարհիկ պատմաբանները բոլորովին էլ չեն նկատում Աստծո Որդու գալուստն աշխարհ և իրենց աշխատություններում գրեթե չեն հիշատակում Նրան:
Չէ՞ որ այլ մարդկանց՝ արքաների, զորավարների, փիլիսոփաների մասին պատմաբանները բազում աշխատություններ են գրել, մեծարել այս հայտնի և երբեմն գոռոզ անհատներին:
Իսկ Քրիստոսի մասին շատ բան չկա հիշատակված: Ինչո՞ւ:
Որովհետև այդպիսին է խոնարհության հատկությունը. նա անգամ ամենամեծ ու հռչակավոր գործերը լուռ ու աննկատ է կատարում, մինչդեռ հպարտությունը, ընդհակառակը, անգամ չնչին ու մանր գործերը կատարում է ցուցամոլությամբ ու մեծ պճնամոլությամբ:
Քրիստոս ողջ աշխարհը գլխիվայր շուռ տվեց, սակայն արեց դա այնպես, որ Իր ժամանակակիցների մեծ մասը ոչինչ չհասկացան ու չնկատեցին:
Անգամ Քրիստոսի երկրային կյանքից շատ դարեր անց, երբ արդեն ակնհայտ էր, որ Նրա գալուստը ողջ աշխարհն էր տակնուվրա արել, մարդիկ դեռևս կասկածում ու վիճում էին. ո՞վ էր, որ եկավ երկիր և ինչպես Նրան հաջողվեց ողջ տիեզերքը փոխել այնպես, որ ոչ ոք չնկատեց:
Այդպես է գործում Աստված՝ խոնարհաբար ու մեղմ, և Քրիստոսի իրական հետևորդներն ունեն նույն բնավորությունը՝ նրանք խոնարհ են, և դրա համար էլ նրանց բարձր սուրբ կյանքը աներևույթ է մնում բազում աշխարհիկ մարդկանց համար:
Հայտնի աֆոնացի ծեր իմաստուն Հովսեփ Իսիխաստն ասում է, որ իրական արդարությունը չունի զանգակ, որը ձայն կտա և ուշադրություն կգրավի: Իրական արդարությունը միշտ խոնարհ է, այն ինքն իրեն չի ներկայացնում: Ահա թե ինչու՝ հոգևոր մարդը տեսնում է բոլորին, իսկ նրան ոչ ոք չի տեսնում:
Ի՞նչ է խոնարհությունը: Սովորաբար, երբ խոսում են խոնարհ մարդու մասին, մենք պատկերացնում ենք մեկին, ով իրեն ավելի ցածր է համարում ուրիշներից, իրեն վերջին տեղում է դնում, իսկ ուրիշներին արդարացնում է: Սակայն մենք պետք է իմանանք, որ այդ ամենը խոնարհությունը չէ, այլ ճանապարհի սկիզբը, որ կբերի իրական խոնարհության: Իրական խոնարհությունը մեծ գաղտնիք է. այն սուրբերի գաղտնիքն է:
Առանց խոնարհության չի կարող լինել ոչ շփում Աստծո հետ, ոչ հոգևոր կյանք, ոչ էլ փրկություն: Եթե մենք չունենք խոնարհություն, ապա բարի գործերը, որքան էլ շատ լինեն, դրանք մեզ չեն փրկի:
«Ով շատ բարի գործերի հեղինակ է, և այդ ընթացքում իրեն վերջին տեղում չի դնում, ոչ մի օգուտ չի ունենա իր բարի գործերից»,- ասում է Հովհան Ոսկեբերանը,:
Եվ այսպես, եղբայրնե՛ր և քույրե՛ր, սովորենք երկնային այս առաքինությունը՝ խոնարհությունը, և բոլոր ջանքերը ներդնենք, որ այն մերը դառնա:
Մեր թշնամիները հպարտությունից ընկան և մեզ դրդում են նույն ճանապարհի վրա կանգնել, քանզի գիտեն, որ հպարտությունը բաժանում է մեր հոգին Աստծուց և մահվան է տանում այն:
Հաճախ հպարտությունը այնպես է սողոսկում մեր ներսը, որ չենք էլ գիտակցում: Եվ անգամ եթե գիտակցում ենք, ապա գիտակցելը բավարար չէ. պետք է խոնարհվենք և սովորենք խոնարհ լինել:
Այս ճանապարհն են անցել բոլոր աստվածահաճո մարդիկ, ովքեր հենց խոնարհությամբ են ընդունել Շնորհը:
Մենք պետք է հետևենք նրանց օրինակին և միշտ հիշենք, որ ոչ մի այլ ճանապարհով չենք կարող Աստծուն մոտենալ, ինչպես Սուրբ Գիրքն է ասում. «Աստված ամբարտավաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս» (Հակ. 4.6):
Հովհաննես Պավլով