Աստվածաշնչի հրահանգը՝ հույսով ուրախացեք
Հույսով ուրախացե՛ք, նեղությանը համբերե՛ք, մշտապես աղոթե՛ք։
Հռոմեացիներին 12.12
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, այսօրվա աստվածաշնչյան հատվածը ավելի շատ հրահանգի տեսք ունի, քան առաջարկի կամ խորհրդի։ Այն հրամայական կերպով հրահանգում է մեզ հույսով ուրախանալ, նեղությանը համբերել և մշտապես լինել աղոթքի մեջ։
Հավատացյալների հույսը մեզ սպասվող երկնային իրականությունն է։ Փրկված լինելը և այս կյանքի ժամանակավոր բնույթը յուրաքանչյուր ճշմարիտ հավատացյալի սիրտը լցնում է ուրախությամբ և զորացնում նրան իր կյանք այցելած նեղություններին համբերելու համար։
Եվ որպեսզի մեր հավատքը չթուլանա ու չսառչի, Խոսքը հրահանգում է մեզ մշտապես լինել աղոթքի մեջ։ Աստծո հետ շարունակական հաղորդակցությունը մեզ արթուն է պահում և հիշեցնում մեր սիրտն ուրախությամբ լցնող երկնային սուրբ հույսի մասին։
Եկեք հնազանդվե՛նք Աստվածաշնչի հրահանգին և վայելե՛նք հույսի ուրախությամբ լեցուն կյանքը։ Եղեք օրհնված։
Արման Մանուկյան