Աստված տեսնում է ամեն բան․․․
Աստված տեսնում է ամեն բան, բայց Նրա պաշտպանությունը հեռանում Է, երբ գալիս է մեղքը: Այսօր ամեն քայլափոխի մեր ճանապարհին տեղակայված են գրավիչ ու կանչող թակարդներ։ Այդ թակարդներից յուրաքանչյուրը մի չարիք է, մեղք։ Մեզ հաճախ թվում է, թե այդ մեղքերը մեզ ձրիաբար են տրվում։ Բայց իրականում դրանք շատ մեծ գին ունեն։
Դու ամեն անգամ շատ մեծ գին ես վճարում քո կյանքում անեծք ու դժբախտություն բերելու համար։ Այդ գինը Քրիստոսի պաշտպանության գինն է։ Դու քո կյանքից հեռացնում ես Աստծո խոսքը և Աստծո սրբությունը' փոխարենը ներս թողնելով վիշտը, ցավը, սուտը, կորուստը։ Մի՞թե վիշտ չէ, երբ մարդը կորցնում է մաքուր խիղճն ու խաղաղությունը, մի՞թե ցավ չէ, երբ ամեն անգամ իր ուզած հաճույքը թույլ տալուց հետո զգում է դատարկություն, մի՞թե սուտ չեն այն խոստումները, թե իբր կոճակի մեկ հպումով կամ ընդամենը մեկ խաղի հաղթանակով կարող է իր ուզած գումարը վաստակել, մի՞թե կորսված չեն այն տարիները, որ նա անցկացնում է ճաղերի հետևում հերթական հանցագործության պատճառով։
Եվ այս ամենի կողքին ուզում եմ հարցնել՝ մի՞թե երջանկությունը հենց սեփական ունեցվածքով բավարարվելը չէ, սեփական քրտինքով գումարը վաստակելը չէ, պսակադրության ժամանակ Աստծո և ներկաների առաջ տված սուրբ խոստումը պահելը չէ և Աստծուն հավատալն ու երկրպագելը չէ։
Մտածենք այս մասին․․․
Լիլիթ Հարությունյան