Աստված ուզում է, որ մենք ճանաչենք Իրեն
«Դրանով ենք իմանում, որ մենք Նրա մեջ ենք բնակվում, և Ինքն էլ մեր մեջ, որովհետև Նա մեզ Իր Հոգուց է տվել»:
Զարմանալի է Աստծո սերը. Աստված ոչ միայն Իր Միածին Որդուն տվեց, այլև Իր Հոգին դրեց Իր ժողովրդի մեջ, որպեսզի մենք իմանանք, թե ինչ է զգում ու մտածում Աստված:
Աստված միշտ չէ, որ մեզ հայտնում է ապագան, քանի որ դա մեզ շինություն չի բերի, բայց Աստված միշտ հայտնում է Իր էությունը և ուզում է, որ մենք կատարելապես ճանաչենք Իրեն` Իր մտքերը, ցանկություններն ու զգացմունքները, և դրա համար նույնիսկ Իր Հոգին դրեց մեր մեջ:
Ի՜նչ սքանչելի է մեր Աստված, մարդամոտ ու քաղցրաբարո: Մենք մինչև մեր կյանքի վերջ ամեն օր կարող ենք Նրան մոտենալ և ավելի ու ավելի լավ ճանաչել, սակայն երբեք չենք կարող Նրան սպառել: Նա անսահման Աստված է, փառք Նրան հավիտյան:
Էդուարդ Հարությունյան