Ասածիդ պես արա՛. Չարլզ Սպերջեն
«Ասածիդ պես արա՛» (Բ Թագավորաց 7.25)
Չի՛ կարելի Աստծո խոստումները համարել անպետք թղթի պատառներ: Աստծո մտահղացման համաձայն՝ մենք պետք է դրանցից օգտվենք: Աստծո ոսկին ագահի գումար չէ: Դրանից դրամ են հատում, որպեսզի շրջանառության մեջ դնեն: Ոչինչ այնքան դուր չի գալիս Տիրոջը, որքան Իր խոստումների իրագործումը: Նա սիրում է, երբ Իր զավակները հիշեցնում են Իրեն. «Տե՛ր, կատարիր այն, ինչ Դու ասել ես»: Մենք փառավորում ենք Աստծուն, երբ պահանջում ենք խոստումների իրագործում: Մի՞թե դու կարծում ես, որ Աստված կաղքատանա՝ քեզ տալով խոստացված հարստությունները: Թե՞ Նրա սրբությունը կնվազի, եթե այն կիսի քեզ հետ: Թե՞ Նրա մաքրությունը կպակասի, եթե քեզ մաքրի մեղքերից:
«Հիմա եկե՛ք ու պատճառաբանենք իրար հետ,- ասում է Տերը,- եթե նույնիսկ ձեր մեղքերը կրկնակի կարմրի պես լինեն, ձյան պես սպիտակ պիտի լինեն, եթե որդան կարմրի պես լինեն, ասրի պես սպիտակ պիտի դառնան»:
Հավատը, հղում կատարելով փրկության խոստմանը, առանց հապաղելու ասում է. «Դա թանկարժեք խոստում է»: Եվ գնում է ուղիղ գահի մոտ՝ մոլեռանդորեն աղերսելով. «Ահա խոստումը: Կատարի՛ր այն, ինչ Դու ասել ես»: Եվ Տերը պատասխանում է. «Կտրվի քեզ քո ցանկության համեմատ»:
Եթե խոստումն ունենալով՝ դրա հետ միասին չես գնում Աստծո մոտ, դու անարգում ես Նրան: Իսկ եթե շտապես շնորհքի գահի մոտ՝ ասելով. «Տե՛ր, ես ասելու ոչինչ չունեմ, բացի այս՝ կատարի՛ր այն, ինչ Դու ասել ես», քո ցանկությունը կիրականանա:
Մեր Երկնավոր Բանկիրը սիրում է մեզ թղթադրամներ տալ: Երբեք մի՛ արհամարհիր խոստման խոսքը: Մի՛ մտածիր, թե Աստծուն կծանրաբեռնի քո համառությունը: Նրան հաճելի է լսել կարիքի մեջ գտնվող հոգու աղերսանքը: Նա սիրում է բարեհաճություն ցուցաբերել: Նա ավելի մեծ ցանկությամբ է պատրաստ լսելու քեզ, քան դու՝ Նրանից խնդրելու:
Արևն առանց հոգնության շողում է, աղբյուրն անդադար բխում է: Խոստումների իրագործումն Աստծո բնույթի դրսևորումն է:
Ուստի, անհապաղ գնա՛ շնորհքի գահի մոտ և ասա՛.«Կատարի՛ր այն, ինչ Դու ասել ես»:
Պատրաստեց Աննա Հովհաննիսյանը