Արժե՞ լինել քրիստոնյա
Պողոս առաքյալն Ա Կորնթացիս 15.19 -ում ասում է. «Եթէ միայն այս կեանքումն ունինք յոյս Քրիստոսի վերայ, ամեն մարդկանցից աւելի ողորմելի ենք»:
Ինչո՞ւ է Պողոսը խոսում այս մասին: Մեկ հստակ պատճառով. հեշտ չէ Քրիստոսին հետևել մի աշխարհում, որը չի ընդունում Նրան:
Կյանքում ամեն բան իր գինն ունի: Ցանկացած պահի, երբ դուք ասում եք «այո» ինչ-որ բանի, դուք այդ կերպով ասում եք «ոչ» մեկ այլ բանի: Արդյո՞ք գալիք մրցանակը արժե այն գինը, որը վճարվում է այս աշխարհում Քրիստոսին հետևելու համար:
Մատթեոսի 16.26-ում Հիսուսն ասում է. «Որովհետեւ ի՞նչ օգուտ ունի մարդ, որ բոլոր աշխարհքն ստանայ եւ իր անձը կորցնէ. Կամ ի՞նչ գին կ’տայ մարդ իր անձը փրկելու համար»:
Ոմանք իրենց հոգին վաճառում են աշխարհիկ բաների համար, օրինակ՝ փողի, փառքի և նյութապաշտության: Բայց ձեր հոգին շատ ավելին արժե:
Պողոսը սա հստակ գիտակցել էր: Պողոսը Փիլիպպեցիներ 3.7-8-ում ասում է. «Բայց ինչ բան որ ինձ շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար։ Եւ հէնց ամեն բաներ էլ վնաս եմ համարում իմ Տէր Յիսուս Քրիստոսի գերազանց գիտութեան համար, որի պատճառով ամեն բանից զրկուեցայ, եւ աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ»:
Պողոսը հասկացել էր, որ ոչինչ՝ ոչ մի կարգավիճակ, ոչ մի գումար, ոչ մի հաճույք, ավելի արժեքավոր չէ, քան Հիսուսը:
Մեզ հաջողության նոր սահմանում է պետք: Իրական, իմաստալից հաջողությունը հիմնված չէ մեր ունեցածի, մեր արտաքին տեսքի կամ լավ ինքնազգացողության վրա: Իրական հաջողությունը գալիս է մեր կյանքն՝ Աստվածային արժեքներով ապրելուց: Եվ դրա վերջնական պարգևատրումը լինելու է երկնային հավիտենական կյանքը:
Պատրա՞ստ եք այսօրվանից ապրել Հիսուսի համար: Եթե այո, ապա այս աղոթքը կօգնի ձեզ.
«Սիրելի՛ Աստված, ես գիտեմ, որ երբ մահանամ, կանգնելու եմ քո առաջ՝ իմ կյանքի համար հաշիվ տալու: Ես գիտեմ, որ բազմաթիվ մեղքեր եմ գործել և ապրել եմ ոչ թե քո, այլ իմ մարդկային ծրագրերի համաձայն: Ես ուզում եմ փոխել իմ այս ապրելակերպը: Ես հասկացել եմ և որոշել՝ արժե Հիսուսին հետևել: Ես ուզում եմ վերջ տալ իմ մեղքերին և գալ դեպի քեզ:
Հա՛յր, շնորհակալ եմ, որ Հիսուսը խաչվել է ինձ համար, որպեսզի ստիպված չլինեմ վճարել իմ մեղքերի գինը: Գիտեմ, որ արժանի չեմ քո ներողամտությանը: Գիտեմ, որ միայն Քո շնորհն է, որ կարող է փրկել ինձ, Տե՛ր: Ես ինձնով երբեք չէի կարող դառնալ այնքան լավը, որ կարողանայի երկինք մտնել:
Հիսու՛ս, շնորհակալ եմ ինձ այնքան սիրելու համար, որ ամբողջ մեղքս վերցրիր քեզ վրա: Դու ինձ ընդունելի ես դարձրել երկնքի համար, և ես խոնարհաբար խնդրում եմ քեզ փրկել ինձ: Ես հավատում եմ քեզ, Հիսո՛ւս: Եվ ես հավատում եմ, որ Դու կկատարես՝ ինձ փրկելու քո խոստումը: Հիսուսի անունով: Ամեն»:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ pastorrick.com