Անսովոր արգելքը
Եկան Մյուսիայի կողմերը, փորձեցին Բյութանիա գնալ, բայց Հոգին նրանց թույլ չտվեց: Գ.Առաքելոց 16.7
Ինչպիսի անսովոր արգելում: Այս մարդիկ գնում էին Բյութանիա Քրիստոսի գործի համար, բայց դուռը փակվում է եւ հենց ինքը՝ Քրիստոսի Հոգին արգելում է նրանց:
Ես էլ եմ այսպիսի անձնական փորձառություններ ունեցել: Ըստ ինձ օգտակար գործ եմ սկսել, սակայն հանդիպել եմ արգելքի: Հակադրությունը կամ հիվանդությունը ստիպել են դադարեցնել սկսածս գործը եւ ընկղմվել մենակության մեջ:
Սա շատ դժվար էր թվում ինձ. կիսատ թողնել մի գործ, որի համար համոզված էի, թե առաջնորդված եմ Սուրբ Հոգու կողմից: Սակայն, ի վերջո հասկացա, որ Սուրբ Հոգին միայն ծառայության գործ չի տալիս, այլ սպասելն էլ նույնքան կարեւոր ծառայություն է: Սովորեցի, որ Քրիստոսի թագավորության մեջ կա ոչ միայն գործի ժամանակ, այլ նաեւ սպասելու ժամանակ:
Անապատում առանձնանալը շատ անգամ ավելի օրհնյալ պտուղներ է արտադրում, քան բերքահավաքի եղանակին ցորենը, գարին ու գինին: Ես օրհնում եմ Տիրոջս, որ խանգարել է դեպի Բյութանիա կատարվող այցելություններս:
Ուստի, ո՛վ աստվածային Սուրբ Հոգի, ուզում եմ միշտ Քեզանով առաջնորդվել, ինչքան էլ հուսահատվեմ օգտակար ծառայություններիս համար: Այսօր հնարավոր է քեզ համար գործելու դուռս բաց լինի, սակայն հնարավոր է այդ դուռը վաղը փակվի Քո իսկ կողմից եւ ինձ արգելվի նրանով ներս մտնել: Բայց, խնդրում եմ, օգնի՛ր ինձ, որ Քո կողմից ինձ համար բացված ծառայության մյուս դուռը տեսնեմ: Օգնի՛ր, որ համոզվեմ, թե կան ժամանակներ, երբ մարդը իր պարտականությունները կատարում է բան չանելով, ծառայում է՝ հանդարտորեն սպասելով: Այդ ժամանակ կկարողանամ լսել Սուրբ Հոգու մեղմ ու քնքուշ ձայնը եւ այլեւս չդժգոհեմ, թե ինչու է ինձ արգելված օգտագործել գաղափարներս ու ծրագրերս: Ջորջ Մեթիսըն
«Վտակներ անապատի մեջ» գրքից