Անկախություն և ազատություն մեղքից. Ջոն Բիվեր
Որպես Աստծո զավակներ՝ մենք ազատված ենք մեղքի իշխանությունից (Հռոմեացիս 6.19-23): Այնուամենայնիվ, այս ազատությունը վայելելու համար մենք նախ պետք է թույլ տանք, որ Աստված սրբացնի մեր վարքը՝ նորոգելով մեր միտքը:
Մեր միտքը նորոգվում է, երբ ժամանակ ենք անցկացնում Աստծո Խոսքի և Նրա ներկայության մեջ: Այլ միջոց չկա: Աստծո Խոսքը, որը տնկվում է մեր սրտերում և հաստատվում է Նրա Հոգով, տալիս է ազատություն մեղքից. «Իմ սրտումը թագցրի քո խոսքերը, որ չմեղանչեմ քեզ դեմ» (Սաղմոս 119.11), «Սրա համար ամեն աղտեղություն և չարության առավելություն դեն գցեցեք և խոնարհությունով ընդունեցեք ձեր մեջ սերմված խոսքը, որ կարող է ձեր հոգիներն ապրեցնել» (Հակոբոս 1.21):
Շատ քրիստոնյաներ տանջվում են իրենց ամոթալի սեռական մեղքերից, բայց չեն բերում այդ ամոթը Նրա ներկայության մեջ, քանզի միայն Նա կարող է առաջնորդել մեզ դեպի ազատությունը:
Շատ կրոնական հաստատություններ փորձել են վախ ներշնչել կամ վերահսկել մարդկանց՝ անբարոյությունն ուղղելու համար: Այս մեթոդները չեն գործել. փոխարենը՝ դրանք հանգեցրել են համատարած կեղծավորության և մեղքի: Ամոթի պատճառով մեղքը թաքնվում է ստվերում, որտեղ այն սկսում է զարգանալ:
Կրոնական օրենքները և մարդկային կանոնները չեն կարող ազատել մեզ մեղքից: Իրականում, օրենքները և կանոնները բարենպաստ միջավայր են ստեղծում անօրինության համար (Հռոմեացիս 7), «Գիրը սպանում է, այլ հոգին կենդանացնում է» (Բ Կորնթացիս 3.6): Աստված չի ցանկանում, որ մենք նախանձավոր լինենք կանոնների համար: Նա ցանկանում է, որ մենք նախանձավոր լինենք Իր համար: Մենք կատարյալ ենք դառնում, երբ վերապրում ենք մեր Հոր սերը և բժշկություն ենք ստանում՝ շփվելով Նրա հետ: