Ընդամենը մի պարզ բառ՝ «Ներիր»
Երբեմն հիշում եմ նրանց, ում վիրավորել եմ. ջահելությանս պատճառով, հիմարությանս, հպարտությանս… հոգնածությանս կամ էլ բարկության վայրկենական դրսևորման: Հարցնում եմ ինքս ինձ՝ ինչո՞ւ: Չէ՞ որ ամեն բան նորմալ էր. ընկերներ էինք… արշավի էինք գնում միասին… նամակագրություն ունեինք… Իսկ հետո. բում. մեկ վայրկյան. հիմար կատակ. ոչ ճիշտ բառ. սխալ քայլ… Երկուսս էլ ձևացրեցինք, թե ոչինչ չի պատահել, բայց թելը ինչ-որ մի տեղ պոկվել էր:
Ընկերս հետո չզանգեց… Ընկերուհիս չգրեց… Անցան օրեր, ամիսներ… Դու գիտես, որ մեղավոր ես: Պետք է որ ինքդ առաջինը զանգես կամ գրես: Պետք է ուղղակի ասես՝ «Ներիր»: Բայց ինչո՞ւ է դա այդքան դժվար, որ… ընկերությունն է կորում… սիրահարներն են բաժանվում… երեխաներն են մնում առանց հայրիկի…
Ինչո՞ւ միայն հիմա՝ վեցերորդ տասնամյակում, ի հայտ եկան իմաստությունն ու քաջությունը՝ ներում խնդրելու. կնոջից… երեխաներից… ընկերոջից… Ինչո՞ւ միայն հիմա: Որտե՞ղ հիմա գտնել նրանց, որոնց հետ կապը վաղուց կտրվել է: Ոչ հասցե կա, ոչ հեռախոսի համար… ոչ ֆեյբուքում կան նրանք… գուցե ինչ-որ մեկն էլ նրանցից արդեն վաղուց այս աշխարհում չէ:
Չքանդված կապերը այդպել էլ կապեր են մնում: Եթե չգիտեիք, ուրեմն իմացեք: Մեկ օր նրանք ձեզ այցի կգան՝ ում դուք վիրավորել էիք անտեղի, ովքեր արժանի չէին դրան: Կգան հիշողությունների մեջ, կմնան ձեր մտքերում: Եվ նորից կհնչի հարցը. «Ինչո՞ւ»: Ինչո՞ւ ախր հենց այդ պահին չասացի՝ «Ներիր, այդ անպետք բառը ուղղակի լեզվիցս թռավ»: Կամ «Ներիր, ես չարությունից դրդված չարեցի դա: Ուղղակի հոգնած եմ, տրամադրությունս էլ այն չէ: Ներիր ինձ»:
Եթե ասած լինեի, ամեն բան այլ կերպ կլիներ:
Ընդամենը մի քանի տառից կազմված այդ բառը… բայց ասես մի ծանր քար լինի, որ ներսից սեղմում է, ճնշում, և… բաժանվում են սիրահարները… ընտանիքները… Նրանք գնում են ամեն մեկը տարբեր ճանապարհներով, փորձում են նորից կառուցել իրենց կյանքը, ուսումնասիրում են նոր հավանական թեկնածուների… Նրանք տառապում են իրենց զգացմունքների մոխրի վրա, բայց ոչ մեկը այդպես էլ չի համարձակվում ասել. «Ներիր ինձ…»:
Մարդուն ասում ես՝ «Հիմարություն մի արա, հաշտվիր Աստծո հետ: Ասա Նրան՝ «Ներիր», և Նա կօգնի քեզ՝ քո խնդիրներից գլուխ հանելու և լուծելու»:
Բայց նա. «Ես ինչ է՝ մեծագույն մեղավո՞րն եմ, ինչ է: Ես հո գողություն չե՞մ արել կամ սպանել ինչ-որ մեկին: Ինչի՞ համար ներողություն խնդրեմ»:
Գիտի՝ ինչի համար: Գիտի՝ իր ապրած տարիների աղբի ծանրությունը հոգու վրա: Բայց այդ մի քանի ծանր տառից բաղկաղած բառը չի կարողանում ասել ու հեռանում է: Երես թեքում Նրանից, Ով տալիս է ուժ՝ սիրելու ու ներելու համար, սիրելու ու ներողություն խնդրելու համար: Տալիս է իմաստություն՝ գնահատելու մարդկանց, ընկերներին, կնոջը, երեխաներին… «Ավելի լավ է՝ թող ամեն բան քանդվի, ավելի լավ է՝ դժոխք, ինձ չեք վախեցնի». բայց ինչո՞ւ:
Հիմա քո կողքին ոչ ոք չկա: Չկա մեկը, որի առաջ կցանկանաս հպարտանալ: Գցիր քո վրայից այդ ծանր քարը: Ասա Աստծուն՝ «Ներիր ինձ», և բոլորին, ում ժամանակին վիրավորել ես՝ ջահելությունից… հիմարությունից… Մի քաշիր քեզ հետ այդ կապերը: Այլապես մի օր դրանք խարիսխ կդառնան: Ու միայն երկինքը կտեսնես գլխավերևում. մոտ, բայց անհասանելի:
Ընդամենը մի պարզ բառ՝ «Ներիր»:
Սերգեյ Միրնիյ