Ամեն բան հնարավոր է նրա համար, ով հավատում է
Ամեն բան հնարավոր է նրա համար, ով հավատում է: Մարկ. 9.22
Աստված մեր հավատքը զորացնելու համար մեզ առիթներ է տալիս սովորելու հավատքի համար անհրաժեշտ համբերություն, քաջություն եւ հավատարմություն, մինչեւ որ մեզ հասցնի հավատքի հաղթանակին:
Դու քո խնդրվածքը մատուցում ես Աստծուն, սակայն պատասխանը չես ստանում, ուրեմն ի՞նչ պետք է անես: Շարունակիր հավատալ Իր խոսքին, ինչը որ պիտի զորացնի քո հոգեւոր նկարագիրը եւ հավատքդ, եւ բացարձակապես մերժիր նայել շուրջդ գտնվող իրերին: Երբեմն Նա ուշացնում է Իր պատասխանը, սակայն սա չի նշանակում, թե Նա մերժում է աղոթքդ:
Այսպես գործեց Աստված Աբրահամի, Մովսեսի եւ Եղիայի հետ, որոնք տկարությամբ սկսեցին, սակայն, նրանց հավատքը փորձվելով եւ մարզվելով, զորացան, եւ Աստված կարողացավ հանձնարարել նրանց մեծ եւ կարեւոր պարտականություններ: Այսպես վարվեց Նա Հովսեփի հետ. թեպետ նա կանչված էր իշխան լինելու, սակայն նախ պետք է վաճառվեր, տառապեր, երկար տարիներ անիրավորեն բանտարկվեր, որպեսզի նրա հավատքը եւ հոգեւոր նկարագիրը պատրաստ լինեին Աստծո կողմից իր համար որոշված մեծ դիրքին:
Երբ Աստծո կողմից տրված խոստումը ուշանում է տարիներ շարունակ, դա, ինչքան էլ դժվար թվա մեզ, Աստված ճանաչելու եւ մեր հավատքը զորացնելու միա՛կ միջոցն է, այլ միջոց գոյություն չունի:
«Վտակներ անապատի մեջ» գրքից