«Ահա՛, Նա աղոթում է» (Գործք. Առ. 9.11):

Աղոթքներն ակնթարթորեն հասնում են երկինք: Այն պահին, երբ Սողոսը սկսեց աղոթել, նրա ձայնն արդեն լսվել էր: Սա է ճնշված, բայց աղոթող հոգու մխիթարությունը: Հաճախ ինչ-որ մեկը կոտրված սրտով ծնկի է գալիս աղոթելու, բայց նրա շուրթերից դուրս են գալիս միայն հառաչանքներ և արցունքներ: Սակայն այդ հառաչանքները ևս երաժշտություն են ստեղծում երկնային քնարների վրա: Արցունքներն իրենց հերթին հավաքվում և տեղավորվում են երկնային անոթի մեջ. «Արցունքներս դի՛ր Քո շշի մեջ» (Սաղմոս 56.8):

Այդպիսի խնդրողին, ով վախից ու շփոթմունքից համրացել է, լավ է հասկանում Բարձրյալը: Բավական է միայն երկնքին հառել արտասվաթաց աչքերը, երբ Տերն արդեն «լսել է քո աղոթքը և տեսել է քո արտասուքը»: Արցունքներն երկնային ադամանդներ են, իսկ հառաչները՝ վեր բարձրացած ձայներ, որ թռչում են մինչև երկինք և որպես երաժշտություն հնչում Եհովա թագավորի ապարանքում:

Իմացի՛ր, որ քո աղոթքը, որքան էլ թույլ ու հուզումնալից լինի, անպատասխան չի մնա: Բարձր է Հակոբի սանդուղքը, բայց մեր աղոթքները, հենվելով ուխտի Հրեշտակին, բարձրանում են դրա անհաշվելի աստիճաններով՝ դեպի վերաստղային աշխարհներ:

Մեր Աստված լսում է ոչ միայն աղոթքը, այլև սիրում է այն լսել. «Նա...չի մոռանում խոնարհների աղաղակը», չի սիրում ամբարտավան հայացքներ և վերամբարձ խոսքեր, թագավորների գոռոզամտությունն ու սնափառությունը, կեղծ երաժշտություն և մարդկային հպարտություն:

Բայց վշտով լցված հոգու համար, ցավից սեղմվող շուրթերի համար, հոգոցի կամ զղջման հառաչանքի համար Եհովայի սիրտը մշտապես բաց է:

Նա մեր աղոթքները պահում է հիշողությունների գրքում՝ որպես վարդի թերթիկներ, և երբ այդ գիրքը վերջապես բացվի, այն յուրաքանչյուր երկնային բնակչի համար կլինի «հաճելի անուշահոտություն»:

Պատրաստեց Աննա Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.