Աղոթքի մասին. Մարտին Լյութեր
Երբ սիրտդ սառնություն է մտել.
Ես ձեզ կպատմեմ, թե ինչ եմ ինքս անում, երբ աղոթում եմ: Թող մեր սիրելի Աստված շնորհ տա ձեզ և բոլորին՝ անելու դա ավելի լավ, քան ես: Ամեն:
Առաջինը, երբ զգում եմ, որ աղոթքի մեջ կորցնում եմ ուրախությունս, քանի որ այլ հոգսեր և մտքեր խանգարում են ինձ (որովհետև մարմինն ու սատանան միշտ խանգարում են ու արգելում աղոթքը), ես վերցնում եմ իմ փոքրիկ Սաղմոսարանը, վազում իմ սենյակ, կամ, եթե օր ու ժամ հարմար է դրա համար, եկեղեցի, որտեղ համայնքն է հավաքվում, և ելնելով իմ ժամանակից՝ ինքս ինձ խաղաղ ու բառ առ բառ ասում եմ Տասը պատվիրանները՝ հավատքի Խորհրդանիշը, և եթե ունեմ ժամանակ, որոշ խոսքեր Քրիստոսից կամ Պողոս առաքյալից, կամ էլ մի քանի սաղմոս, այնպես, ինչպես երեխան էլ կարող է անել:
Սա լավ գործ է՝ թույլ տալ աղոթքին լինելու առավոտյան ձեր արված առաջին գործը և վերջինը՝ գիշերից առաջ: Զգուշությամբ պահպանեք ինքներդ ձեզ կեղծ, մոլորության մեջ մտցնող գաղափարներից, որոնք ձեզ ասում են. «Սպասիր մի որոշ ժամանակ: Ես կաղոթեմ մեկ ժամ անց. սկզբում ես պետք է անեմ իմ գործերն այստեղ կամ այնտեղ»:
Նման մտքերը կհեռացնեն ձեզ աղոթքից՝ դարձնելով ձեզ դեպի այլ հարցերը, որոնք ձեզ կուշացնեն և ուշադրություն կգրավեն, այնպես որ ոչ մի աղոթք չեք հասցնի անել այդ օրը:
Գոյություն ունի մի ասացվածք, որը վերագրվում է Սուրբ Հերոնիմոսին, թե ամենը, ինչ հավատացյալն անում է՝ աղոթքն է, և գոյություն ունի նաև այսպիսի ասացվածք՝ «Բարեխղճորեն աշխատողը աղոթում է երկու անգամ»: Սա կարելի է ասել, որովհետև հավատացյալը վախենում է և պատվում Աստծուն իր աշխատանքով և հիշում պատվիրանը՝ չվնասել ոչ ոքի կամ չփորձել գողանալ, խաբել կամ նենգություն անել:
Նման մտքերը և նման հավատքը, անկասկած, նրա աշխատանքը վերածում են աղոթքի և փառաբանության զոհի: Այնուամենայնիվ, մենք պետք է զգույշ լինենք, որ չխախտենք ճշմարիտ աղոթքի սովորությունը և չերևակայենք, թե այլ աշխատանքներն աղոթքից կարևոր են: Այլապես արդյունքում մենք կդառնանք թույլ ու ծույլ, անտարբեր և սառը աղոթքի նկատմամբ:
Ուղղելով հայացքը դեպի երկինք.
Երբ ձեր սիրտը «տաքացած է» Տասը պատվիրանների ցիտատներով, Քրիստոսի խոսքերով և այլն, և դուք նկատառում ունեք աղոթքի մեջ, ծնկեք և ձեր հայացքը դեպի երկինք ուղղելով՝ սկսեք խոսել կամ մտածել որքան հնարավոր է՝ կարճ:
«Օ՛, երկնային Հայր, գթառատ Աստված, ես խեղճ մեղավորս, արժանի չեմ: Ես արժանի չեմ այն բանին, որ բարձրացնեմ աչքերս և ձեռքերս դեպի Քեզ կամ անգամ աղոթեմ: Բայց Դու այսպես պատվիրեցիր մեզ բոլորին աղոթել, և Դու խոստացար լսել մեզ, և Քո թանկագին Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով Դու սովորեցրեցիր մեզ, թե ինչպես և ինչի մասին պետք է աղոթել, և ես գալիս եմ Քեզ մոտ՝ Քո Խոսքի հանդեպ հնազանդությամբ՝ հավատալով քո գթասիրտ խոստմունքին: Ես աղոթում եմ իմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով՝ Քո բոլոր սուրբերի և երկրի վրա բոլոր քրիստոնյաների հետ միասին, ինչպես և Նա սովորեցնում էր մեզ. Հա՛յր մեր, որ երկնքում ես…» և այլն, ողջ աղոթքն ասեք՝ բառ առ բառ:
Հետո կրկնեք մի մասը մյուսի հետևից՝ «Սուրբ թող լինի քո անունը», «թող Քո Արքայությունը գա» և այլն՝ խորհելով և աղոթելով դրանց նշանակության մասին ձեր կյանքում:
Ձեր բառերով.
Դուք նաև պետք է իմանաք, որ ես չեմ ցանկանում, որ դուք ձեր աղոթքի մեջ իմ բառերը մեջբերեք: Դա կդառնա ոչ այլ ինչ, քան մի պարզ շաղակրատություն և մրթմրթոց, կարդալ բառ առ բառ գրքից:
Առավել ևս ես ցանկանում եմ, որ ձեր սիրտը լինի ոգևորված և առաջնորդվի մտքերով, որոնք հարկ է ուշադրության տակ առնել Աստծո աղոթքի մեջ: Այդ մտորումները կարող են արտահայտվել, եթե ձեր սիրտը բավականին ջերմ է և ձգտում է աղոթքի ամենատարբեր ձևերով և բառերի քիչ կամ շատ քանակով: Ես ինձ չեմ կապում նման խոսքերով կամ բառակապակցություններով, այլ ասում եմ իմ աղոթքները այսօր մի ձևով, վաղը՝ մեկ ուրիշ. կախված իմ տրամադրությունից և զգացմունքներից: Այնուամենայնիվ, ես մնում եմ այնքան մոտ, որքան կարողանում եմ, նույն մտքին և հիմնական գաղափարին:
Բայց երբեմն կարող է պատահել այնպես, որ ես կարող եմ մոլորվել մեկ խնդրվածքի մեջ բազում գաղափարներից, այնպես որ ես հրաժարվում եմ այլ վեց խնդրվածքներից: Մենք պետք է բաց թողնենք շատ խնդրվածքներ, որպեսզի տեղ թողնենք լավ մտքերի համար, լսենք լռության մեջ և ոչ մի դեպքում չխանգարենք դրանց:
Սուրբ Հոգին Ինքն է քարոզում այդտեղ, և Նրա քարոզի մեկ բառն ավելի լավ է, քան մեր հազարավոր աղոթքները: Շատ անգամ ես ավելի շատ բան եմ իմանում մեկ աղոթքից, քան կարողանում եմ ստանալ բազում ընթերցումներից ու մտորումներից:
Աղբյուր՝ gazeta.mirt.ru