Աղոթքը երկխոսություն է
«Այս բաներից յետոյ տեսիլքում Եհովայի խօսքը Աբրամին եղաւ ասելով. Մի՛ վախիր, Աբրամ, ես քեզ համար վահան եմ, քո վարձքը խիստ շատ է։ Եւ Աբրամն ասեց. Ով Տէր Եհովայ, ինձ ի՞նչ ես տալիս, քանի որ առանց զաւակի եմ մնացել, եւ իմ տան տիրողն ահա Դամասկացի Եղիազարն է։Նաեւ ասեց Աբրամը, Որովհետեւ ինձ սերունդ չտուիր, ահա իմ ընդոծինն ինձ ժառանգ կլինի։ Եւ ահա Եհովայի խօսքը եղաւ դէպի նորան ասելով, Նա չի ժառանգիլ քեզ. Այլ նա որ քու մէջքիցը դուրս կգայ, նա կլինի քո ժառանգը։ Եւ նա դուրս հանեց նորան եւ ասեց. Դէպի երկինքը մտիկ արա, եւ աստղերը համարիր, եթէ որ կարող ես նորանց համարել. Եւ ասեց նորան. Այսպէս կլինի քո սերունդը։ Եւ նա հաւատաց Եհովային, եւ նա նորա համար արդարութիւն համարեց այս» (Ծննդոց 15.1-6):
Աղոթքը երկխոսություն է: Աբրահամը, որ դեռ Աբրամ էր կոչվում, մեծ հոգս ուներ իր սրտում: Նա անզավակ էր: Նա իրեն ապահով չէր զգում: Դժվար էր նման իրավիճակում ապրելը, գործելը և ջանքի մեջ հարատևելը: Արդյոք մենք հաճախ նմանատիպ իրավիճակներում չե՞նք լինում: Մեր հոգսերն ու անհանգստությունները խանգարում են մեր կյանքին ու աստվածապաշտությանը: Աբրահամն աղոթեց, ու Աստված խոսեց:
Որպեսզի մենք լսենք Աստծո խոսելը, պետք է կարողանանք լռել աղոթքի մեջ: Փորձիր լռել: Գովաբանի՛ր Աստծուն, երգի՛ր ու փառաբանի՛ր Նրան Իր Ով լինելու համար: Հետո խոստովանիր իրավիճակներդ, տկարություններդ, մեղքերդ ու հանցանքներդ՝ զղջալով ու ապաշխարելով սխալներիդ համար: Հետո գոհացիր նախկինում Նրա արած բարիքների համար: Սիրտդ լցրու հավատքով, որ նախկինում արված աղոթքներիդ Պատասխանողը կպատասխանի նաև քո մեծ հոգսի մասին այսօրվա խնդրվածքիդ: Եվ վերջում խնդրիր քո Հորից քո հոգսի ու անհանգստության լուծումը:
Խնդրի՛ր հավատքով առ այն, որ Նա լավագույնս գիտի պատասխանելու ժամանակը և կերպը: Խնդրիր՝ վստահելով: Խնդրիր՝ հավատալով: Աբրահամը հավատաց Աստծո պատասխանին, և դա նրան արդարություն համարվեց: Մեր աղոթքները կարող են մեր հավատքի դրսևորումները դառնալ:
Մեր աղոթքները կարող են Աստծուց արդարություն ընդունելու միջոցներ դառնալ, եթե միայն հավատանք: Աբրահամի խնդրանքից ավելի կարևոր էր այն, թե ինչ տեղի ունեցավ հոգևոր աշխարհում՝ Աբրահամաը հավատաց, որ Աստված կհոգա, և դա նրան արդարություն համարվեց:
Աղոթենք՝ հավատալով: Աղոթենք՝ վստահելով: Աղոթենք՝ մեր հոգսից առավել Աստծո կամքը փափագելով, և դա մեզ արդարություն կհամարվի: Գովաբանե՛նք, խոստավանե՛նք, գոհանա՛նք ու խնդրե՛նք: Եվ այս ամենի մեջ ունենանք լռության ժամանակ, որ կարող լինենք լսելու Աստծո քաղցր ձայնն ու Նրա քաջալերող պատասխանը: Սովորե՛նք աղոթել:
Տեր Հիսուսի անունով աղոթքի նորոգված կյանք և աղոթքին Պատասխանողի հանդեպ արդարություն համարվող հավատք եմ հռչակում այս գրառումը ընթերցողների կյանքում: Եղեք օրհնված:
Արման Մանուկյան