7 բան, որ կորոնավիրուսը չի կարող փոխել
Կորոնավիրուսը երկրաշարժի պես ցնցեց երկիրը մեր ոտքերի տակ։ Այն, ինչ մենք պատրաստվում էինք անել (ընկերների հետ հանդիպումներ, ուսումնական հաստատություններում ավարտական երեկույթներ, սպորտային բարձրագույն առաջնություններ), չեղարկվեցին կամ հետաձգվեցին։ Մենք սկսեցինք անել բաներ, որ նախկինում չէինք էլ կարող պատկերացնել (լվանալ խանութից գնված ապրանքների տուփերը, միմյանցից պահպանել մեկ-երկու մետր հեռավորություն)։ Դադարեցրինք հավաքույթները, այցելությունները, աշխատանքը։ Երկիրը կանգնեց տնտեսական ճգնաժամի առաջ։ Շատերը հայտնվեցին հիվանդանոցում, քիչ չեն նաև մահվան դեպքերը։
Երկրաշարժերը վտանգավոր և սարսափելի են, քանի որ դրանք ցնցում են այն ամենը, ինչ ամուր և հաստատուն է թվում։ Կորոնավիրուսը խախտեց մեր մտքերն ու դատողությունները։ Շատերս ենք փորձում ամուր հիմքեր գտնել, որովհետև կորցրել ենք մեր հավասարակշռությունն ու այլևս ոչնչի վրա վստահություն չունենք։ Մեզ անկարող ու անպաշտպան ենք զգում։
Հիմա, ավելի քան երբևէ, կարևոր և հարկավոր է գնահատել այն, ինչի վրա չի կարող ազդեցություն ունենալ վիրուսը։ Քանի որ կան իրողություններ, որոնք, ըստ Աստվածաշնչի, երբեք չեն կարող փոփոխվել.
1) Աստված (Հայր, Որդի, Սուրբ Հոգի)
Աստված անփոփոխ է սրբության, արդարության, փառքի մեջ։
«Ես եմ Ալֆան և Օմեգան, Սկիզբը և Ավարտը»,- ասում է Տերը, որ է և որ էր և որ պիտի գա՝ Ամենակալը»։ (Հայտնություն 1.8)
Հակոբոսն ասում է. «Յուրաքանչյուր բարի նվիրատվություն ու յուրաքանչյուր կատարյալ պարգև վերևից է և լույսի Հորից է իջնում, Ում մեջ փոփոխության կամ ետ դառնալու ստվեր իսկ չկա»։ (Հակոբոս 1.17)
«Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան»։ (Եբրայեցիներին 13.8)
Եբրայեցիների 9.14 խոսքում Սուրբ Հոգին անվանվում է «Հավիտենական Հոգի»։
2) Աստծո խոսքը
Կորոնավիրուսը ոչ մի կերպ կասկածի տակ չի կարող դնել Աստծո ճշմարտությունը կամ հուսալիությունը։ Նրա խոսքն այժմ նույնքան ճշմարիտ և հաստատուն է, որքան որ միշտ է։
«Խոտը չորանում է, ծաղիկը թառամում, սակայն մեր Աստծո Խոսքը հավիտյան պիտի մնա»։ ( Եսայա 40.8)
«Քո խոսքը, ո՛վ Տեր, հավիտյան հաստատուն է երկնքում»։ (Սաղմոս 119.89)
«Աստծո խոսքը մնում է հավիտյան»։ (Ա Պետրոս 1.23)
3) Աստծո սերը
Աստծո անփոխարինելի, նվիրական սերը հիմք է հանդիսանում մեզ համար, որպեսզի ուրախությամբ գովաբանենք Նրան։ Աստծո ողորմածությունը մեր հանդեպ անփոփոխ է։
«Որովհետև ես Տերն եմ, Ես չեմ փոխվում, դրա համար դու՛ք, ո՛վ Հակոբի որդիներ, չեք սպառվել»։ ( Մաղաքիա 3.6)
Աստծո սերը մեր նկատմամբ այն անփոփոխ իրողություններից է, որը շարունակվում է հավիտյանս հավիտենից:
4) Աստծո ծրագիրը
Քանի որ Աստծո սերը չի փոխվել մեզ համար, նրա ծրագիրը մեզ համար ևս մնացել է անփոփոխ։ Դա նշանակում է, որ մենք ունենք հույս և ամուր վստահություն, որը հուսալիորեն պահում է մեզ այս կյանքում այնպես, ինչպես փոթորկի ժամանակ նավը պահող խարիսխը։
5) Հիսուսի բարեխոսությունը
Հիսուսը մեր և Հոր միջև միջնորդ եղավ։ Եվ այս համաճարակի հայտնվելը չի կարող այդ ամենը կանգնեցնել, փոխել ։ Հիմա էլ իր մահով մենք շարունակում ենք արդարանալ։
6) Դատաստանի օրը
Կորոնավիրուսը չեղարկեց կամ հետաձգեց շատ հանդիպումներ։ Շատերիս ստիպեց հանդիպումները կազմակերպել օնլայն։ Բայց կա մի հանդիպում, որը չի կարող հետաձգվել կամ անցկացվել Zoom-ով։ Մեզանից յուրաքանչյուրը անձամբ պետք է ներկա լինի այդ հանդիպմանը։
Քանի որ մենք բոլորս պիտի ներկայանանք Քրիստոսի ատյանի առջև, որ ամեն մեկն ընդունի իր մարմնով արածների հատուցումը՝ թե՛ բարի և թե՛ չար։ (Բ Կորնթացիներին 5.10)
7) Մեր վերջնական նպատակակետը
Կորոնավիրուսը փոխում է մեր ճանապարհորդությունը, բայց ոչ վերջը։ Երբ մենք հասնենք այնտեղ, ուր գնում ենք, կմտնենք ապագայի քաղաք, որը կմնա հավիտյան։
«Որովհետև մենք այստեղ մնայուն քաղաք չունենք, այլ որոնում ենք այն, որ պիտի գա»։ (Եբրայեցիներին 13.14)
Աստծո ծառաները Նոր Երուսաղեմում թագավորելու են հավիտյանս հավիտենից։ (Հայտնություն 22։1-5)
Այս ապագա, վերջնական նպատակակետը չի կարող փոխվել Կորոնավիրուսի պատճառով։ Դա անհնար է, որովհետև այն այստեղ չէ, այլ՝ երկնքում։
«Անեղծ ու անարատ ու անթառամ ժառանգության համար, որ երկնքում պահված է ձեզ համար»։ (Ա Պետրոս 1։4)
Քրիստոնյաները ևս ընկնում են և բարձրանում, հիվանդանում են ու տառապում, բայց կան իրողություններ, որոնք մեզ ամուր պահում են նաև այս անկայուն ժամանակներում։
Եկեք ապրենք հավասարակշռված կյանք Քրիստոսի համար։
Հեղինակ՝ Սթիվեն Ուիթեր
Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը
Աղբյուրը՝ ieshua.org