1. Քայլ առաջին: Խաղաղություն Աստծո հետ

Մենք չենք կարող Աստծո խաղաղությունն ունենալ, եթե չհաշտվենք Նրա հետ, իսկ դրա համար ամենաառաջնային քայլը Քրիստոսին վստահելն է. «Հետևաբար, հավատով արդարացած լինելով, խաղաղություն ունենք Աստծո հետ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմ. 5.1): Հիսուս Քրիստոսը վճարեց ամենամեծ գինը, որպեսզի մենք խաղաղություն ունենանք Աստծո հետ և դրանով Աստված Իր սերը հայտնեց մեզ, որ երբ մենք դեռ մեղավոր էին, Քրիստոսը մեռավ մեզ համար (Հռոմ. 5.8)։ Ուրեմն, որքան ավելի հիմա, արդարացած լինելով Քրիստոսի արյամբ, կփրկվենք բարկությունից Նրա միջոցով։ Ուրեմն, Քրիստոսի հավատով մենք ունենք հաշտություն և խաղաղություն Աստծո հետ։ Աստծո մեջ է կատարյալ խաղաղությունը, քանզի Նա է Խաղաղության Իշխանը:

2. Քայլ երկրորդ: Մտքի խաղաղություն

Աստված ամեն ինչ գիտի իմ և քո մասին և այդ ամենով հանդերձ՝ Նա դեռ սիրում է մեզ. «Նույնիսկ ձեր գլխի մազերը բոլորը հաշվված են» (Ղուկ. 12.7), որը ցույց է տալիս, որ Նա հավիտենական սիրով է սիրում քեզ (Եր. 31.3): Հավիտենական սեր նշանակում է, որ այն կախված չէ ոչ մի հանգամանքից և հավեժ է, և նշանակություն չունի, թե ինչ ես դու անում: Նրա սերը չի պակասում, երբ դու չես հնազանդվում Նրան, և չի ավելանում, երբ հնազանդվում ես Նրան: Նրա սերը ապրելու է մեզ հետ հավիտյան, և հենց սա պետք է մեզ պարգևի մտքի խաղաղություն:

3. Քայլ երրորդ։ Խաղաղություն ապագայի համար

Աստված խոսում էր Երեմիայի միջոցով Իսրայելի հետ, և այդ խոսքերը որքան կարևոր և նշանակալից էին հնում իսրայելացիների համար, նույնքան էլ այսօր մեզ՝ հավատացիալներիս համար, և դրանք այսպիսին են. «Նա ունի ծրագրեր քեզ բարձրացնելու և ոչ թե վնասելու»: Ծրագրեր քեզ հույս և ապագա տալու (Եր. 29.11): Ապագան այնքան անհավանական է, որ ես նույնիսկ չեմ կարող ձեզ նկարագրել, նույնիսկ Պողոսը չկարողացավ դա անել, երբ գրում էր Հռոմի եկեղեցուն. «Որովհետև, ես կարծում եմ, թե ներկա ժամանակի չարչարանքներն արժանի չեն գալիք փառքի հետ համեմատվելու, որ մեր մեջ պիտի հայտնվի» (Հռոմ. 8.18)։ «Գիտենք նաև, որ բոլոր բաները միասին բարուն են գործակից նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են ըստ Նրա նպատակի» ( Հռոմ. 8.28):

4. Քայլ չորրորդ: Նրա ներկայության խաղաղությունը

Աստված միայն երկնքում չէ` այնտեղից մեզ հետևելու: Նա ասաց մեզ, ինչպես Մովսեսը Իսրայելին. «Ուժեղացեք և քաջ եղեք, մի վախեցեք և նրանցից մի զարհուրեք, որովհետև քո Տեր Աստվածն Ինքն է քեզ հետ գնում. Նա քեզ չի թողնի և քեզ չի լքի» (Բ Օրին. 31.6), և Աստված ասեց Հեսուին (և նաև մեզ). «Քո կյանքի բոլոր օրերում որևէ մեկը չի կարողանա քեզ դեմ կանգնել: Ինչպես Մովսեսի հետ էի, քեզ հետ էլ նույնպես պիտի լինեմ: Ես քեզ չեմ թողնի և ոչ էլ կլքեմ» (Հեսու 1.5): Նույնիսկ Եբրայեցիների թղթի հեղինակի միջոցով Աստված ասաց. «Ես քեզ երբեք չեմ թողնի և ոչ էլ կլքեմ» (Եբ. 13.5): Աստված երբեք չի փոխվում. Նա քեզ հետ կլինի այսօր, վաղը և քո բոլոր օրերում:

Այսօր մենք խաղաղություն ունենք Աստծո հետ Հիսուս Քրիստոսի թափած արյան միջոցով, ունենք մտքի խաղաղություն, քանզի Աստված գիտի մեր մասին ամեն բան՝ սկսած մեր մարմնի ամենափոքր ատոմից, մենք ունենք խաղաղություն, քանզի գիտենք, որ մեր ապագան ապահով է, և ունենք Նրա ներկայության խաղաղությունը, քանի որ Նա գալիս է մեզ հետ, ուր էլ որ գնանք:

Աղբյուր`faithinthenews.com

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.