3 տեսակ սուտ Աստծո մասին, որոնց մարդիկ հավատում են
Ես ասել եմ սա բազմիցս, բայց արժե ևս մեկ անգամ կրկնել. մեր թշնամու՝ սատանայի պատերազմը ուղղված է ոչ միայն մեզ ցավ ու վիշտ պատճառելուն, այլև, վերջնական հաշվով, Աստծո մասին մեր պատկերացումը աղավաղելուն:
Իր հարձակումներով, սպառնալիքներով, ստերով ու մեղադրանքներով սատանան փորձում է խարխլել մեր հավատքը Աստծո բարի բնավորության հանդեպ: Սատանան գիտի, որ եթե կարողանա համոզել, որ Աստված բարկանում է ձեզ վրա և այդ պատճառով ձեզ տառապանքներ ուղարկում, այդժամ դուք, բնականաբար, կձգտեք հեռու մնալ ձեր Արարչից:
Մեկ օր այս մտորումները ինձ բերեցին մի հետաքրքիր փաստ հայտնաբերելուն, որը ապացուցեց այն, ինչի մասին կասկածներ ունեի: Մի շատ հարգված ու լուրջ սուսումնասիրություն, որն անցկացվել է Բեյլորի համալսարանի սոցիոլոգիայի երկու պրոֆեսորների կողմից, ցույց է տվել, որ չորս ամերիկացիներից երեքը Աստծուն պատկերացնում են բարկացած, ծայրահեղ տրամադրությունների տեր կամ իրենցից հեռու մեկը: Երբ խորացա այս ուսումնասիրության մեջ, քիչ ժամանակ անց բացահայտեցի, որ այդ հայացքներն իրենցից ներկայացնում են համընդհանուր անվստահություն կամ սուտ, որը շատերը կիսում են: Գուցե, դուք նույնպես հավատացել եք դրան (ես էլ):
«Ես վախենում եմ, որ Աստված երես կթեքի ինձնից»
Համոզվածությունն այն բանում, որ Աստված բարկանում է մարդու վրա, հենց այն է, ինչում համոզված էին Ադամն ու Եվան սատանայի գայթակղությանը տրվելուց հետո, երբ ճաշակեցին արգելված պտուղը: Փոխարենը Աստծուց ներում որոնելու և առաջ շարժվելու, նրանք որոշեցին թաքնվել Նրանից, որովհետև վախենում էին, թե ինչպես Նա կվարվեր իրենց հետ (Ծննդոց 3.10): Մարդիկ հաճախ կարծում են, թե Աստծո նպատակն է՝ պատժել իրենց անցյալի սխալների համար:
«Ես պետք է համառորեն ջանք թափեմ, որպեսզի վաստակեմ Աստծո սերը»
Ըստ մեկ այլ գաղափարի՝ մենք պետք է աշխատենք, որպեսզի տպավորություն գործենք Աստծո վրա, և սա նույնպես նորություն չէ: Հենց դա էր փորձում անել Մարթա անունով կինը, երբ Հիսուսը եկել էր իր տուն: Ղուկասի Ավետարանը ցույց է տալիս, որ փոխարենը Հիսուսի ներկայությունը վայելելու, նա տրվում է գործերի, ըստ էության, ցանկանալով ցույց տալ Հիսուսին, որ այդ ամենն Իր համար է: Բայց Հիսուսին դա չի տպավորում: Նա Իր խոսքով ցույց է տալիս, որ ավելի լավ կլիներ, եթե Մարթան մոռանար գործերի մասին և պարզապես վայելեր Իր ներկայությունը (Ղուկաս 10.41-42):
«Ինչո՞ւ Աստված թույլ տվեց դա: Հավանաբար, ես ինչ-որ բան սխալ եմ արել»
Մեզնից շատերը կարող են ընդունել, որ ունեցել են գայթակղություն՝ հավատալու, որ Աստված մոռացել է մեր մասին: Երբ կյանքում ավելի քիչ են հեռանկարներն ու հնարավորությունները, որոշ մարդիկ հավատում են, թե պատճառն այն է, որ Աստված նրանց իրերի պես դրել է պահարանում ու մոռացել: Երբ գումարները քիչ են, մարդիկ վախենում են, որ դա կատարվում է, որովհետև իրենք ինչ-որ կերպ հիասթափեցրել են Աստծուն, և Նա հեռացրել է Իր օրհնությունն իրենց կյանքից:
Ինչպե՞ս հակառակ կանգնել այս ստերին
Ի՞նչ անել, եթե տեսնում եք, որ դուք էլ այդ ստերն ընդունել ու հավատացել եք դրանց: Ուղղակի բացեք ձեր շուրթերը, որպեսզի հակառակ կանգնեք դրանց աստվածային ճշմարտությամբ:
Երբ ձեզ թվում է, թե Աստված բարկացած է ձեզ վրա, հռչակեք Բ Կորնթացիս 5.21-ը. «Որովհետև Աստված նրան, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արեց, որ մենք Աստծո արդարությունը լինենք նրանում»:
Երբ համոզված չեք Աստծո սիրո մեջ, հռչակեք Հռոմեացիս 8.38-39. «Որովհետև հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կյանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանություններ, ոչ զորություններ, ոչ ներկա բաներ, ոչ գալու բաներ, և ոչ բարձրություն, ոչ խորություն, և ոչ մեկ ուրիշ ստեղծված բան կարող է մեզ բաժանել Աստծո սերիցը՝ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսումն է»:
Երբ կասկածում եք, թե ինչու Աստված թույլ տվեց, որ դա կատարվի ձեր կյանքում, հռչակեք Հռոմեացիս 8.28-ը. «Բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարին՝ նրանց, որ նախասահմանելովը կանչված են»:
Կարևորը Աստծո Խոսքի ճշմարտությունը պահելն է այն մասին, թե ով է Նա ձեր մտքում և ձեր խոսքերում: Հիշեք՝ ստության հայրը զորություն չունի մի վայրում, ուր ներկա է Հոր ճշմարտությունը:
Քայլ Ուինկլեր