Մի անգամ, երբ դեռահաս էի, ես ու հայրս հերթ էինք կանգնել կրկեսի տոմսեր գնելու համար: Մեր ու գանձապահի միջև կանգնած էր մի ընտանիք: Այս ընտանիքը մեծ տպավորություն թողեց ինձ վրա:Նրանք ունեին 8 երեխա՝ հավանաբար մինչև 12 տարեկան: Նրանց հագնվելու ձևից կարելի էր հասկանալ, որ նրանք շատ փող չունեն, բայց նրանց հագուստը կոկիկ ու մաքուր էր:Երեխաները իրենց լավ էին պահում, բոլորը հերթ էին կանգնել երկու -երկու ծնողների թիկունքում: Նրանք ոգևորված խոսում էին ծաղրածուների, կենդանիների, այն ամենի մասին, ինչ նրանք պատրաստվում էին տեսնել այդ երեկո։ Նրանց հուզմունքից պարզ դարձավ, որ նրանք նախկինում չէին եղել կրկեսում։ Հայրն ու մայրը հպարտ կանգնած էին տոմսարկղի մոտ։ Տոմսավաճառը մարդուն հարցրեց, թե քանի տոմս է ուզում: Նա հպարտորեն պատասխանեց. «Ես ուզում եմ ութ տոմս գնել երեխաների համար և երկու տոմս մեծահասակների համար»: Տոմսավաճառն ասաց գինը:Տղամարդը գլուխը կախեց: Հետո նա մի փոքր էլ կռացավ և հարցրեց.

- Որքա՞ն ասացիք։

Տոմսավաճառը կրկին գինն ասաց: Սակայն նա բավարար գումար չուներ: Ինչպե՞ս կարող էր նա շրջվել ու իր ութ երեխաներին ասել, որ կրկես գնալու համար բավական գումար չունի: Տեսնելով, թե ինչ է կատարվում՝ հայրս ձեռքը տարավ գրպանը, հանեց 20 դոլարանոց թղթադրամը և գցեց հատակին: Այնուհետև հայրս կռացավ, վերցրեց 20 դոլարանոց թղթադրամը, հարվածեց այդ մարդու ուսին և ասաց. «Կներեք, պարո՛ն, սա ձեր գրպանից է ընկել»: Նա քարացել էր, քիչ անց ասաց.

-Շնորհակալությո՜ւն, շնորհակալություն, պարո՛ն: Դա իսկապես շատ բան է նշանակում ինձ և իմ ընտանիքի համար:

Ես և հայրս վերադարձանք մեքենա և գնացինք տուն: 20 դոլարով, որը հայրս տվեց այն մարդուն, մենք պատրաստվում էինք տոմսեր գնել մեզ համար: Թեև այդ գիշեր կրկեսը չկարողացանք տեսնել, բայց երկուսս էլ մեր մեջ զգացինք մի ուրախություն, որն ավելի մեծ էր, քան որ կրկեսը երբևէ կարող էր ապահովել: Այդ օրը ես սովորեցի նվիրելու արժեքը: Տվողն ավելին է, քան՝ Ստացողը: Եթե ​​ցանկանում եք լինել ավելի մեծ, քան՝ կյանքը, սովորե՛ք տալ: Սերը ոչ մի կապ չունի այն բանի հետ, ինչ դուք ակնկալում եք ստանալ, այլ միայն այն, ինչ ակնկալում եք տալ, և վե՛րջ:Ուրիշներին տալու և օրհնելու կարևորությունը չի կարելի գերագնահատել, քանի որ տալը միշտ ուրախություն է պարունակում: Սովորե՛ք երջանկացնել մեկին տալով:

Օդրի Հեփբերն

Թարգմանեց Արմինե Աբրահամյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.