Վիշտը և ուրախությունը՝ միատեղ
Տրտմածների պես ու միշտ ուրախ ենք: Բ.Կորնթ. 6.10
«Վիշտը» գեղեցիկ էր, բայց նրա գեղեցկությունը նմանվում էր գիշերվա մթին ծառերի մեջից փայլող լուսնի շողերին: Երբ նա երգում էր, նրա ձայնը նման էր սոխակի անուշ ձայնին, սակայն նրա աչքերը այնքան տխուր էին, որ կարծես նա այլեւս ոչ մի հույս ու պատճառ չուներ ուրախանալու: Նա կարողանում էր բաժնեկցել ուրիշների վիշտն ու արցունքը, սակայն տակավին անծանոթ էր ուրիշների ուրախությամբ երջանկանալու զգացումին:
«Ուրախությունն» էլ էր գեղեցիկ, ու նրա գեղեցկությունը նման էր ամռան պայծառ արշալույսին: Նրա աչքերը տակավին պահում էին մանկության օրերի ժպիտը, եւ իր մազերը կարծես դեռ ունեին արեւի շողերի համբյուրը: Ու երբ երգում էր, նրա ձայնը նմանվում էր արտույտի կանչին:
Վիշտը ասաց նրան. «Մենք երբեք չենք կարող միաբանվել»:
«Ո՛չ, երբե՛ք»,-պատասխանեց Ուրախությունը, նրա վրա նետելով մի տխուր նայվածք,-իմ ճանապարհը ընթանում է արեւաշող մարգագետինների, անուշաբույր վարդերով լեցուն պուրակների եւ բազմատեսակ թռչունների երգերով լի վայրերով»:
Մի քիչ ընկրկելով Վիշտը ասաց.«Իմ ճանապարհն անցնում է մութ անտառներով, որտեղ իմ ձեռքերը գտնում են միայն լուսնի լույսով աճող ծաղիկներ: Բայց այնտեղ եմ լսում աշխարհի ամենաքաղցր երգերը, որոնք լսվում են միայն գիշերային խավարի մեջ»:
Ու մինչ նրանք վիճում էին, նրանց մոտ գնաց վեհափառ, արքայական մի Սուրբ Ներկայություն, ով նվիրական երկյուղով լցրեց նրանց եւ ստիպեց նրանց ծնկի գալ Իր առջեւ:
-Ես Նրան տեսնում եմ որպես Ուրախության Թագավոր,-ասաց Վիշտը, որովհետեւ Նրա գլխին շատ թագեր կան եւ ձեռքերին ու ոտքերին հաղթության սպիներ:
-ՈՒ ես, - ասաց Ուրախությունը, այդ սպիների մեջ տեսնում եմ խոր տառապանք եւ Նրա հետ տառապելը ավելի քաղցր եմ տեսնում, քան իմ վայելած որեւէ մեկ ուրախություն:
Ո՞վ կարող էր այս երկուսին միացնել, եթե ոչ նույն Ինքը՝ Քրիստոսը: Եվ Վիշտն ու Ուրախությունը ձեռք ձեռքի տված քայլեցին արեւի եւ անձրեւի, ձմռան եւ գարնան միջով:
«Վտակներ անապատի մեջ» գրքից