Հայ քրիստոնյաները սգում եւ ապաստան են փնտրում, մինչ սահմանը բռնկված է պատերազմով...

Հովիվ Վազգեն Զոհրաբյանը կանգնած էր Աբովյան քաղաքի եկեղեցու դիմաց: Հոկտեմբերյան այդ օրը նրա հետեւում խաղում էին երեխաները, իսկ իրենց առջեւ լուսավորված շագանակագույն խաչն էր: Այդ պահին երեք երեխա վազեցին խաղալով ու ծիծաղելով: «Ես այնքան ուրախ եմ տեսնել նրանց ժպտացող դեմքերը»,- ասաց նա:

2000-ից ավելի կանայք եւ երեխաներ փախել են Արցախից, քանի որ սեպտեմբերի 27-ին վերսկսվեցին մարտերը:

Հայաստանի 40,000 բնակիչ ունեցող Աբովյան քաղաքը Լեռնային Ղարաբաղից մոտ 200 մղոն հեռավորության վրա է: Զոհրաբյանն հյուրընկալել է 100 մարդկանց, ովքեր քնում են եկեղեցու ներսում, սնվում եւ ապահովվում հագուստով:

Ադրբեջանը օդային հարձակումներ եւ հրետանային հարվածներ է հասցրել Լեռնային Ղարաբաղի վրա, ըստ հայկական պաշտոնական տվյալների, մինչդեռ Ադրբեջանը պնդում է, որ դա պարզապես «հակահարձակում է՝ ի պատասխան ռազմական սադրանքի»:

Լեռնային Ղարաբաղը, որը մոտավորապես Դելավեր քաղաքի մեծության է, հաղորդում է մեկ ամսվա մարտերի ընթացքում զոհված ավելի քան 700 զինծառայողի, ինչպես նաեւ առնվազն 36 խաղաղ բնակչի մահվան մասին: Առնվազն 60 խաղաղ բնակիչ է զոհվել Ադրբեջանում, իսկ ռազմական զոհերի մասին այդպես էլ պաշտոնական տվյալ չի հաղորդվել։

Դեպի ծով ելք չունեցող Հայաստանը, որը կամրջում է Ասիան եւ Եվրոպան, սահմաններ ունի Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի, իսկ հարավում՝ Իրանի հետ: Դեռ դարեր առաջ՝ մինչ Խորհրդային Միությանը միանալը, Հայաստանն առաջին երկիրն էր, որը քրիստոնեությունը դարձրեց իր պետական կրոնը՝ 301 թվականին: Չնայած դարավոր օտարերկրյա կրոնափոխման արշավանքներին՝ բնակչության գրեթե 100 տոկոսը դավանում է քրիստոնեություն:

1920թ.-ին Ստալինի հրամանագրով Լեռնային Ղարաբաղի այժմյան վիճելի հայկական շրջանը կտրվեց Հայաստանից՝ միանալով Ադրբեջանին: Խորհրդային Միության փլուզումից հետո Ղարաբաղում հայերը հռչակեցին անկախություն 1991թ.՝ տարածքն անվանելով Արցախ: Բայց Արցախը չկարողացավ ձեռք բերել պետականություն, եւ անհրաժեշտ էր միջազգային ճանաչում: Սառը պատերազմից հետո սկսվեց զինված բախում, որը հազարավոր մարդկանց կյանք խլեց մինչեւ 1994թ. հրադադարը:

Այժմ ընթացող մարտերը ամենաընդլայնվածն են այդ ժամանակվանից ի վեր: Հայաստանն ու Ադրբեջանը ռազմական դրություն են հայտարարել՝ թիրախավորելով նաեւ քաղաքացիական բնակավայրերը: Թուրքիան այժմ բացահայտորեն սատարում է Ադրբեջանին՝ մտավախություն առաջացնելով ավելի մեծ տարածաշրջանային հակամարտության:

Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական համայնքները կրում են ճգնաժամի հիմնական բեռը: Եկեղեցու առաջնորդները հայտնում են, որ մարտերը ոչնչացրել են առնվազն 6000 տուն Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում: Հրթիռներն ու հրետանային կրակները հարվածել են եկեղեցիներին, դպրոցական շենքերին եւ հիվանդանոցներին:

Հովիվ Զոհրաբյանի առաջնորդած Աբովյան քաղաքի եկեղեցու միսիոներական ծառայությունը ուղեւորվել էր Լեռնային Ղարաբաղ՝ մարտերի բռնկումից մեկ շաբաթ առաջ: Երբ օդային գրոհները սկսվեցին, Զոհրաբյանը խնդրեց միսիոներներին տեղյակ պահել տեղացիներին, որ Աբովյան քաղաքի ավետարանական եկեղեցու դռները բաց են նրանց առաջ:

Նա սպասում էր, որ այդ գիշեր երկու ընտանիք էր ժամանելու եկեղեցի: Սակայն միայն մեկ մեքենա ժամանեց: Կենդանի մնացածները չափազանց հուզված էին, եւ միայն հաջորդ առավոտյան, զսպելով արցունքները, բացատրեցին, որ անօդաչու սարքը հարվածել է մյուս մեքենային:

Զոհրաբյանը նրանց հանգստացրել է, որ իրենք անվտանգ վայրում են: Բայց օրեր անց' հոկտեմբերի 1-ին, անօդաչու թռչող սարք է ոչնչացվել նաեւ Աբովյան քաղաքում:

Փախստական ընտանիքները տեղափոխվեցին եկեղեցու նկուղ, իսկ երեխաները սկսեցին լաց լինել: Շատերը չէին ցանկանում դուրս գալ մաքուր օդի: Մենք նրանց ասացինք. «Դուք այստեղ ապահով վայրում եք, կարիք չկա անհանգստանալու»:

Հայաստանի այլ եկեղեցիներ նույնպես ընդունում են հազարավոր փախստականների: Աբովյանից 74 մղոն հեռավորության վրա՝ Վանաձոր քաղաքում, Լեռնային Ղարաբաղից ավելի քան 2000 հայ է տեղափոխվել, - ասաց Ավետարանական Հավատքի Քրիստոնյաների եկեղեցու նախագահ, հովիվ Ռաֆայել Գրիգորյանը:

«Փախստականների համայնքն ավելի ու ավելի է աճում», - ասաց Գրիգորյանը։ Նրա առաջնորդած եկեղեցին փախստականներին առաջարկում է հագուստ եւ սնունդ: Այն նաեւ ստեղծել է հավաքակայաններ ամբողջ քաղաքում, որտեղ մարդիկ կարող են նյութական իրերով աջակցել: Տեղի կառավարությունը փախստականների համար հատկացրել է հյուրանոցներ, ճամբարային տարածքներ եւ այլ բնակարաններ, - հավելեց նա:

Չնայած ցուցաբերված օգնությանը՝ պատերազմի պատկերը մնում է անփոփոխ՝ որդիների, հայրերի եւ հարազատների մարմինները շարունակում են ռազմաճակատից «ժամանել»...

Վարդուհի Գրիգորյանը, ով Գյումրիում է եղել, սրտի ցավ է զգացել, երբ սեպտեմբերի 29-ին որդու ընկերոջից ստացել է տեքստային հաղորդագրություն. «Դու ուժեղ մարդ ես եւ շատ հզոր»:

Նախորդ գիշերը նա ծնկի էր եկել եկեղեցում աղոթելու իր 26-ամյա սպա որդու՝ Վարդգես Մինասյանի համար: Երբ նա կարդաց հաղորդագրությունը, հասկացավ, որ որդին զոհվել է մարտում:

Վարդուհին իմացավ, որ որդին իր զրահապաշտպան բաճկոնը նվիրել է ավելի երիտասարդ մի զինվորի, երբ նրանք գնացել են բերելու ընկած ծառայակիցների մարմինները: Նա միակ անձն է եղել իր ընկերներից, ով չի կարողացել փրկվել հարձակման ժամանակ:

Վարդուհին չի զարմացել իր որդու արարքից: Նա նկարագրեց նրան որպես բարության եւ խաղաղության խորհրդանիշ՝ հիշելով, որ նա դարձել է մկրտվող հինգ երիտասարդ զինվորների կնքահայրը:

«Նա միշտ պաշտպանում էր այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեին», - ասաց Վարդուհին: «Կարեւոր է, որ նրա անունը պատմության մեջ մնա, քանի որ նա հերոս է»:

Արցախին բաժին է հասել հարուստ հոգեւոր ժառանգություն. այստեղ եկեղեցիներն ու վանքերը կառուցվել են դեռ վաղ քրիստոնյա ժամանակներից:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը ռմբակոծեց Շուշի քաղաքի Ղազանչեցոց տաճարը: Արկը մեծ անցք բացեց եկեղեցու գմբեթին եւ բեկորներով պատեց եկեղեցու վնասված հատակն ու նստարանները:

Զոհրաբյանն ասաց, որ ինքը տեղեկություն է ստացել այն մասին, որ Ստեփանակերտում ավետարանական եկեղեցին «ամբողջովին ավերվել է»: Հարձակումները վնասել են նաեւ մկրտական եւ տարածաշրջանի այլ դավանանքներին պատկանող մի քանի այլ եկեղեցիներ, - ավելացրեց Ռաֆայել Գրիգորյանը:

«Այնտեղ մենք ունենք առաջին դարի քրիստոնեական համալիրներ», - ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Այս հարձակումները կոչված են ահաբեկել բնակչությանը՝ նրանց ստիպելու փախչել կամ հուսահատվել»:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ անհանգստություն է առաջացնում տարածաշրջանային ավելի լայն հակամարտության եւ էթնիկական զտումների: Հայաստանը հաղորդում է, որ սեպտեմբերի 29-ին թուրքական F-16 կործանիչը խոցել է իր ինքնաթիռներից մեկը, իսկ արբանյակային պատկերները ցույց են տվել առնվազն երկու թուրքական F-16 եւ բեռնատար ինքնաթիռ Ադրբեջանի Գյանջա օդանավակայանում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքում է իր մասնակցությունը մարտերին, սակայն ֆրանսիական հետախուզությունը հաստատել է, որ Թուրքիան հարյուրավոր մարտիկներ է տեղափոխել Ադրբեջան: Դրանց մեջ կա առնվազն 300 սիրիացի մարտիկ, ովքեր կապված են Հալեպի ջիհադիստական խմբավորումների հետ։

Ռուսաստանը ռազմակայան է պահպանում Հայաստանում եւ ըստ ԵԱՀԿ միության՝ կարող է ապահովել Հայաստանին աջակցություն, եթե առաջանա անվտանգության սպառնալիք: Միեւնույն ժամանակ Մոսկվան քաղաքական եւ տնտեսական կապեր է պահպանում նաեւ նավթով հարուստ Ադրբեջանի հետ:

«Անհասկանալի է, թե որքանով է Պուտինը շահագրգռված ելք գտնելու հարցում, սակայն ակնհայտ է, որ շահագրգռված չէ հակամարտության սրացմամբ, քանզի այն ճնշում է գործադրում, որպեսզի նա միջամտի Հայաստանի անունից», - հաղորդել է Միջազգային ճգնաժամային խումբը հակամարտության հոկտեմբերյան ակնարկում:

Թուրքիայի հայերը Թուրքիայի միջամտությունը համարում են օսմանյան թուրքերի կողմից իրականացված ջարդի շարունակություն, որն Առաջին աշխարհամարտի ընթացքում ցեղասպանեց 1,5 միլիոն հայերի:

Հայերը, ովքեր մնում են Թուրքիայում, հայտնում են աճող սպառնալիքների եւ չարաշահումների, հակահայկական ցույցերի մասին: Սեպտեմբերի 29-ին Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող Հասակա քաղաքի հայկական եկեղեցու վրա նետված նռնակը վիրավորեց երկու մարդու: Սիրիայի հյուսիս-արեւելքում բնակվող հայերը բախվել են Թուրքիայի դաշնակից մարտիկների սպառնալիքներին: Անցյալ տարի էլ երկու հայտնի հայ կաթոլիկ քահանաներ՝ հայր եւ որդի, հրացանով սպանվեցին:

«Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են հետ բերել Օսմանյան կայսրությունը եւ հաստատել իրենց իսլամական իշխանությունն ամբողջ տարածքում», - ասաց Ավետարանական քրիստոնեական եկեղեցու հովիվ Գրիգորյանը:

Իսլամական ջիհադիստ մարտիկների տեղակայումը հայ քրիստոնյաների վրա հարձակման համար ավելի է սրում այն, ինչը շատերը համարում են հակամարտություն տարածաշրջանի համար, - ասաց ԱՄՆ նախկին դեսպան Քերի Քավանոն:

Հովիվ Զոհրաբյանը ասաց, որ ինքը եւ մյուսները առցանց տեսել են բազմաթիվ տեսանյութեր այն մասին, թե ինչպես են իսլամիստները Սիրիայից, Պակիստանից եւ Աֆղանստանից սպառնում ընտանիքներին՝ սպանել եւ ավերել իրենց քաղաքները: «Ես կասկած չունեմ, որ այդ զորքերը դուրս կգան Ադրբեջանի կառավարության վերահսկողությունից եւ մեծ խնդիր կլինեն ադրբեջանական ազգի, Իրանի, հյուսիսային Կովկասի տարածաշրջանի, Ռուսաստանի եւ Վրաստանի համար», - ասաց նա:

Օսմանյան կայսրությունը 16-րդ դարում զավթել է արեւմտյան Հայաստանը: Բոլորովին վերջերս էլ Թուրքիան թանգարանից մզկիթի վերածեց Հաագայի «Սոֆիա» հնագույն քրիստոնեական եկեղեցին:

«Իրականում վախ կա, որ նոր ցեղասպանության մտադրություններ կարող են լինել», - ասաց բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ Բրիտանական Լորդերի պալատի անդամը:

Քոքսը բացատրեց, որ Լեռնային Ղարաբաղը «խորը, խորապես պատմական հայկական հող է» եւ խնդրեց քրիստոնյաներին ճնշել քաղաքական առաջնորդներին՝ ստիպելու Թուրքիային եւ Ադրբեջանին զինադադարի ռեժիմ հաստատելու. «Սպասելու ժամանակ այլեւս չկա»:

Արեւմտյան տերությունները երկար ժամանակ դեր էին խաղում անջատ հանրապետությունների փոքրամասնությունների կրոնական եւ էթնիկական իրավունքները պաշտպանելու գործում, այդ թվում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի: Այս անգամ անհասկանալի է՝ արդյո՞ք ՆԱՏՕ-ի այնպիսի ուժեր, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ֆրանսիան կամ Բրիտանիան, կմիջամտեն հակամարտության դադարեցմանը: Մոտ կես միլիոն հայեր են ապրում Միացյալ Նահանգներում. նրանցից շատերը՝ Թուրքիայի իրագործած հայկական ցեղասպանության վերապրածների հետնորդներ են:

Հոկտեմբերի 4-ին Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության միջկառավարական կազմակերպության հայտարարության մեջ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան դատապարտեցին աճող բռնությունը: Կանադան դադարեցրել է անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա այն լուրերի պատճառով, որ Ադրբեջանն օգտագործել է այդ սարքավորումները հայկական ուժերի դեմ պայքարում: Նա ասաց, որ ԱՄՆ-ն նույնպես պետք է դադարեցնի ռազմական օգնությունը Թուրքիային եւ Ադրբեջանին:

Լոս Անջելեսում, որտեղ ապրում է ամենամեծ հայկական սփյուռքը, հազարավոր մարդիկ դրոշներ ու պաստառներ էին թափահարում Թուրքիայի հյուպատոսության շենքի առջեւ՝ խաղաղություն պահանջելով: Ցուցարարները հավաքվել էին նաեւ Ադրբեջանի հյուպատոսության մոտ: Նմանատիպ երթեր տեղի ունեցան նաեւ Բոստոնում եւ Նյու Յորքում:

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին եւ ամերիկահայ բնակչություն ունեցող այլ քաղաքների քաղաքապետեր հոկտեմբերի 9-ի նամակում հորդորել են պետքարտուղար Մայք Պոմպեոյին ղեկավարել բանակցություն Թուրքիայի՝ տարածաշրջանից դուրս գալու համար:

ԲԱՅՑ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ Հայաստանում փորձում են փախստականներին նախապատրաստել երկարատեւ հակամարտության: Հովիվ Զոհրաբյանը հորդորում է փախստական ծնողներին իրենց երեխաներին դպրոց տանել Աբովյան քաղաքում, բայց շատերն ասում են, որ նրանք դա չեն անի, քանի որ շուտով պատրաստվում են տուն վերադառնալ: Նրանք չեն գիտակցում, թե հոկտեմբերյան մարտերից հետո իրենց համայնքների ավերածությունն ինչքան մեծ է, - ասաց Զոհրաբյանը:

Նա մտածում է գալիք ձմռանն ընդառաջ կենտրոնանալ ընտանիքների կարիքների ապահովման վրա: Ոչ մի միջազգային մարդասիրական օգնություն չի հասել նրանց համայնք, բայց նա շարունակում է օգնություն ստանալ եկեղեցու անդամներից եւ ընկերներից:

«Մենք մեր հույսը չենք կորցնում», - ասաց Զոհրաբյանը: «Մենք այստեղ ենք մեր տարածաշրջանում իրական քրիստոնեության ներկայացուցիչներ լինելու համար»:

Աղբյուրը՝ world.wng.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.