Ո՞ւմ ես դու նման
«Դուք նման եք ձեր մայրիկին, երբ նա ձեր տարիքին էր»,-ընտանիքի անդամները ինձ հաճախ էին ասում այս նախադասությունը, բայց ես չէի հավատում նրանց: Հետո մի օր մայրիկս իր ութերորդ դասարանի նկարներից գտավ և հուզմունքով այն բերեց իմ սենյակ՝ ինձ ցույց տալու: Տեսնելով նրա փոքրիկ կառուցվածքը, շեկ մազերը՝ ես այն զգացողությունն ունեի, որ կարծես հայելու մեջ եմ նայում, ոչ թե նկարի: Մենք կարիք չունենք նմանվելու մեր ծնողներին, այսպես թե այնպես մենք ինքնաբերաբար ժառանգում ենք նրանցից շատ հատկություններ՝ գուցե հայրիկի քիթը, մայրիկի աչքերը և այլն: Իսկ որքանո՞վ եմ ես նման իմ երկնային Հորը: Երբ մարդիկ նայում են ինձ, արդյո՞ք ինձ տեսնում են որպես իմ երկնային Հոր զավակ: Աստծո խոսքում ասվում է, որ կա մի բան, որը մատնացույց է անում մեզ՝ որպես Քրիստոսի հետևորդի՝ մեր սերը.
«Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ դուք միմյանց սիրեք. Ինչպես Ես ձեզ սիրեցի, դուք էլ նույնպես միմյանց սիրեք: Սրանով բոլոր մարդիկ պիտի իմանան, թե դուք Իմ աշակերտներն եք, եթե դուք իրար համար սեր ունենաք» (Հովհ. 13.34-35):
Մարդիկ մեզ կճանաչեն որպես քրիստոնյա, եթե մեր կյանքը արտացոլի մեր Հոր սերը: Ինչի՞ է նման այդ սերը: Դժվար իրավիճակներում այն հանգստանում է Աստծո խաղաղության մեջ: Փոխանակ վրեժ լուծելու և զայրանալու՝ այն ներում է մեր թշնամիներին և աղոթում նրանց համար: Այն բարի և համբերող է ուրիշների նկատմամբ, նույնիսկ եթե նրանք այդպիսին չեն: Այն ուրիշների կարիքները մեր առջև է բերում՝ դարձնելով մերը:
Ա Կորթ. 13-րդ գլուխը պարզ պատկերում է գործնական սերը. «Սերը համբերող է, բարի է, սերը չի նախանձում, սերը չի գոռոզանում, չի հպարտանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, հեշտությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության համար, ամեն բան կրում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի հույս ունի, ամեն բանի համբերում է» (Ա Կորթ. 13.4-7 ):
Երբ մենք հենց այսպիսի սեր ենք ցույց տալիս, մարդիկ սկսում են նկատել այդ որակները, քանզի դրանք աշխարհին բնորոշ պատասխաններ և վարվելաձև չեն: Այս վարքագիծը չի բխում մեր մեղավոր բնույթից: Ինքնուրույն մենք երբեք չենք կարողանա սիրել մարդկանց Աստծո նման: Այս տեսակի սերը միայն կարող է գալ Սուրբ Հոգուց:
Երբ մենք մարդկանց սկսում ենք սիրել Քրիստոսի նման, մենք սկսում ենք ավելի շատ նմանվել Նրան: Արդյոք մարդիկ իմ կյանքի մեջ, իմ գործողությունների մեջ, իմ նեղությունների ու ուրախությունների մեջ տեսնո՞ւմ են Հիսուսին: Եկեք փորձենք ապրել այնպես, որ մարդիկ ասեն. «Դու նման ես քո Երկնային Հորը»:
Հեղինակ՝ Բելինդա Էլիոթ
Աղբյուրը՝ cbn.com
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը
Սրբագրեց Աշխեն Պետրոսյանը