Եղել են ժամանակներ, որ պայքարներ եմ ունեցել ինքս ինձ հետ կամ զգացել, որ մյուսները չեն հասկացել իմ ծառայության արժեքը: Բայց, երբ պայքարն իրական էր, ակնհայտ դարձավ, որ նշանակություն չունի մարդկանց կարծիքն այս և նման հարցերի շուրջ: Կարևորն այն է, որ դու գիտես և քո կյանքում ապրում ես Աստծո նպատակի մեջ: Երբ դու ընտրում ես ապրել Աստծո նպատակի մեջ, դու կգտնես ուրախություն և երջանկություն անկախ հանգամանքներից, քանի որ ապրում ես նպատակային:

Գտնել նպատակը

Վերջերս եկեղեցում անցկացվեց հարցում, թե որ թեման կլինի ամենահետաքրքրականը կիրակնօրյա պատգամի համար: Մարդկանց մեծամասնությունը պատասխանել էր՝ «գտնել նպատակը» և «ամուսնություն» :

Դու չես կարող ապրել հոգևորապես լիարժեք կյանքով, եթե չես ապրում նպատակային, այլապես կստացվի՝ մարդն աննպատակ է ապրում: Ես համոզվել եմ, որ նպատակային ապրելու անհրաժեշտությունն ավելին է, քան հետազոտությունների արդյունքները կարող են բացահայտել: Մարդիկ ուզում են իմանալ իրենց կյանքի կարևորությունը:

Այո, Աստված գործ ունի քո կյանքում: Հռոմեացիների 8:28-ում ասվում է, որ քո կյանքի յուրաքանչյուր հատվածում Աստված գործ ունի: Աստված գործում է՝ ամեն բան իրար փոխկապակցելով: Նա միշտ ամեն բան ղեկավարում քո կյանքում քո օգտի համար: Աստված բացում է Իր սիրտը բոլորի առաջ, ովքեր մտերիմ են Իր հետ և ջերմորեն սիրում են Իրեն: Նրա մտադրությունն ու կամքը միշտ բարի է և լավագույնն է քեզ համար: Շատ կարևոր է, որ մենք սա խորապես հասկանանք: Այն, ինչ կատարվում է քեզ հետ, միշտ չէ, որ բարի է, բայց Աստված օգտագործում է բոլոր բաները, որ վերջնական արդյունքում քեզ համար լավ լինի:

Աստծո նպատակը քեզ համար

Անկախ նրանից, թե ով ես դու, որտեղ ես և ինչ ես անում, եթե դու քրիստոնյա ես, Աստված միշտ քեզ շարժում է դեպի Իր հավիտենական բարձր նպատակը՝ քեզ դարձնելով Հիսուս Քրիստոսին ավելի նման: Նա ստեղծել է քեզ, որ ապրես քո կյանքը՝ մտքումդ ունենալով Աստծո նպատակը: Դու քեզ միայն այն դեպքում բավարարված կզգաս, երբ իմանաս, որ Աստված միշտ ինքնիշխանորեն և սիրով օգտագործում է քո կյանքում ամեն հնարավոր բան, որ դարձնի քեզ Հիսուս Քրիստոսի նման, Իր փառքի համար:

Ով էլ, որ լինես և ինչ ընթացիկ փորձություններ, որ ունենաս, հետևի՛ր Աստծո նպատակին քո կյանքի համար: Հիմա և ապագայում, մեծ ակնկալիքով հետևի՛ր Աստծո նպատակին, որ կատարվում է քո կյանքում, հույսով հավատա Նրան քո ապագայի համար: Կյանքը հեշտ չէ, այն լի է դժվարություններով: Բոլորի կյանքում էլ վերջնական խոստումն այն է, որ Աստծո հավիտենական նպատակները կիրականան: Այնպես, թե ինչպես ես նայում Աստծուն, կորոշի, թե դու ինչպես ես նայում քո կյանքի բոլոր կողմերին՝ ներառյալ քո խնդիրները, դժվարություններն ու անգամ ձախողումները:

Խնդրում եմ, լավ հասկացի՛ր այս, Աստված կանի այն, ինչ ուզում է անել: Աստված անսասան է: Հետևաբար, մեզնից յուրաքանչյուրը պետք է հայտարարի անձամբ. «Ես հավատում եմ, որ ոչինչ չի խանգարի, որ կատարվի Աստծո ծրագիրն իմ կյանքում: Այո, Աստված կարող է, Նա անսասան է»։

Հեղինակ՝ Ռունի Ֆլոյդ
Աղբյուրը՝ churchleaders.com

Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.