Երբ Սուրբ Հոգին զորությամբ իջնում է…
Երբ Սուրբ Հոգին իջավ 120 աշակերտների վրա Պենտեկոստեի օրը, Նա հայտնվեց երկու կերպ՝ քամու ձայնով և կրակե լեզուներով, որոնք հրաշքով հայտնվեցին աշակերտների գլխի վերևում: Մեզ հայտնի չէ, թե ինչպես եղավ դա. կրակն այդ, բնականաբար, ֆիզիկական չէր, այլապես կայրեր նրանց մազերը: Հավանաբար դա Աստծո Հոգու ներկայության պատկերավոր դրսևորում էր: Բայց, անկասկած, այդ կրակը վկայում է Աստծո սրբության մասին:
Նախքան Հովհաննես Մկրտչի գլխատվելը, նա մարգարեանում է այն մասին, որ Աստված Իր եկեղեցին կլցնի իշխանությամբ և զորությամբ: Նա հռչակում է, որ Հիսուս Քրիստոսը եկեղեցու վրա կթափի Սուրբ Հոգին: Հովհաննեսն ասում է. «Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և կրակով»: Երբ Պենտեկոստեի օրը եկավ, եղավ քամի և կրակ: Իրական Պենտեկոստեն ունենում է այս երկու հատկանիշը:
Մեզ ծանոթ է Սուրբ Հոգու քամին, որը վերջին 50 տարիների ընթացքում բերում է նորոգում եկեղեցում: Մենք վերապրել ենք Սուրբ Հոգու ներկայության մեջ «նորոգման այդ ժամանակները»: Մենք լցվում էինք այդ օծությամբ:
Բայց իրական Պենտեկոստեն միայն քամուց չի բաղկացած: Դա պարզապես աղմուկ ու զգացմունքներ չէ: Հովհաննեսն ասում է, որ Հիսուսը մկրտելու է մեզ ոչ միայն կրակով, այլև զորությամբ: Ի՞նչ է Հոգու կրակը: Դա մաքրագործող կրակն է: Հովհաննես Մկրտիչն ասում է. «Որ հոսելին նրա ձեռքին է, և նա կսրբի իր կալը և իր ցորենը կհավաքի շտեմարանը, իսկ հարդը կայրի անանցանելի կրակով» (Մաթևոս 3.12):
Երբ խոսքը գնում է Պենտեկոստեի մասին, սրբությունը երկրորդական հարց չէ: Դա Սուրբ Հոգու աշխատանքի բնույթն է: Երբ Նա գալիս է զորությամբ, նա այրում է ամեն մեղք մեր կյանքում: Նա հանդիմանում է՝ քննելով մեր սրտի շարժառիթները, վերացնում ամեն չներում և կոտրում մեր հպարտությունը:
Մեր խնդիրը նրանում է, որ մենք Գործք Առաքելոց 2-րդ գլխում կատարվածը որպես տոն ենք ընկալում: Մենք ցանկանում ենք աղմուկ, լեզուներով աղոթք, բայց չենք ցանկանում Աստծո երկյուղը և Նրա սրբության ազդեցությունից եկող մեղքերի հանդիմանությունը: Նա ցանկանում է դեպի խորություն տանել մեզ, մինչդեռ մենք վախենում ենք տրվել Նրա ձեռքերի մեջ և ընդդիմանում ենք, երբ Հոգին իջնում է մեզ վրա, որպեսզի այրի մեր եսասիրությունը:
Պատրա՞ստ եք արդյոք թույլ տալ Աստծուն՝ մաքրելու ձեզ, անգամ ձեր անձի ամենաքողարկված վայրերը: Պատկերացրեք, որ մի տանը ապրում եք 24 տարի և պատրաստվում եք տեղափոխվել: Իրերը հավաքելն ու տունը կարգի բերելը հեշտ գործեր չեն: Իսկ հիմա պատկերացրեք, որ մի կողմ եք հրում սառնարանը. այն նույն տեղում կանգնած է եղել տարիներ շարունակ: Հատակին կեղտի, կերակուրի հետքեր են, մազակալներ և այլ հին իրեր: Այս ամենը կարգի բերելու համար պետք է մաքրել ամեն բան, և դա կպահանջի որոշակի ժամանակ և ուժեր:
Սարսափելի է մտածել, որ մեր ներսում էլ կան այդպիսի տեղեր, որոնք մաքրման կարիք ունեն: Երբեմն մեր գաղտնի մեղքերը թաքցնում ենք սրտի պահարաններում: Բայց երբ Սուրբ Հոգին զորությամբ իջնում է, այն մաքրում է մեզ ամեն տեսակ կեղտերից: Այն տեղաշարժում է ձեր ներսի «կահույքը», որ մաքրի ամեն վիրավորանքից, բարկությունից, ամոթից, որևէ կախվածություններից և ամեն ինչից, ինչ բաժանում է մեզ Աստծուց: Ես կոչ եմ անում ձեզ բացել ձեր սիրտը Սուրբ Հոգու կրակի համար:
Ջ. Լի Գրեյդի
Աղբյուրը՝ CrossNews.am