Ճիշտ բանն անել ճիշտ ձևով
Ինձ համար զարմանալի է, որ Նոր Կտակարանում շատ տեղեկություն չկա Հովսեփի մասին: Հովսեփի լռությունն ու քչախոսությունը ապացույցն է այն բանի, որ շատ ժամանակ մեր արարքները կարող են ավելի կարևոր լինել, քան մեր խոսքերը: Կարծում եմ մենք բոլորս տեղ ունենք նրանից սովորելու: Այսօր մենք ապրում ենք աղմկոտ, տարակարծիք, սկանդալային ու քննադատ հասարակությունում, որտեղ կարիք կա լինելու Հովսեփի նման, նրանից օրինակ վերցնելու, որ մարդու բնավորությունն ու գործերը շատ ավելին արժեն, քան կարծում ենք:
Հիսուսի ծնունդի պատմության նախաբանը շատ գեղեցիկ է թվում, Մարիամի ու Հովսեփի հարաբերությունները՝ շատ պարզ, ռոմանտիկ ու մաքուր: Բայց արդյոք իրականությունն այդպե՞ս էր: Գրված է, որ Մարիամը նշանված էր Հովսեփի հետ, ինչն այդ օրերում բավականին լուրջ քայլ էր, քան՝ ընդամենը ինչ-որ տղամարդու առաջարկությանն «այո՛» ասելը։
Այն ծրագրված էր տարիներով, և երկու կողմի ծնողներն էլ ներգրավված էին լինում այդ ամենինն թե՛ ֆինանսական, թե՛ երիտասարդների միջև եղած ուխտի առումով: Հրեաների օրենքով Մարիամն այդ ժամանակ արդեն իսկ պատկանում էր Հովսեփին․ կարելի է ասել՝ նրանք տեխնիկապես ամուսնացած էին: Այդ իսկ պատճառով Հովսեփն Աստվածաշնչի այդ հատվածում արդեն իսկ անվանվում է որպես ամուսին, թեև նրանք դեռ իրար ամուսնության երդում չէին տվել և իրար հետ ֆիզիկական միասնություն դեռ չէին ունեցել:
Այստեղ տեսնում ենք, որ Հովսեփը գտել է իր երազանքների աղջկան: Որպես հյուսն՝ հավանաբար նա ծրագրավորող մարդ էր և արդեն իսկ ամեն բան պլանավորած կլիներ Մարիամի հետ իրեն սպասվող ապագայի համար: Գուցե մտածում էր, թե ինչ տուն պետք է կառուցի, և ամեն բան հենց իր ուզածով էլ գնում էր, մինչև ինչ-որ բան տեղի ունեցավ:
Այդպես է․ մենք կազմում ենք մեր պլանները, բայց Աստված հաստատում է մեր քայլերը: Հանկարծ Մարիամը որոշում է գնալ իր ազգականներին հյուր և երեք ամիս հետո վերադառնալով՝ հայտնում է, որ երեխայի է սպասում և ասում. «Մի՛ անհանգստացիր, ես ամեն բան կբացատրեմ: Երեխան Սուրբ Հոգուց է: Հրեշտակն ինձ հայտնվեց և ասաց, որ ինձ հետ այսպիսի հրաշք տեղի կունենա»: Կարելի՞ է արդյոք պատկերացնել այդ պահին Հովսեփի զայրույթը, շփոթությունը, հիասթափությունն ու կասկածները. «Ինչպե՞ս կարող էր նա ինձ հետ այդպես վարվել, ինչպե՞ս կարող էր անհավատարիմ գտնվել իմ հանդեպ, այդ ամենը փորձել կոծկել Մեսիայի պատմության զարմանահրաշ մտահղացմամբ և սպասել, որ ես կընդունեմ դա»: Սա մեծ հարված էր Հովսեփի համար․ նրա ողջ կյանքը քաոսի վերածվեց, նրա բոլոր հույսերն ու երազանքները հավասարվեցին հողին, թեև իրականում մենք գիտենք, որ Մարիամը ոչ մի սխալ բան չէր արել, և այդ ամբողջը Աստծո ծրագրի մի մասն էր:
Նմանատիպ իրավիճակներ մեզ հետ նույնպես կարող են տեղի ունենալ: Բայց ինչպե՞ս սրան արձագանքեց Հովսեփը: Նա որոշեց ճիշտ բանն անել ճիշտ ձևով:
Եկե՛ք մի պահ մտածենք, թե ո՞րն է ճիշտ քայլն այս իրավիճակում և առհասարակ որտեղ է հատվում «ճիշտ» և «սխալ», «արդար» և «անարդար» սահմանը: Գրքում նշվում է, որ Հովսեփը արդար մարդ էր, ինչը նշանակում է, որ նա ուներ հեղինակություն ճիշտ որոշումներ կայացնելու, անգամ երբ շատ դժվար էր: Իսկ սա կրկնակի դժվար իրավիճակ էր: Բայց անկախ նրանից, թե ինչքան ծանր ու անարդար էր իրավիճակը, որում հայտնվել էր, նա պարտավորվեց արդար քայլ կատարել: Երբ կյանքը չի գնում ինչպես պլանավորված է, հարց է առաջանում. «Աստված ի՞նչ է ուզում ինձնից»: Իսկ Աստված մեզնից միշտ սպասում է, որ անկախ ամեն բանից մենք ճիշտ քայլ կատարենք: Հովսեփի դեպքում նա որոշեց Մարիամին իր բարությունը ցույց տալ՝ չուզենալով ամաչեցնել նրան և ամեն բան գաղտնի անել: Այստեղ Հովսեփի մեջ մենք տեսնում ենք Հիսուսին, ով արդար էր, բայց չուզեց մեզ թողնել ամոթի մեջ և իր վրա վերցրեց մեր սխալները: Սա այն սերն է, որը ծածկում է բացահայտված մեղքը: Իսկ Աստված ասում է, որ եթե չսիրենք, ոչինչ ենք: Այստեղ մեր հարցերի բանալին է. ցանկացած բան, որ մենք չենք անում սիրով և սիրուց դրդված, ոչինչ է: Սա է իմաստը ճշտի և սխալի միջև Աստծո առաջ: Աստված ուզում է, որ մենք ճիշտ քայլ անենք:
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը
Աղբյուրը՝ https://www.preachingtoday.com/sermons/sermons/2022/november/doing-right-thing-in-right-way.html?fbclid=IwAR0ck_B7eemmxLzUE5pDBy-7Vqbg4JrGzhMVigrxbv0VaQjrmo8v9rvgozg