8 աղոթք, երբ չես կարողանում քնել
Շատ հաճախ, երբ արթնանում ենք կեսգիշերին, անհանգստությունը, վախն ու պայքարը ճնշում են, և խաղաղությունը հեռու է թվում։ Պարզ մտածելն անգամ դժվար է թվում. չափազանց շատ մտքերն ու զգացմունքները պտտվում են մթության մեջ։ Եվ հենց այս պահերին է, որ ամենից շատ կարիք ունենք աղոթելու. երբ հազիվ ենք բառեր գտնում։
Աստված գիտի։ Նա հասկանում է։ Նա մոտ է։
Նրա խոսքերը կենդանի են, գործող և զորեղ։ Դրանք միակ բանն են, որ կարող են խաղաղություն տալ մեզ այս կյանքում` լինի ցերեկ, թե՝ մութ գիշեր։ Եթե արթնացել եք և պայքարում եք քնի հետ կեսգիշերին, ահա 8 զորավոր համարներ և աղոթքներ, որ կօգնեն քեզ միտքդ ու սիրտդ ուղղել Աստծո վրա։
«Անշուշտ, պետք է հիշել, որ աղոթքները անգիր արված բառեր չեն և ոչ էլ՝ հատուկ տեքստեր: Աստված պատրաստ է լսել յուրաքանչյուրիս սրտի աղաղակը: Ներկայացվածը պարզապես հեղինակի անձնական փորձառությունն է և առաջարկը՝ աղոթքի մեջ փնտրել Աստծուն». (Խմբ.):
1. Երբ կռվում ես անհանգստության դեմ՝
«Ոչնչի համար հոգս մի արեք, այլ ամեն բանի մեջ աղոթքով եւ աղաչանքով եւ գոհությունով՝ ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եւ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսի մեջ» (Փիլ. 4.6-7):
Տեր, դու գիտես մեր սրտերը և այն ամենը, որ մտահոգում է մեզ, խնդրում ենք, որ Քո մեջ պահպանես մեր մտքերն ու սրտերը։ Երբեմն մեր անհանգստությունները չափազանց մեծ են թվում, ելք չենք գտնում ընթացիկ հանգամանքներից և չենք կարողանում հասկանալ, թե ինչ ես Դու անում։ Բայց գիտենք, որ Դու ամբողջ պատկերն ես տեսնում, շնորհակալ ենք, որ այդ ամենի մեջ մեզ հետ ես։ Օգնիր վստահենք քեզ։ Տուր քո խաղաղությունը, որ վեր է մեր հասկացողությունից, շրջապատիր և թարմացրու մեզ։
2. Երբ պատրաստվում եք մեծ որոշում կայացնել։
«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։ Ձեզ վերա առեք իմ լուծը եւ ինձանից սովորեցեք, որովհեև ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք։ Որովհետև իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթև» (Մատ. 11.28-30):
Տե՛ր, մենք չենք կարողանում քնել, քանի որ չգիտենք ինչ անել։ Այս մեծ որոշումները շատ են ճնշում։ Չենք տեսնում բոլոր պատասխանները, բայց հավատում ենք, որ առաջնորդում ես մեզ։ Օգնիր լսել քո ձայնը, օգնիր տեսնել քո առաջնորդող ձեռքը։ Պարզ արա՛ մեր առաջ ճանապարհը։ Եվ խնդրում ենք, որ բացես ճիշտ դռներ և փակես նրանք, որոնցով չպետք է անցնենք։
Տալիս ենք այս ամենը Քեզ հիմա, հավատում ենք, որ օգնում ես մեզ և կգործես մեր փոխարեն՝ անգամ, երբ մենք քնած ենք։
3. Երբ հանդիպում ես ցավի կամ հիվանդության։
«Տերն է իմ հովիվը, եւ կարոտություն չեմ ունենա։ Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ, և հանդարտ ջրերի մոտ՝ տանում է ինձ. իմ անձին հանգիստ է տալիս, ինձ առաջնորդում է արդարության շավիղներումն իր անունի համար։ Թեև գնամ մահի շուքի ձորը՝ չար բանից չեմ վախենա. որովհետև դու ինձ հետ ես. քո գավազանն ու քո ցուպը՝ նրանք մխիթարում են ինձ: Դու իմ առաջ սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց, դու իմ գլուխն օծում ես յուղով. իմ բաժակը խիստ լիքն է։ Հենց բարիք եւ ողորմություն կգան իմ ետևիցն իմ կյանքի բոլոր օրերում, եւ Տիրոջ տանը կբնակվեմ շատ երկար ժամանակ» ( Սաղմ. 23)։
Տեր, մենք վնասվել ենք։ Ցավը շատ մեծ է թվում։ Ապագայի անորոշությունը հեշտությամբ կարող է լցնել մեր միտքը վախով և մեծ ծանրություն բերել մեր սրտերին։ Խնդրում ենք, հեռացրու մեր ցավերը, որպեսզի քո հոգատարության ներքո խաղաղությամբ կարողանանք քնել։ Շնորհակալ ենք, որ մոտ ես և միշտ մեզ հետ ես։ Աղոթում ենք, որ բժշկես և որ քո մեծ ողորմությունը շրջափակի մեզ, ինչպես՝ երբեք։ Խնդրում ենք, քո հրեշտակների պահպանությունը գիշերվա ընթացքում։ Շնորհակալ ենք, որ Դու մեր Փրկիչն ես և որ երբեք չես թողնի մեզ ցավի մեջ։
4. Երբ ընկճված ես։
«Աստուած մեզ համար ապաւէն է եւ զօրութիւն՝ նեղութիւնների մէջ նա շատ օգնական գտնուեցաւ։ Սորա համար չենք վախենալ՝ թէեւ երկիրն անցնի, եւ սարերը ծովին մէջ տեղը գցուին։ Դադարեցէք եւ ճանաչեցէք, որ ես եմ Աստուած. բարձր կլինիմ հեթանոսների մէջ. բարձր կլինիմ երկրի վերայ։ Զօրաց Տէրը մեզ հետ է. Յակոբի Աստուածը մեզ համար ապաստան է» (Սաղմ. 46.1-2, 10-11)։
Տեր, մեր հոգիները ցավում են և հիասթափությամբ են լի։ Ներսից մթությունն է մեզ շրջապատել։ Այլևս ելք չենք գտնում, կորսված և հուսահատ ենք, և գիշերն այն ավելի վատն է դարձնում։ Խնդրում ենք, օգնիր մեզ Աստված, մենք կանչում ենք քո օգնությունն ու հույսը։ Հուսահատ սպասում ենք քո բժշկությանն ու խաղաղությանը։ Շնորհակալ ենք, որ երբեք չես հեռանա մեզանից։ Շնորհակալ ենք քո խոստումների համար, որ դուրս կբերես մեզ այս անդունդից, որ ծրագիր ունես մեզ համար և կտաս մեզ ապագան ու հույսը։
5. Երբ պայքարում ես ներելու համար։
«Տերը զորություն կտա իր ժողովրդին. Տերը կօրհնի իր ժողովուրդը խաղաղությունով» (Սաղմ. 29.11)։
Տեր, մենք վիրավոր ենք, դավաճանված, կոտրած սրտով։ Հետաքրքիր է` արդյոք երբևէ կվերականգնվենք այն խորը ցավից, որ ներսում ունենք։ Շնորհակալ ենք, որ գիտես, թե ինչի միջով ենք անցել և այն պայքարները, որոնք դեռ ունենք։ Օգնիր ներել։ Օգնիր բաց թողնել։ Խնդրում ենք, երբ թշնամին խոցում է մեզ իր ստերով և փորձում է հիշեցնել անցյալի ցավերը, Դու լռեցնես նրա ձայնը և թույլ տաս ազատ քայլել։ Գիտենք, որ կարող ենք առաջ շարժվել Քեզ հետ խաղաղության և ազատության մեջ։ Հիմա աղոթում ենք նրանց համար, ովքեր վիրավորել են մեզ և խնդրում ենք, որ քո զորությունը զորավոր կերպով գործի նրանց կյանքերում։ Մենք հանձնում ենք նրանց քո ձեռքերի մեջ և մեր հանգստությունը և խաղաղությունը գտնում՝ քո հոգու մեջ։
6. Երբ վախենում ես
«Մի վախենար, որովհետեւ ես քեզ հետ եմ, մի վեհերիր, որովհետեւ ես քո Աստուածն եմ. ես զօրացրել եմ քեզ, նաեւ օգնել եմ քեզ, նաեւ քեզ հաստատել եմ իմ արդարութեան աջովը» (Ես. 41.10)։
Տեր, գիտենք, որ քո խոսքն անընդհատ հիշեցնում է` չպետք է վախենանք։ Գիտենք, որ մեզ հետ ես Դու, քո պաշտպանությունը, ներկայությունը և զորությունը։ Խնդրում ենք, որ քո հովանու տակ առնես մեզ և քո հրեշտակները պաշտպանեն մեզ մեր բոլոր ճանապարհներում։ Շնորհակալ ենք, որ երբեք չես քնում կամ ննջում, դու մշտապես հետևում ես մեզ, մշտապես իրազեկ ես, այնպես, որ մենք կարող ենք քնել։ Հիմա, ընտրում ենք հավատք վախի փոխարեն և, խնդրում ենք, շրջապատես մեզ քո խաղաղությամբ։
7. Երբ տառապում ես մեծ կորստից կամ վշտից։
«Տերը մոտիկ է սրտով կոտրվածներին, և փրկում է հոգով փշրվածներին» (Սաղմ. 34.18)։
Տեր, մեր սրտերը կոտրված են։ Զգում ենք մեծ տխրություն, վիշտ։ Կարոտում ենք մեր սիրելիին։ Ոչինչ չի կարող լցնել մեր ներսի խորը դատարկությունը։ Շնորհակալ ենք քո հիշեցման համար, որ մոտ ես սրտով կոտրվածներին, և փրկում ես հոգով փշրվածներին։ Այդ մենք ենք հիմա, սիրելի Աստված, խնդրում ենք՝ բերես քո հանգստությունն ու օգնությունը: Թեթևացրու ցավը մեր սրտում, ուղղղարկիր մեզ փոքրիկ հիշհեցումներ, որ քո ներկայությունը մեզ հետ է: Գիտենք, որ ինչ-որ կերպ այս հանգամանքը բարի կդարձնես: Հավատում ենք, որ անցկացնում ես մեզ այս փոթորկի միջով մեր վշտի մյուս կողմը: Մենք ընտրում ենք Քեզ հուսալը:
8. Երբ Աստված արթնացնում է քեզ աղոթելու համար:
«Մոտեցե՛ք Աստծուն և Նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4.8)
Տեր, մենք արթուն ենք և չգիտենք, թե ինչու: Հնարավոր է, որ Դու ես արթնացրել մեզ` աղոթելու: Ներսում խորը ծանրություն ենք զգում, և բառեր չենք գտնում, բայց Դու գիտես մեր սրտերը և խնդրում ենք, որ հիմա միջնորդես մեզ համար և ցույց տաս, թե ինչպես աղոթել: Խնդրում ենք, Քո մտերմությունն ու ներկայությունն այս ամենի վրա: Չգիտենք, թե ինչ է կատարվում մեր կյանքերում, բայց խնդրում ենք, որ քո Զորավոր և Կարող Հոգին լցնի մեզ և առաջնորդի կյանքի ամեն պարագայում: Խնդրում ենք, շարունակիր մոտեցնել մեզ Քեզ, ցույց տուր Քո սիրտը մեզ, ի՞նչն է քեզ անհանգստացնում և Քո Սուրբ Հոգու առաջնորդությամբ, տա՛ր մեզ աղոթքի:
Հիսուսի անունով աղոթեցինք այս ամենը…
Տեր, այս ամենը բերում ենք Քո առջև և շնորհակալ ենք, որ գործում ես և պատասխանում ես, անգամ հիմա, երբ փակում ենք մեր աչքերը և քնում Քո խաղաղության ներքո: Հիսուսի անունով, Ամեն:
Հեղինակ՝ Դեբի ՄքԴենիել
Աղբյուրը՝ crosswalk.com
Թարգմանեց Աննա Նիկողոսյանը