«Եվ Մարիամն ասաց.«Իմ անձը փառավորում է Տիրոջը, և իմ հոգին ուրախացավ Աստծով՝ Իմ Փրկչով» /Ղուկաս 1.46-47/։

Երբ խոսքը գնում է  ծրագրավորման մասին, շատ քրիստոնյաներ վարվում են աթեիստների պես: Նրանք հասկանում են, որ Հիսուսը փրկել է իրենց, բայց իրականում չեն վստահում Նրան:  Նրանք կարծում են, որ կարող են ծրագրել իրենց կյանքն այնպես, ինչպես ուզում են:  Բայց իրականում Աստված է ստեղծել  բոլորին, և Նա ստեղծել է յուրաքանչյուր մարդու յուրահատուկ նպատակի համար:  Նա ունի հատուկ ծրագիր յուրաքանչյուր անհատի համար:

Մոտ երկու հազար տարի առաջ Աստված ծրագիր ուներ Մարիամ անունով մի երիտասարդ կնոջ համար:  Նա ստեղծել էր նրան և ընտրել՝ Աստծո Որդու մայրը դառնալու համար:

Ինչպե՞ս արձագանքեց Մարիամը, երբ հրեշտակը պատմեց նրան Աստծո ծրագրի մասին: Նա չասաց. «Ես իմ կյանքի համար ծրագիր ունեմ:  Ես չափազանց զբաղված եմ:  Ես պետք է անեմ այն, ինչ ինձ համար լավագույնն է»:  Ո՛չ, նա հասկացավ, որ Աստված ունի նպատակ իր կյանքի համար, և նա պատրաստ էր անել այն, ինչ Աստված էր ուզում։

Մարիամի արձագանքը գովասանքի երգ էր. «Իմ անձը փառավորում է Տիրոջը, և իմ հոգին ուրախացավ  Աստծով՝Իմ Փրկչով» (Ղուկաս 1.46-47 ):  Մարիամը հասկացավ, որ Աստված իր Տերն ու Փրկիչն է, և նա ցանկանում էր կատարել Նրա կամքը:  Մարիամը վստահեց Աստծուն իր կյանքը, թեև գիտեր, որ ոչ ոք իրեն չի հավատա, երբ պատմեր հրեշտակի ասածը:

Դու վստահո՞ւմ ես, որ Աստված է  քեզ  ստեղծել՝ հատուկ ծրագրի համար:  Աստվածաշունչն ասում է. «Ճանաչեցե՛ք, թե Տերն Ինքն է Աստված. Ինքն է ստեղծել մեզ, և ոչ թե մենք ինքներս։  Մենք Նրա  ժողովուրդն ու Նրա արոտը, ոչխարներն ենք» (Սաղմոս 100.3)։

Շատ մարդիկ բաց կթողնեն իրենց կյանքի համար Աստծո ծրագիրը։Նրանք  գուցե  հավատում են Ավետարանին, բայց թույլ չեն տալիս, որ դա փոխի իրենց սրտերը:

Ճշմարտությունն այն է, որ դու ինքդ քեզ չես ստեղծված:  Դու ստեղծվել ես Աստծո կողմից, և դու ստեղծված ես Աստծո համար: Դու կարող ես իմանալ քվանտային ֆիզիկա:  Դու կարող ես հասկանալ քաոսի տեսությունը:  Դու նույնիսկ կարող ես  իմանալ, թե ինչպես կարելի է հրթիռ կառուցել:  Բայց եթե դու չես ճանաչում Աստծուն, ապա բաց ես թողել քո կյանքի նպատակը:

Քո կյանքի վերջում Աստծուն չի հետաքրքրի, թե որքան լավ ես  տիրապետել քո  մասնագիտությանը կամ  քո բանկային հաշվի մնացորդը:  Փոխարենը, նա քեզ կհարցնի հետևյալը. «Արդյոք Ինձ ճանաչե՞լ ես»:  Դու հարաբերություններ կառուցե՞լ ես իմ Որդու հետ, որին ես ուղարկեցի երկիր, որպեսզի մեռնի խաչի վրա քեզ համար»:

Կյանքում ամենակարևորը Աստծուն ճանաչելն է, ոչ թե իմանալը  Նրա մասին, այլ՝ ճանաչելը Նրան անձամբ։

Աղբյուրը՝ pastorrick.com

Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.