Հպարտությունից առավել սարսափելի մեղք չկա...
«Կործանումից առաջ հպարտանում է մարդիս սիրտը. Բայց փառքից առաջ գնում է խոնարհութիւնը» /Առակաց 18․12/։
Այն կուրացնում է, սպանում, դարձնում մարդուն անզգամ սեփական հոգու և այլոց նկատմամբ:
Այն դարձնում է անհատին այնքա~ն անզգամ և «կույր», որ մարդը հրաժարվում է ընդունել սեփական անկարողությունը, սխալները, մեղքերը, տեսնել, որ իր հոգին կարիք ունի Աստծո ամենակալ ու բազմողորմ Սուրբ Հոգու ներկայության:
Դարձնում այնքա՜ն հպարտ, որ սեփական քթից այն կողմ մարդ սկսում է ոչինչ չտեսնել: Չտեսնել այլոց կարիքները, չտեսնել, որ եթե Աստված մեկ վայրկյանով Իր պաշտպանությունը հեռացնի, կկործանվի մարդը, կոչնչանա, ուղղակի կվերանա, իսկ դժոխքում հաստատ ոչ մեկ չի ունենալու լիիրավ պատճառ «արդարանալու», թե ինչո՞ւ Ամենաարդար Աստված չփրկեց. Աստված մարդուն իր կենդանության օրոք միշտ ու ամեն ժամանակ տալիս է փրկության հնարավորություն, մեղքերից ապաշխարելու հնարավորություն, պարզապես մարդու ազատ կամքն է որոշում իր հավիտենությունը:
Հպարտությունը մարդուն դարձնում է այնքա՜ն անզգամ, որ մարդը, նախ սկսում է հորինել սեփական ապրելաոճը արդարացնող «ճիշտ», բայց ոչ աստվածահաճո և սուրբգրային պատճառներ, իսկ հետո լրջորեն սկսում է հավատալ դրանց:
Մարդը դառնում է այնքա՜ն հպարտ, որ սեփական «ես»-ը սկսում է սիրել այն աստիճան, որ դադարում է լսել Սուրբ Հոգու հանդիմանությունը, ուղղորդումը՝ դառնալով անխիղճ իր հոգու և բոլորի նկատմամբ:
Սարսափելի է հպարտությունն այնքա՜ն, որ մարդ կարող է կուրանալ այն աստիճան, որ չգիտակցի` ինքն Աստծուց պետք է երկյուղի այնքան և փափագի Նրա ներկայությունն այն աստիճան, որ դրանք վայելելիս ծնվի իմաստությունը, խոհեմությունը, սերը, խոնարհությունը, հարգանքը, արդարությունը, ճշմարտությունը, կարեկցանքը, ուրախությունը, ժուժկալությունը և որ ամենակարևորն է՝ հաստատ պահի փրկությունը:
Սարսափելի է սա, սարսափելի այնքա՜ն, որ Աստծուց ավելին իմանալու հպարտ ցանկությունը դրդեց Եվային ուտելու չարաբաստիկ պտուղը: Հպարտությունը դարձավ պատճառ երկնային զորքերի փառաբանության առաջնորդի վայր ընկնելուն ու դառնալու ամբողջ աշխարհի չարիքների առաջացման պատճառը:
Ահավո՜ր բաներ են ծնվում հպարտությունից, սարսափելի՜....Սրանից ապաշխարել է պետք ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան....
Անի Նիկողոսյան