Մի ստի պատմություն․․․
Թվում է՝ լավ բանի հասնելու համար կարևոր չեն ճանապարհներն ու միջոցները։ Երբ գիտենք՝ մեզ համար որն է բարին, մենք փորձում ենք ամեն գնով հասնել դրան՝ հաշվի չառնելով մեր ճանապարհին կանգնած ոչ մի հանգամանք, ոչ մի արժեք։ Հակոբը նույնպես այսպիսինն էր։ Թեև նա ծնվել էր երկրորդը, և հոր ունեցվածքի արդար ժառանգն իր եղբայրն էր, բայց նա լավ գիտեր, որ Աստված հենց իրեն էր խոստացել ողջ օրհնությունը։
Եվ այսպիսով, ինչ էր մնում նրան անելու. օգնել Աստծուն, որ իր կյանքում կատարվի Նրա կամքը։ Հակոբը ստեց և կեղծիքի միջոցով տիրացավ իր հոր օրհնության խոսքերին։ Բայց տարիների ընթացքում տեսնում ենք, որ նա այդպես էլ չի վերագտնում իր խաղաղությունը, չի կարողանում վայելել աստվածային օրհնությունը, այլ ամեն քայլափոխի ընկնում է դժվարությունների մեջ, խաբվում ու հարստահարվում։ Այդ ի՞նչ օրհնություն էր։
Մի՞թե Աստված այդպես է օրհնում Իր զավակներին, ովքեր ամեն գնով ջանում են կատարել Իր սուրբ կամքը, մնալ խորհուրդների մեջ։ Ավելի ուշ տեսնում ենք, որ Հակոբն ուշքի է գալիս և որոշում վերադառնալ։ Բայց վերադառնալն էլ նրա բոլոր հարցերը չի լուծում։ Դիմացը նրան սպասվող վտանգը սպառնում էր նրանից խլել իր և իր հարազատների կյանքը։ Բայց ճիշտ ժամանակին նա իր կյանք է կանչում Աստծո անունը։
Հայտնվում է Աստված, և միայն մի բան է Հակոբը խնդրում Աստծուց՝ օրհնություն։ Հակոբը դեռ սպասում էր իր բաժին օրհնությանը, նա դեռ բավարարված չէր իր վաստակածով և հույսն ու հավատը դեռ չէր կորցրել, որ մի օր կհասնի իր երազանքին, կստանա իր հոգու հանգստությունն ու խաղաղությունը։ Աստված էլ թվում է՝ հենց այդ պահին էր սպասում։ Հակոբի և Աստծո հանդիպումից հետո թվում է՝ ակնհայտ ոչինչ չփոխվեց։ Բայց ինչ- որ մի բան փոխվեց հենց Հակոբի ներսում․ նա վերջապես հասկացավ օրհնության իրական գինն ու ճիշտ ճանապարհը։
Լիլիթ Հարությունյան