Իմ սրտի տնակը․․․
Ուզում եմ ձեզ պատմել իմ սրտի տան մասին։ Որքան հիշում եմ կյանքս, իմ սրտի տունը եղել է վատ վիճակում՝ ավերված, կիսաքանդ, պատուհանները կոտրած, որտեղից ինչ կամ ով ասես կարող էր մտնել։ Չէի կարողանում ոչինչ փոխել, ջանքերս զուր էին լինում։ Անքնությունը, տառապանքը, անհուսությունը պատել էին իմ սրտի տանը։ Ելք էի փնտրում, մարդկանց էի խնդրում, բայց ապարդյուն։ Մեկ օր սրտիս հասավ մի անծանոթ ձայն, բայց որը կարծես լսել էի իմ ողջ կյանքի ընթացքում և ասաց.
- Ուզո՞ւմ ես ունենալ նոր սրտի տուն։
Չգիտեի՝ ինչ պատասխանել, հանկարծ մտածեցի․«Իսկ ինչո՞ւ ոչ»։
- Այո՛, ուզում եմ, իսկ Դու կարո՞ղ ես օգնել։
Նա ասաց.
- Ես միակն եմ, ով կարող է քեզ օգնել ունենալ սրտի նոր տուն, բայց դու պիտի այս տունը ամբողջովին տաս ինձ, համաձա՞յն ես։
- Այո՛, համաձայն եմ։
Որոշ ժամանակ անց նկատեցի, որ տունը ամբողջովին կարմիր էր ներկված, հանկարծ այն ամբողջովին դարձավ սպիտակ։ Շուտով զգացի ինչ-որ անուշահոտ բուրմունք, որը թափանցեց իմ սրտի տան բոլոր անկյունները։ Եվ նորից այդ քաղցր ձայնը, այն շա՜տ սքանչելի էր, հրաշալի…Նա ասաց ինձ.
- Քո նոր տունը հավանո՞ւմ ես։
- Այո՛, շատ գեղեցիկ է, շնորհակալ եմ։ Իսկ որքա՞ն պիտի վճարեմ։
- Ես այն գնել եմ Իմ արյան գնով, բայց քեզ անվճար եմ տալիս։ Դու ուզո՞ւմ ես, որ ես միշտ քո սրտի նոր տանը լինեմ՝ գահի վրա։
- Այո՛, ուզում եմ, -ասացի ես ու հանձնեցի նրան իմ սրտի գահը։
Սիրտս լցվեց անհուն ուրախությամբ, և ես հասկացա՝ հենց Նա է այն միակը, ում ես փնտրել եմ իմ ողջ կյանքում։ Ես փառաբանեցի ու երկրպագեցի գահի վրա նստողին։ Այո՛, իմ սրտի գահին նստած է Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին, Տերը տերերի և Թագավորը թագավորների։ Նա ինձ մաքրեց Իր սուրբ արյունով ու ինձ սպիտակ հանդերձներ հագցրեց։ Ու թեկուզ դա Նրան Իր կյանքն էր արժեցել, սակայն ինձ սիրելով՝ Նա ձրի տվեց այն։
Ես գտա Հիսուս Քրիստոսին։ Դու նույնպես գտե՞լ ես…
Հասմիկ Խաչատրյան