Ինչո՞ւ․․․
Տեսնես ինչո՞ւ է, երբ շատ ծանր իրավիճակում ես հայտնվում, կանչում ես Աստծո անունը, օր ու գիշեր երկար աղոթում, բայց արդյունքում այդպես էլ հրաշք տեղի չի ունենում:
«Տերը չի պատասխանում աղոթքներին: Գուցե Աստված գոյություն չունի՞, գուցե ամեն բան սո՞ւտ է և հորինված: Աստված միայն երկնքում է, չի հետաքրքրվում մեզնով, միայն սպասում է, թե մահից հետո ո՞վ կմիանա Իրեն, իսկ այն մարդիկ, ովքեր պատմում են, թե իբր Աստված խոսում է և լսում, իսկական ստախոսներ են։ Բնական է, չէ՞, որ մենք երբեք մեղավոր չենք, Աստված է մեղավոր: Իսկ ովքեր չեն մեղադրում Աստծուն, կաշառված ստախոսներ են»:
Եթե դու այսպես ես մտածում, թույլ տո՛ւր քեզ այս հարցը տալ. «Իսկ գուցե դո՞ւ ես խաբված»:
Ո՞վ է քեզ ստել՝ ասելով, թե Աստված անվերապահորեն կատարելու է քո սրտի ցանկացած քմահաճույք: Մի՞թե Աստված մարդուն ստեղծել է, որ նրա երազանքներն ու կամքը կատարի: Ո՛չ: Ընդհակառակը՝ մարդն է ստեղծվել Աստծո կամքի ու երազանքի համաձայն: Ու ըստ դրա էլ պետք է շարունակի ապրել մինչև հավիտյան: Այո՛, Աստված երազել է քեզ ստեղծել, քեզ հայրություն անել, քո լավագույն ընկերը լինել: Նա քեզ ստեղծելուց առաջ արդեն նախապես ամեն բան պատրաստել է քեզ համար՝ քո ողջ կյանքի օրհնյալ ծրագիրը: Նա բոլոր հնարավոր դեպքերից քեզ համար ընտրել ու առանձնացրել է լավագույնները:
Լավագույնը Նրա գրկում է, Նրա ձեռքերի մեջ: Եթե ցանկանում ես, Նա ամենը կտա և կսովորեցնի դրանք անվնաս պահել:
Ահա, թե ով է Աստված:
Իսկ այդ դեպքում ո՞վ եմ ես կամ ո՞վ ես դու: Մեկն, ով դեռ չի ճանաչում Աստծուն կամ արդեն ուրացել է: Մեկն, ով հավատացել է Նրան, վերցրել օրհնություններն ու հետո, դրանց հետ անփույթ վարվելով, ամեն բան կորցրել թե՞ մեկն, ով արել է այն, ինչ իրեն բարի է թվացել կամ գուցե աստվածահաճո, իսկ հիմա մեղադրում է Աստծուն, որ չի օրհնում կամ օգնության չի շտապում:
Աստծո Խոսքն ասում է մեզ. «Ամեն բանից առաջ աղոթք արե՛ք»: Ամեն բանից առաջ, այլ ոչ թե հետո կամ վերջում: Երբ աղոթես որոշումներ կայացնելուց, երազանքներ ստեղծելուց, նպատակներ դնելուց առաջ, Աստված կհայտնվի և քեզ ճիշտ ուղղության վրա կդնի: Նա կհայտնի քեզ շատ գաղտնիքներ, որոնք հետագայում դառնալու են քեզ համար օրհնության կամ անկման պատճառ:
Ընտրությունը քոնն է՝ հավատա՞լ Աստծուն, թե՝ ոչ:
Լիլիթ Հարությունյան