Վերջին օրերին ամենաշատը հնչած հարցերից մեկը:

Մարդկանց միշտ է հետաքրքրում իրենց ապագան: Գուշակություններն ու կախարդությունները միշտ էլ նորաձև են եղել: Դրանք միշտ էլ մարդկության կարևորագույն մաս են կազմել մշակութային, կրոնական, ազգային ֆոների ներքո: Այդպես ավելի հեշտ է լինում քողարկել ու արդարացնել գործած չարիքը:

Բայց մի՞թե այդ չարիքը հենց քեզ չի ուղղվում, ո՛վ մարդ, որ զբաղվում ես այդպիսի բաներով, հավատում ու հետևում դրանց: Մի՞թե կարող է սովորական ալյուրից, ջրից և աղից պատրաստված բլիթը քեզ ցույց տալ քո ապագան կամ առհասարակ ինչ-որ փոփոխություն կամ բացահայտում կատարել քո կյանքում:

Ապա ինչպե՞ս է պատահում, որ հենց այդ օրը հենց այդ բլիթը ուտելուց հետո որոշների երազներում հայտնվում են հատուկ մարդիկ, տեղի ունենում հատուկ  իրադարձություններ, որ հետագայում իրականություն են դառնում: Այդ ի՞նչ զորություն ու գերբնական կարողություն է գործի դրվում քո կյանքում: Ո՞վ էր դա կամ որտեղի՞ց: Այդ պահին դու քո կյանք ես կանչում գերբնական ու զարմանալի մի ուժ, որ հրաշքներ գործի, քո ապագան հայտնի, բայց մի՞թե այդ ուժը հաջորդ անգամ քո կյանքը չի խորտակի ու քեզ դժբախտացնի: Դու ամեն բան արեցիր, որ մեկ օրվա համար այդ զորությունը հայտնվի քո կյանքում և գործի, բայց այն մնում է ու ամենատարբեր ձևերով կգործի քո կյանքում մինչև վերջ: Հաճելի՞ է մութ ու դիվական զորության հետ կյանքը կիսելը:

Ինձ համար դա վտանգավոր է: Ես նախընտրում եմ իմ հարցերն Աստծուն ուղղել՝ Հիսուս Քրիստոսին, Ով բարի և սիրող Հայր է: Նա լավագույնս գիտի յուրաքանչյուրի անցյալը, ներկան ու ապագան: Բացի այդ Աստծո զորությունը շատ ավելի ուժեղ է, քան՝ ցանկացած չար ուժ, կախարդություն ու հմայանք:

Սատանան ամեն կերպ ջանում է դատարկել մարդուն հոգևոր արժեքներից: Այնուհետև գալիս և հեշտությամբ գրավում է ցանկացած դատարկ տեղ, ուր չկա Աստված ու կատարում իր դիվական ծրագրերը: Նա մարդու թշնամին է, ատում է մեզ:

Ի տարբերություն սատանայի՝ Աստված երբեք խաբեությունների միջոցով մարդու կյանք չի ներխուժի, որ նրան փրկի: Նա սպասում է, որ մարդն ինքնակամ, լրջորեն որոշում կայացնի և Նրան իր կյանք հրավիրի: Երբ Հիսուսի անունը կանչես և հրավիրես Նրան քո կյանք, սատանան և իր զորությունները այդ վայրկյանից կհեռանան ու քեզ կլքեն․ «Հրազանդվե՛ք Աստծուն, հակառակ կացե՛ք սատանային, և նա կփախչի ձեզնից» /Հակոբոս 4.7/: Կանչի՛ր Հիսուսի անունը քո կյանքի ցանկացած կիսատ ու դատարկ մնացած տեղերի վրա, Աստված կգա ու կլցնի ամեն բան Իր Սուրբ Հոգով: Նա կհայտնի քեզ քո ապագան, կօգնի մոռանաս անցյալն ու ապրես ներկայով, որ ճիշտ ժամանակին հասնես աստվածային խոստումներին: «Որովհետև այդ բոլոր բաներն աշխարհի հեթանոսներն են որոնում, բայց ձեր Հայրը գիտի, որ դրանք ձեզ պետք են: Սակայն Աստծո արքայությունը խնդրե՛ք, և այդ բոլոր բաները կտրվեն ձեզ» /Ղուկաս 12.30,31/:

Լիլիթ Հարությունյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.