Ժամանակակից աշխարհում ստեղծված են բոլոր հարմարությունները, որ մարդը մաքսիմալ կերպով բավարարի իր կարիքներն՝ ըստ պահանջի: Այսօր շատ մարդկանց ապրելու գլխավոր նպատակը հենց իրենց կարիքները բավարարելն է, սրտի ուզածն անելը: Բայց փաստն այն է, որ մարդկային կարիքները այդպես էլ չեն բավարարվում ճոխ սնունդով, բարձրակարգ հանգստով, հաճելի ժամանցով կամ մարդկային ամենատարբեր տեսակի շփումներով:

Ստացվում է՝ մարդն ապրում է մի ողջ կյանք վազելով մի բանի հետևից, որին այդպես էլ երբեք չի հասնում: Որոշները հոգնում են հենց ճանապարհի կեսից և ինքնակամ վերջ տալիս իրենց կյանքի այդ խելահեղ ռիթմին, բայց շատերն էլ մինչև կյանքի վերջին ակնթարթը, կառչելով այս երկրից, մտածում են, որ իրենց միայն ժամանակ է պետք մեկ բան ավել փորձելու․․․

Թեև մարդիկ ամենուր փորձում են քողարկել աստվածային տեսակետը, թելադրել բավարարված կյանք ապրելու իրենց կանոնները, միևնույն է, բոլորը գիտեն, որ կա Մեկը, Ով երկնքում ամեն բանից տեղյակ է և ամենակարող: Այդ իսկ պատճառով ամեն ծանր ու դժվար պարագաներում կանչում են երկնային շտապօգնություն կամ որոշ ժամանակ այցելում «հոգևոր հիվանդանոց», այսինքն՝ եկեղեցի:

Շատերի կյանքում եկեղեցին միայն հիվանդանոց է, որտեղ այցելում են, երբ «դանակը հասնում է ոսկորին», երբ ժամանակակից կամ ավանդական միջոցներն այլևս չեն օգնում ազատվել խնդրից:

Բայց կան մարդիկ, որոնց համար եկեղեցին տուն է, որտեղ նրանք հոգևոր ծնունդ են առել: Այնտեղ նրանց համար խնամք են տարել, հոգևոր կերակուր տալով՝ օգնել աճել, կրթել են ու Աստծո գործի մեջ տեղավորել:

Ուղղադավան եկեղեցին տուն է յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյայի համար, և նրա դռները միշտ բաց են ամեն սուրբ ու անսուրբ, բարի ու չար, հարուստ ու աղքատ մարդու առաջ: Աստծո ներկայությունը միշտ այնտեղ է: Բայց ոչ թե շինության պատերի ներսում, այլ այն ամեն մարդու հոգում է, ով ընդունում է Հիսուսին՝ որպես իր Տեր և Փրկիչ․«Չգիտե՞ք, որ դուք Աստծո տաճար եք, և Աստծո Հոգին բնակվում է ձեր մեջ» (Ա Կորնթացիս 3.16):

Եվ ուրեմն՝ ի՞նչ է քեզ համար եկեղեցին՝ տո՞ւն, թե՞ հիվանդանոց․․․

Լիլիթ Հարությունյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.