Առաջին և ամենամեծ սուտը․․․
«Եվ օձը կնոջն ասաց. «Բնավ չեք մեռնի: Այլ Աստված գիտի, թե այն օրը, որ նրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն և Աստծո պես կլինեք՝ բարին ու չարը իմացող» /Ծննդոց 3.4-5/։
Սատանան անօրեն է և ստության հայր: Ինչպես սկզբում, այնպես էլ ներկայում նա վերցնում է աստվածաշնչյան ճշմարտություններն ու խառնում իր նենգ ստերին:
Բնավ չեք մեռնի… Այո՛, արգելված պտուղն ուտելուց անմիջապես հետո նրանք չմահացան:
Ձեր աչքերը կբացվեն և բարին ու չարը կիմանաք… Այո՛, նրանց աչքերը բացվեցին, տեսան իրենց մերկությունը, կարողացան ճանաչել բարին ու չարը:
Բայց… մի՞թե Աստված արգելել էր պտուղն ուտել, որպեսզի Ադամն ու Եվան Նրա նման չլինեն: Արդյո՞ք Աստված չի ցանկանում, որ մարդը նմանվի Աստծուն:
Իրականում ճշմարտությունը հետևյալն է՝ Աստված ոչ միայն ուզում է, որ մարդը նմանվի Իրեն, այլ Նա մարդուն հենց այդ նպատակով է ստեղծել․ «Եկեք մեր պատկերով ու նմանությամբ մարդ ստեղծենք» /Ծննդոց 1.26/:
Իսկ սատանան, մեկ-երկու ճշմարիտ խոսք մեջբերելով, մարդուն համոզում ու գցում է վերջինիս կյանքին վտանգ սպառնացող և հավիտենությունից զրկող լուրջ ստերի մեջ: Ստության մեջ ապրելը նույնն է, ինչ ապրել մեղքի մեջ: Ստին հավատացող մարդը չի կարող մոտ լինել Աստծուն, ինչպես այսօր շատ ու շատ հերձվածներ ու այլ կրոնների դավանակիցներ: Միայն հենց Ինքն Աստված կարող է մեզ առաջնորդել ճշմարտության մեջ, որտեղ կա ապահովություն և հաջողություն: Ամեն բան բարի է, երբ ծառայում է իր նպատակին: Նույնպես և մարդը, նմանվելով Աստծուն, ստանում է բավարարվածության խորը զգացողություն: Իսկ մեր թշնամին՝ սատանան, այս ամենը մեզնից լավ գիտակցելով, փորձում է մեզ զրկել մեր կոչումից, հեռացնել կարևորագույն նպատակից ու շեղել Աստծո սիրուց:
Աստված սիրում է քեզ, Նա ստեղծել է քեզ հատուկ նպատակի համար, որ լինես Իր նման և հաղորդակցվես Իր հետ: Մնա՛ քո կոչման մեջ, ծառայի՛ր քո նպատակին:
Լիլիթ Հարությունյան