Ինչպե՞ս խոսել Աստծո հետ
Մի աղջիկ խնդրեց քահանային գալ իրենց տուն և աղոթել հիվանդ հոր համար։ Երբ քահանան մտավ հիվանդի սենյակ, նա պառկած էր անկողնում։
Հիվանդի գլուխը պահում էին բարձերը, իսկ մահճակալի կողիքն դրված էր աթոռ։ Քահանան մտածեց, որ իր այցին էին պատրաստվել։
-Ինձ էիք սպասո՞ւմ,- հարցրեց քահանան։
-Ո՛չ, իսկ դուք ո՞վ եք։
-Ես քահանա եմ։ Ձեր դուստրը հրավիրել է ինձ աղոթելու ձեր բժշկության համար։ Երբ դատարկ աթոռը տեսա ձեր մահճակալի կողքին, ենթադրեցի, որ իմացել եք իմ այցելության մասին։
-Հա՜, աթո՜ռը, ձեզ դժվարություն չի՞ լինի փակել դուռը։
Մի քիչ զարմացած քահանան փակեց դուռը, իսկ հիվանդը բացատրեց․
-Ես այս մասին երբեք ոչ ոքի չեմ ասել։ Ես իմ ամբողջ կյանքն ապրել եմ՝ չիմանալով, թե ինչպես պետք է աղոթել։ Երբ գնում էի եկեղեցի, լսում էի՝ ինչ են ասում։ Միշտ պետք է աղոթել, աղոթքները շատ բան են տալիս, շատ օրհնություններ են բերում կյանք։ Բայց բոլոր աղոթքները մի ականջով մտնում էին, մյուսով՝ դուրս գալիս։ Չէի կարողանում հիշել։ Դրանից հետո անցել էր շատ երկար ժամանակ, և ես դադարել էի աղոթել։ Եվ միայն չորս տարի առաջ, երբ զրուցում էի իմ լավ ընկերոջ հետ, խորհուրդ տվեց ինձ․
-Ընկե՛րս, աղոթքն ուղղակի զրույց է Աստծո հետ։ Նստի՛ր աթոռին, կողքդ դի՛ր մեկ ուրիշ աթոռ, պատկերացրու, որ Հիսուսն է նստած աթոռին։ Դրանում ոչ մի խելահեղություն չկա, քանի որ Հիսուսն ասել է՝ «Ձեզ հետ կլինեմ միշտ»։ Հետո խոսի՛ր Նրա հետ, պատմի՛ր ամեն ինչ և լսի՛ր, ինչպես հիմա ինձ ես լսում։ Ես փորձեցի, և ինձ շատ դուր եկավ։ Եվ սկսեցի այդպես անել ամեն օր։ Ամեն օր զգուշաբար, որ աղջիկս չտեսնի, թե չէ միանգամից կուղարկի հոգեբուժարան։
Քահանան տպավորվել էր հիվանդի պատմածով։ Նա ասել էր, որ հիվանդն ամեն ինչ ճիշտ է անում և թող որ շարունակի այդպես։ Հետո աղոթել էր հիվանդի համար, օրհնել ու հեռացել։
Այս դեպքից մի քանի օր անց հիվանդի աղջիկը մոտեցավ քահանային և ասաց, որ հայրը մահացել է։ Քահանան հարցրեց․
-Նա խաղաղությա՞մբ գնաց։
-Կարծում եմ՝ այո՛,-պատասխանեց աղջիկը։ Ժամը երկուսը կլիներ, երբ պատրաստվում էի գնումների գնալ։ Նա ինձ կանչեց, ես մոտեցա մահճակալին։ Նա ասաց, որ ինձ շատ է սիրում և համբուրեց։ Իսկ երբ մեկ ժամից վերադարձա տուն, նրան անշունչ գտա։ Բայց ինչ-որ բան կա նրա մահվան մեջ՝ անհասկանալի բան։
Մահից առաջ, հավանաբար, նա հավաքել է բոլոր ուժերը, հեռացել բարձերից, մոտեցել աթոռին, որ դրված էր իր մահճակալի կողքին և գլուխը դրել աթոռին։ Հենց այդպես ես նրան գտա։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ կարող է դա նշանակել։
-Քահանան սրբեց արցունքներն ու ասաց․
-Թո՛ղ ամեն մարդ այդպես հեռանա․․․
Աթոռը դատարկ չէր․․․