Արդյո՞ք դուք ձեզ մենակ եք զգում այս օրերին։ Միգուցե դուք ձեզ մենակ եք զգում, քանի որ կորցրել եք ինչ-որ թանկարժեք իր կամ անձի, ում տեղը ձեր տանը և ձեր կյանքում ոչ ոք չի կարող զբաղեցնել։ Գուցե դուք վերջերս քայլ եք կատարել, որի հետևանքով կորցրել եք փոխհարաբերությունները ձեզ համար թանկ մարդկանց հետ, որոնք կառուցել էիք տարիների ընթացքում։ Շատ հանգամանքներ կարող են մեր կյանքում առաջացնել դատարկություն, որի պատճառով մենք կարող ենք մեզ միայնակ և անցանկալի զգալ։ Արդյո՞ք հնարավոր է լինել մենակ, բայց ոչ միայնակ։

Որպեսզի հասկանանք միայնության պատկերը, եկե’ք հիշենք աստվածաշնչյան հերոսներից Ադամին և Եվային։ Աստված ասաց՝ լավ չէ, որ Ադամը մենակ լինի․ նա կարիք ուներ լավ ընկերոջ։ Երբ Աստվածաշնչում խոսվում է, որ մարդիկ ստեղծվել են Աստծո պատկերով, նշանակում է, որ մենք ստեղծվել ենք Աստծո և մարդու հետ փոխհարաբերության համար։ Կան մարդիկ, ովքեր իրենց տեսակով միայնության մեջ իրենց լավ են զգում, բայց կան անհատներ, ովքեր սիրում են շրջապատված լինել մարդկանցով, ովքեր կարող են խոսել և լսել միմյանց։ Այսպիսով, շատ կարևոր է գիտակցել, որ Աստված մեզ ստեղծել է հատուկ նպատակով և դրել է այն տեղում, որում մենք կանք։ Երբեմն հանգամանքները մեզ երկընտրանքի առաջ են կանգնեցնում՝ գոհանա՞լ, թե՞ դժգոհել։ Սակայն Աստվածաշունչը քաջալերում է մեզ գոհանալ ամեն բանի համար, որքան էլ դժվար լինի։

Պատմությունը պատմում է մի երիտասարդ կնոջ մասին, ով սիրահարվել, ամուսնացել էր մի զինվորականի հետ և նրա հետ միասին տեղափոխվել էին մի սակավաբնակ տարածաշրջան։ Այս կինն իրեն շատ միայնակ և հուսահատված էր զգում։ Իր կողքին նա չուներ ընկեր կամ ընտանիքի անդամ, չէր հասկանում տեղի մարդկանց և իրեն օտար էր զգում։ Մորն ուղղված նամակում նա հայտնել էր իր հուսահատության մասին և անգամ նշել էր ամուսնուց բաժանվելու և տուն վերադարձի ցանկության մասին։ Նրա մայրը պատասխանեց հետևյալ կերպ. «Երկու մարդ թունելով առաջ էին գնում։ Նրանցից մեկը հոգնեց և կանգ առավ՝ մնալով խավարում, իսկ մյուսը շարժվում էր դեպի թունելի վերջում իրեն սպասող լույսը»։ Այս խոսքերը ամբողջությամբ շրջեցին կնոջ պատկերացումն իր իրավիճակի վերաբերյալ։ Նա փոխեց իր ապրելակերպն այդ վայրում, ընտելացավ տեղի մարդկանց, հետաքրքրվեց նրանց մշակույթով և աստիճանաբար դարձավ նրանցից մեկը։

Պողոս առաքյալը մեզ համար աստվածաշնչյան օրինակ է, ով առերեսվել էր դժվարին հանգամանքների հետ։ Փիլիպպեցիներին ուղղված թուղթը նա գրել էր բանտում, իր ընկերներից զատ։ Նայելով նրա իրավիճակին, նա կարող էր դժգոհել, սակայն Պողոսը միևնույն է ասում էր՝ «Ուրախ եղե՛ք, դարձյալ ասում եմ, ուրախ եղե՛ք»։ Պողոս առաքյալը մեզ քաջալերում է նաև այս համարով.

«Այսուհետև, եղբարք, ինչորճշմարիտէ, ինչորպարկեշտ, ինչորարդար, ինչորսուրբ, ինչորսիրուն, ինչորբարիանուն, թե՛ առաքինությունէ, և թե՛ գովությունէ, այնմտածեք»(Փիլիպ 4․8)։

Մեկ այլ գեղեցիկ աստվածաշնչյան օրինակ է Հռութի պատմությունը, ով իր ամուսնու մահից հետո սկեսրոջ հետ գնաց մի երկիր, որտեղ պաշտում էին կենդանի Աստծուն, նա էլ, մովաբացի լինելով, որոշեց ընդունել և պաշտել իրական Աստծուն։ Իր սկեսրոջ խնամքը նա վերցրեց իր վրա։ Պատմության գեղեցիկ հատվածը հետևյալն էր, որ իր որոշումների և Աստծո կամքի համաձայն նա հանդիպեց Բոոսին, ով դարձավ իր ամուսինը։

Ես հավատում եմ, որ մենք կարող ենք շատ դասեր քաղել այս պատմությունների հերոսներից, ովքեր առերեսվել են միայնության և դժվարին իրավիճակների հետ, բայց չեն հուսահատվել, քանի որ Աստված իրենց հետ է եղել ամեն ժամանակ։ Նրանց կյանքերում շատ բաներ էին փոխվել, օրինակ՝

1.      Փոխվել էր նրանց վերաբերմունքը իրավիճակի նկատմամբ։

2.      Փոխվել էր նրանց մտածելակերպը։

3.      Փոխվել էր նրանց վարվեցողությունը։

4.      Փոխվել էր նրանց փոխհարաբերությունների կառուցման սկզբունքները։

5.      Դժվարությունների հետևանքով հոգևոր աճ էին ունեցել։

Անգամ ամենադժվար պահին այս մարդիկ իրենց կյանքում տեսան Աստծուն, Նրա գործերը, օրհնությունը և պահպանությունը։ Մենությունը հաղթահարելու լավագույն միջոցն Աստծուն հրավիրելն է մեր կյանք, Ով մեզ խոստացել է լինել մեզ հետ ամեն ժամանակ (Մատթ 28։20

Մենք ինքներս էլ կարող ենք մենության ժամանակ  որոշումներ կայացնել մեր կյանքում, որոնք մեզ կուղղորդեն մի վայր, որտեղ մենք կլինենք «մենակ, բայց ոչ միայնակ»։

Թարգմանեցին՝ Արմինե Աբրահամյանը, Դիանա Խաչատրյանը

Աղբյուրը՝ thoughts-about-god.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.