Մի՛ մտահոգվիր
Մենք շատ հաճախ հորդորում ենք մարդկանց չմտահոգվել, իսկ երբ մենք ենք մտահոգվում, նրանք են նույն բանն ասում: Բայց չանհանգստանալ մի խնդրի համար, որն ի զորու չենք լուծել, իրոք, բարդ է։ Ես տարիներ շարունակ սովորեցրել եմ մարդկանց չմտահոգվել և վերջապես հասկացել եմ, որ միակ տարբերակը, որ նրանք երբևէ կդադարեն անհանգստանալ՝ իրապես հասկանալն է, որ անհանգստանալը վատ է:
Մտահոգությունը դրդում է մարդկանց վնասակար բաներ անել։ Այն դարձնում է մարդկանց անհանգիստ ու նյարդային, դառնում պատճառ նրանց լարված լինելուն և շատ հաճախ այդ մարդկանց հետ «լեզու գտնելը» դժվար է դառնում:
Այն անգամ պատճառում է տարբեր առողջական խնդիրներ, որոնցից շատերը կարող են լուրջ հետևանքներ ունենալ: Մտահոգվելը նման է ամբողջ օրը ճոճաթոռի ճոճվելուն. այն քեզ զբաղեցնում է, բայց ոչ մի տեղ չի հասցնում։
Կարծում եմ՝ մենք պետք է հասկանանք, որ չենք կարող փոխել իրավիճակը, իսկ Աստված՝ կարող է։ Եկե՛ք վստահենք Աստծուն և սպասենք Նրան, քանի որ ինչն անհնար է մարդկանց համար, հնարավոր է Աստծո հետ (Ղուկաս 18.27):
Աղոթք․«Հա՛յր, ես չեմ ուզում վատնել ժամանակս մտահոգվելու վրա, քանի որ գիտեմ՝ դա ինձ չի օգնելու: Օգնի՛ր ինձ ազատվել իմ մտատանջություններից և հանձնել դրանք քեզ, քանզի Դու կարող ես դրանք անհետացնել: Շնորհակալ եմ, Հա՛յր: Հիսուսի անունով։ Ամեն»։
Ջոյս Մայեր
Թարգմանեց Լիլիթ Խաչատրյանը