Տերը շատ մոտ է քեզ
Աստված հեռու չէ: Նա այնքան մոտ է, որքան քո հաջորդ սրտի բաբախյունը:
Նա ամեն վայրկյան քեզ հետ է: Աստվածաշունչն ասում է. «Որ լինի թէ խարխափեն նորան եւ գտնեն. թէ եւ ինքը հեռու չէ մեր ամեն մէկիցը» (Գործք․ 17.27):
Դու կարող ես թյուր զգացողություն ունենալ, որ Աստված միլիոնավոր մղոններով հեռու է: Բայց քո զգացմունքներն ու իրականությունը միշտ չէ, որ համընկնում են: Ճշմարտությունն այն է, որ Աստված հենց հիմա քեզ հետ է:
Ահա երեք ճշմարտություն քո երկնային Հոր մասին.
Նա երբեք զբաղված չէ քեզ համար: Երբեմն դու չափազանց զբաղված ես լինում Աստծուն ժամանակ տրամադրելու համար: Բայց Նա միշտ ժամանակ ունի քեզ համար: Դրա պատճառը՝ քո հանդեպ ունեցած Նրա անսահման սերն է: Սաղմոս 145.18 -ում ասվում է. «Տէրը մօտիկ է բոլոր դէպի իրան կանչողներին, այն ամենին՝ որ կանչում են նորան ճշմարտութիւնով»: Ամեն անգամ, երբ Նրան կանչում ես, Աստված մոտենում է: Նա քո մասին շատ ավելի շատ է խորհում, քան դու՝ Նրա: Նա քո մասին մտածել է դեռ քո ծնվելուց առաջ և քո մասին մտածում է ամեն օր:
Նա բավարարում է քո կարիքները: Նա դա չի անում դժգոհությամբ։ Նա սիրում է հոգ տանել քո մասին: Մատթեոս 7.11 -ում ասվում է. «Արդ՝ եթէ դուք չար լինելով, գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը. Ո՞րքան աւելի ձեր Հայրը, որ երկնքումն է, բարիքներ կ’տայ նորանց, որ խնդրում են իրանից»։ Պարզապես վայելեք այն փաստը, որ Աստված սիրում է նվիրել։
Նա ընկերակից է քո ցավերին: Եթե այս շաբաթ ինչ-որ դժվարության միջով ես անցնում, ապա քեզ անհրաժեշտ կլինի կարդալ այս հատվածը. «Տէրը մօտիկ է սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին» (Սաղմոս 34.18): Աստված հեռվում կանգնած չէ՝ որպես դիտորդ: Նա ներկա է քո ցավի մեջ:
Աստված մոտ է քեզ, և Նա հասկանում է, թե ինչ ապրումներ ունես: Դիմի՛ր Նրան։ Նա արդեն այնտեղ է և սպասում է քեզ։
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ pastorrick.com