Թուրքիայի Մալաթիա քաղաքի Սուրբ Երրորդություն եկեղեցում 106 տարվա դադարից հետո առաջին պատարագն է մատուցվել
Վերանորոգումից հետո վերաբացված պատմական հայկական Մալաթիա քաղաքի Սուրբ Երրորդություն եկեղեցում 106 տարվա դադարից հետո առաջին պատարագն է մատուցվել։
Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի ղեկավարությամբ մատուցված պատարագին մասնակցել են հոգևորականներ Թաթուլ Անուշյանը, Հովակիմ Սերոբյանը, Տրդատ Ուզունյանը, Անթակիայի եկեղեցիների հոգևոր հովիվ Ավետիս Թաբաշյանը, Շիրվան Մյուրյանը, Շահեն Օհանյանը և տարբեր նահանգներից եկած բազմաթիվ հյուրեր։-Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:
Պատրիարք Սահակ Մաշալյանը հայտարարել է, որ երջանիկ է ավելի քան մեկդարյա դադարից հետո եկեղեցին հավատացյալների համար վերաբացված տեսնել։ Շուրջ երեք ժամ տևած պատարագին մասնակցել է նաև «Լուսավորիչ» երգչախումբը։ Այսուհետ տեղի քրիստոնյաները կարող են եկեղեցում պատարագներ մատուցել, կատարել իրենց մկրտության արարողություններն ու պսակները։
Թուրքիայի իշխանությունների որոշմամբ վերակառուցումից հետո պատմական կառույցը կծառայի ոչ միայն որպես եկեղեցի, այլև որպես մշակույթի կենտրոն։