Աղոթքի մասին. Հովհան Ոսկեբերան
Դու մարդ ես, ուստի, իժի թույն մի´ թափիր: Դու մարդ ես, գազան մի´եղիր: Բերանը քեզ տրված չէ, որպեսզի խոցես մարդկանց, այլ որպեսզի բուժես ուրիշների խոցերը: Հիշի´ր, թե ի´նչ է ասում Աստված: Ես պատվիրել եմ քեզ թողություն տալ և ներել: Իսկ դու պաղատում ես, որ Ես էլ դառնամ քո գործակիցը:
Իսկ դու թեկուզ բաղնիքում լինես` աղոթիր, որտեղ էլ գտնվելիս լինես` աղոթիր: Դու Աստծո տաճարն ես, ուստի, տեղ մի որոնիր:
Եվ հաճախ է պատահում, որ ավարտելով աղոթքը` մենք հեռանում ենք` չլսելով այն, ինչ ասել ենք: Այսպիսով, երբ նկատում ենք, որ այդպես է, ապա անմիջապես պետք է կրկնենք աղոթքը, իսկ եթե մեզ հետ նորից պատահում է նույնը, ապա վերստին պետք է աղոթենք երրորդ, չորրորդ անգամ և չդադարեցնենք այնքան ժամանակ, քանի դեռ խնամքով և սթափ հոգով սրտներս Աստծո առջև չենք բացել:
Դու ինքդ չես լսում քո աղոթքը, ուզում ես, որ Աստված լսի՞: Ծնրադրեցի, ասում ես, սակայն միտքդ հեռու կողմեր թռավ: Մարմինդ եկեղեցու ներսում էր, իսկ հոգիդ` դրսում, շրթունքներդ աղոթք էին մրմնջում, իսկ ուշք ու միտքդ` տոկոսներ էր հաշվում, պարտավորություններ, առևտրական շրջագայություններ, ձեռքբերումներ, ընկերական հավաքույթներ:
Լսվո՞ւմ է քո խնդրանքը: Երախտապարտ եղի՛ր, որ լսվել ես: Չի՞ լսվել: Եղի՛ր համառ, որպեսզի լսվես: Դու միջնոդների կարիք չունես ո՛չ նեղություն քաշելու, ո´չ որևէ մեկին շողոքորթելու, ընդհակառակը, թեկուզև կատարելապես մենակ լինես, թեկուզ չունենաս հովանավոր, դու անպայման կհասնեն քո ուզածին, եթե ինքդ խնդրես Աստծուն:
Եթե թշնամիներ ունենալն արդեն հանցանք է, ապա խորհիր, թե ինչ հանցանք է աղոթել ի վնաս նրանց: Դու ներում պետք է խնդրես առ այն, որ թշնամիներ ունես, իսկ դու դեռ մեղադրո՞ւմ ես նրանց: Իսկ դու ինչպե՞ս կարող ես ներում ստանալ, երբ մեղադրում ես ուրիշներին, ընդ որում այնժամ, երբ ինքդ մեծ ողորմածության կարիք ունես: Չէ՞ որ դու գալիս ես քո մեղքերի համար ներում խնդրելու, ուստի, մի հիշիր ուրիշի մեղքերը, որպեսզի քո մեղքերը չհիշեցնեն: