Ինչո՞ւ Աստված աշխարհի բոլոր երկրների միջից հենց Իսրայելն ընտրեց՝ Իր անունն այնտեղ դնելու ։

Երուսաղեմ-խաղաղության քաղաք

Երուսաղեմն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է։ «Երուսաղեմ» նշանակում է «խաղաղության» (շալոմ) «թագավոր» (ջերու), բայց վերջինս պատմության ընթացքում չի արդարացրել իր անվանումը և եղել է ցանկացած բան, բացի խաղաղության քաղաք լինելուց։ Եբրայերեն այն թարգմանվում է որպես «խաղաղության (շալոմ) հիմք (յարահ)»։ Բայց ինչպես նշվեց, այն լինելով հնագույն քաղաք, վերապրել է բազմաթիվ պատերազմներ. ավերվել և վերակառուցվել է տասնյակ անգամներ, հարձակման ենթարկվել՝ 52 անգամ, պաշարվել՝ 23 անգամ, գրավվել և վերագրավվել՝ առնվազն 44 անգամ։ Եվ սա էլ «Խաղաղության քաղաք»-ն է։ Ուրեմն ինչո՞ւ է Աստված Իր անունը դնելու համար հենց այսպիսի քաղաք ընտրել։ Ինչո՞ւ է «Դավթի քաղաք»-ն այդքան կարևոր Աստծո համար։

Դավթի քաղաք

Դեռ սկզբում այս քաղաքն Երուսաղեմ չի կոչվել։ Մինչ իսրաելցիները կգային Խոստացյալ Երկիր, այնտեղ ապրում էին քանանացիները, իսկ երկիրը կոչվում էր Քանան։ Իսկ «Դավթի աղաք» անվանումը հավանաբար ստացել է Դավիթ թագավորի պատվին, ով հաստատեց թագավորությունն ու հասցրեց այն իր հզորության գագաթնակետին։ Նա կառուցեց  և հարստացրեց երկիրն՝ ինչպես Իսրաելի և ոչ մի թագավոր։ Դավիթ թագավորի ղեկավարման ժամանակահատվածը (1010- 970 մ.թ.ա.) մի շրջան էր, երբ Երուսաղեմն ունեցավ աշխատուժ և տեխնոլոգիա՝ կառուցելու այնպիսի մեծ մասշտաբի շինություներ, որ վայել էր այդ օրերի համակենտրոնացված թագավորության մայրաքաղաքին։ Երբ Դավիթը կառուցեց Երուսաղեմը, դրա մասին այսպես գրվեց. «Այսպիսով Դավիթը նստեց իր բերդում և այն անվանեց Դավթի քաղաք։ Դավիթը դրա շուրջը՝ Մելոնից դեպի ներս, կառուցեց» (2 թագ. 5.9)։ Այսպիսով, Աստվածաշունչն այն Դավթի քաղաք է կոչում ։

Սիոնի քաղաք

Սիոնը, որ հաճախ կոչում են նաև Սիոն Սար, ասոցացվում է Երուսաղեմի կամ Դավթի քաղաքի հետ (1 Թագ. 8.1)։ Այս բոլոր անունները փոխարինաբար օգտագործվել են Երուսաղեմը անվանակոչելու համար. Սիոն՝ որպես Իսրայելի երկիր, իսրայելցիների պատմական տարածք և Սիոնի քաղաք՝ որպես Երուսաղեմ։ Իսրայելում այն կրոնական մեծ նշանակություն ունեցող քաղաք էր։ Ինչպես ասվում է 2 Թագ. 5.7-ում. «Դավիթը գրավեց Սիոնն ու նրա ամրոցը, որ Դավթի քաղաքն է»։

Այսպիսով, մենք տեսնում ենք, որ Սիոնի քաղաքըհենց նույն Դավթի քաղաքն է, բայց Սիոնը յուրահատուկ նշանակություն ունի Աստվածաշնչում։ Սաղմոսերգուն ասում է, որ փրկությունը գալու էր Սիոնից (Երուսաղեմից՝ Սաղմոս 14.7, 53.6)։ Սաղմոս 69.35-ը. «Քանի որ Աստված փրկելու է Սիոնն ու շինելու է Հուդայի քաղաքները, որպեսզի նրանք այնտեղ բնակվեն ու այն որպես սեփականություն ունենան»։ Այսպիսով, Սիոնն ավելին է, քան ընդամենը մի սովորական տարածք։ Դա մի վայր է, ուր Աստված է բնակվում և ուր՝ Աստծո որդիները պետք է լինեն։ Դրա համար այսպես է ասում Տերը. «Ահա, Սիոնում հիմքի համար քար դրեցի՝ ընտիր վեմ, թանկարժեք անկյունաքար, հաստատուն հիմունք, ով Նրան հավատա, չի փախչելու» (Եսայա 28.16)։ Բայց մի օր. «Եվ Տիրոջ փրկվածները պիտի վերադառնան և Սիոն գան ցնծալի երգերով, և հավիտենական ուրախությունը նրանց գլխին պիտի լինի, ցնծություն և ուրախություն պիտի ստանան, վիշտն ու ողբը պիտի վերանան» (Եսայա 51.11)։

Նոր Երուսաղեմ

Երուսաղեմը կարող է կոչվել Աստծո քաղաք, Դավթի քաղաք, Սիոնի քաղաք կամ պարզապես Սիոն, բայց մի ավելի մեծ Երուսաղեմ կա, որ գալիս է, և այն ամբողջովին նոր է և ավելի փառավոր, քան որևէ մեկը կարող է պատկերացնել։ Հովհաննես առաքյալը փորձում է նկարագրել այն և ասում. «Եվ մի նոր երկինք ու նոր երկիր տեսա, քանի որ առաջին երկինքն ու առաջին երկիրն անցան, ու այլևս ծով չկար։ Եվ ես՝ Հովհաննեսս, սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղեմը, տեսա, որ Աստծուց ցած էր իջնում երկնքից՝ որպես իր ամուսնու համար պատրաստված և զարդարված մի հարս» (Հայտն. 21.1-2)։

Ամփոփում

Այսպիսով, ինչո՞ւ Աստված ընտրեց Երուսաղեմն Իր անունն այնտեղ դնելու համար։ Որովհետև Նա այդպես ցանկացավ։ Դա պետք է Նրան հաճելի լիներ, և դա է կարևորը։ Աստծո Թագավորությունը գալիս է, և որ ամենակարևորն է՝ հենց Թագավորն է շուտով գալիս։ Թե երբ, չենք կարող ասել, բայց այն կարող է գալ ցանկացած ժամանակ, և լավագույն բանը, որ կարող եմ ասել. «Եթե դուք դեռ ապաշխարությամբ և հավատքով չեք հանձնվել Աստծուն, այսօր ժամանակն է ձեր վստահությունը դնել Քրիստոսի վրա» (2 կորնթ. 6.2)։ Նա և՛ քո Փրկիչն է, և՛ քո Դատավորը վերջին օրում։ Եվ ամենահրաշալին այն է, որ Նա ամենը հայտնում է մեզ նախքան Իր վերադարձը. «Ով հավատում է Որդուն, հավիտենական կյանք ունի, իսկ ով չի հավատում Որդուն, նա կյանքը չպիտի տեսնի, այլ Աստծո բարկությունը մնում է նրա վրա» (Հովհ. 3.36)։

Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.