Ծնողական սերը...
ԵՐԵԽԱՅԻ ծնունդով օրը կարճանում է, գիշերը՝ երկարում, մահճակալը՝ փոքրանում, տունը՝ թափթփվում, հագուստը՝ ճմռթվում..., բայց կյանքը նոր արժեք է ձեռք բերում։
Ծնող լինելը ոչ թե երեխա ունենալն է, այլ՝ երեխա դաստիարակելը։
Ծնողի առաջնային առաքելությունն է երկրի վրա կերտել Երկնքի Արքայության ժառանգներ։
Այն ամբողջ կյանքի պատասխանատվություն է, երբեմն՝ քաղցր, երբեմն՝ դառը, երբեմն՝ դժվար։
Յուրաքանչյուր ծնող պետք է իմանա, որ մեկ օր զավակը կհետևի վարքի, խոսելաձևի, մարդկանց հետ վերաբերմունքի, Աստվածային արժեքների պահպանման ծնողի ՕՐԻՆԱԿԻՆ, ոչ թե խորհուրդներին։
Ծնողական սերը միայն լավագույնս խնամելը, կրթության տալը, կարիքներն ու ցանկությունները հոգալը չէ՝
- Այնքա՜ն սիրիր երեխայիդ, որ կարողանաս հանուն իրեն «ո՛չ» ասել, եթե անգամ կարժանանաս նրա դժգոհությանը։
- Այնքա՜ն սիրիր երեխայիդ, որ ի վիճակի լինես մերժել այն, ինչը «բոլոր ծնողներն անում են» ոչ թե ի շահ երեխայի, այլ սեփական համբավի և հասարակության մեջ տարածված մոդայի։
- Այնքա՜ն սիրիր երեխայիդ, որ թույլ տաս ինքնուրույն ուտի, հագնվի, կատարի իր պարտականությունները, այլ ոչ թե քո անհամբերությունից և անհարմարությունից դրդված՝ ինքդ անես։
- Այնքա՜ն սիրիր երեխայիդ, որ չարդարացնես նրա անպատասխանատու արարքն ու անհարգալից վերաբերմունքը նախ՝ քո, ապա՝ ուրիշների հանդեպ։
- Այնքա՜ն սիրիր երեխայիդ, որ չհանդուրժես կամակորությունները, քանի որ դրանց պատճառով շուտով մերժված կլինի դպրոցում և հասարակության մեջ՝ դառնալով խնդրահարույց և եսակենտրոն մարդ։
- Այնքա՜ն սիրիր երեխայիդ, որ սովորեցնես ճիշտ փոխհարաբերություն ունենալ Աստծո և մարդկանց հետ, քանի որ չես կարող ամեն իրավիճակում զավակիդ կողքին լինել, բայց Աստված և մարդիկ նրա կողքին միշտ հայտնվելու են։
Հասմիկ Հարությունյան