Սիրելի հոգի՛, դավաճանված ես զգում քեզ ու սգում ես, որովհետև դավաճանելով քեզ՝ պատառեցին գեղեցիկ հագուստներդ՝ թողնելով քեզ միայնակ, մերկ ու կոտրված սրտով։ Ու դու ստիպված փաթաթվեցիր ամոթի ու վախի, լքվածության ու մենակության ցնցոտիներով։ Գուցե համարում ես, որ կյանքդ վերածվել է մոխիրների և այլևս կորցրել ես հույսդ, երազդ։

Օրհնյա՛լ հոգի, բարի լուր ունեմ քեզ համար՝ Դու կհառնե՛ս այդ մոխիրներից։ Դադարի՝ր լացել ու տառապել, բարձրացրո՛ւ հայացքդ քո մոխիրներից։ Այդ մոխիրները կտանեն քեզ կործանման։ Դադարի՛ր լացել, դադարի՛ր ու երկինք նայի՛ր, կանչի՛ր երկինքն արարող Աստծուն։ Հավատա՝ Նա հիմա քեզ մոտ է առավել, քան՝ երբևէ։ Նա գիտի քո հոգու ցավը, քո մենակությունը, լքվածությունը, Նա գիտի, որ հոգնել ես, Նրա աչքերի առջև է քո կոտրված ու անտեսված սիրտը։ Փարվի՛ր Նրան քո աղոթքով, և Նա կծածկի քեզ իր սիրով, կանչի՛ր Հիսուսին. Նա կբժշկի քո կոտրված սիրտը Իր իսկ ափի մեջ։ Կանչի՛ր Հիսուսին, կառչի՛ր Նրանից։ Նայի՛ր երկինք և ցավ չես զգա։ Կանչի՛ր Հիսուսին, ու կառնի Նա քեզ իր թևերի տակ, կտարածի Իր քղանցքը քեզ վրա, և դու ապահով կլինես (Սաղմոս 91.4): Խոսի՛ր Նրա հետ և լսի՛ր Նրան, որովհետև Նրա մոտ են Կյանքի Խոսքերը, Որոնք էլ քեզ հարություն կտան։

Վե՛ր կաց, մոխիրներիդ խառնի՛ր վիրավորանքդ ու դառը հուշերը և թույլ տուր՝ փոթորիկները ցրեն այդ մոխիրները, որովհետև հիմա երկնային կրակով պիտի ջերմանաս, Հիսուսի հավիտենական լույսով պիտ լուսավորվես (Եսայի 60.20)։ Գնա՛ Նրա մոտ. Նա սպասում է քեզ, Նա սիրում է քեզ։ Գնա՛, փարվի՛ր ոտքերին Նրա՝ բացելով սիրտդ՝ խոր վիրավորված, խոցված ու ջարդված։ Սիրելի հոգի՛, միայն հավատա՝ Նա կամոքի խորին վերքերդ, Իր ափերի մեջ կհավաքի քո ջարդված սրտի ամեն մի կտորը, նոր սիրտ կնորոգի, Իր սիրո յուղով գլուխդ կօծի, ուրախության երգ կավետեն շուրթերդ (Եսայի 51.3): Օրհնյալ հոգի՛, Հիսուսի Խաչը Իր ուխտն է հավիտենական քո՛ սիրո համար՝ կնքված Արյունով։ Նա երբեք չի՛ լքի, նոր ու պատվավոր հանդերձներ կհագցնի քեզ (Զաքարիա 3.4)։

Փոթորիկներից հաղթող կելնես և Նա, Ում Ձեռքում է այժմ ապագադ, մի նոր ափում քեզ օթևան կտա։ Ասու՛մ եմ քեզ, նայի՛ր երկինք և վեր կհառնես քո մոխիրներից, հարություն կառնես, և Նա կգրկի քեզ նոր լուսաբացով…


Տաթև Գևորգյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.