Թույլ մի՛ տվեք, որ վախը Ձեզ հետ պահի Աստծո ծրագրից
Յուրաքանչյուր ոք, ով երբևիցե փորձել է որևէ մեծ բան անել, ինչ-որ պահի առերեսվել է թերահավատների հետ։
- Երբ Ռայթ եղբայրները փորձեցին գործարկել իրենց առաջին ինքնաթիռը, մարդիկ ասում էին, որ դա ոչ մի դեպքում չի աշխատի, քանի որ մարդիկ չեն կարող թռչել։
- Երբ Մովսեսն Իսրայելի ժողովրդին առաջնորդեց անապատում, մարդիկ վախեցան, որ կմահանան ու բողոքեցին։
- Երբ Ջոն Քենեդին ասաց, որ Միացյալ Նահանգները մարդ է ուղարկելու լուսին, շատերն ասացին, որ դա անհնար է։
Եթե այդ մարդիկ թերահավատներին թույլ տային կանգնեցնել իրենց, պատկերացրեք՝ ինչպիսին կլիներ աշխարհն այսօր։ Չնայած որոշ վատատեսներ չար ծրագրեր ունեն, բայց ոչ բոլորն են վատ մարդիկ։ Որոշները կարող են իսկապես ձեզ համար ամենալավը ցանկանալ, սիրել ձեզ։ Բայց նրանք Աստված չեն։ Այնպես որ նրանց կարծիքին մի՛ վերաբերվեք Աստծո կարծիքի պես։
Աստվածաշունչն ասում է. «Մարդուց վախենալը թակարդն է գցում, բայց ով ՏԻՐՈՋՆ է ապավինում, ապահով կլինի» (Առակներ 29.25):
Ձեզանից շատերն ուրիշների կարծիքի պատճառով դարձել են անաշխատունակ ու նույնիսկ չեն գիտակցում դա։ Ոմանք էլ ինչ-որ բան անելու համար մարդկանց թույլտվության կարիքն են զգում։ Ուրիշների կարծիքները կարող են ձեզ շեղել Աստծո՝ ձեր կյանքի համար ունեցած ծրագրից։ Եվ երբ դուք ավելի ծանր կշիռ եք տալիս մարդկանց կարծիքին, քան՝ Աստծո, ապա մնում եք մի կողմում այն դեպքում, երբ Աստված ցանկանում է, որ ակտիվ մասնակցություն ունենաք։ Դուք մնում եք ինքնաշեն վախի բանտում փակված։ Թույլ մի՛ տվեք, որ դա պատահի։ Բա՛ց թողեք ձեր վախերը և վստահեք Աստծո ծրագրին։ Նա ձեր ամենամտերիմ բարեկամն է, ցանկանում է, որ դուք հաջողության հասնեք, և Նա գործում է ձեր կյանքում, որպեսզի դուք հասնեք դրան։ Մտածե՛քայս մասին.
- Ականատես եղե՞լ եք, թե ինչպես են վատատես մարդիկ խանգարում ինչ-որ մեկին հասնելու իր երազանքին։
- Ե՞րբ են վատատես մարդիկ շեղել ձեզ ձեր նպատակից։ Ի՞նչ եք հասկացել այդ փորձառությունից։
- Աստված ձեզ տվե՞լ է երազանքներ, տեսիլքներ, որոնք դուք անտեսել եք այլ մարդկանց պատճառով։ Ինչպե՞ս կարող եք սկսել իրականացնել Աստծո կամքն այս պահից սկսած։
Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը
Աղբյուրը՝ ieshua.org