Մենք պետք է ուշադիր լինենք որոշումներ կայացնելու մեջ այն հարցերի շուրջ, որոնք Աստվածաշունչն անվանական ո՛չ արգելում է, ո՛չ հաստատում: Մեր սեփական համոզմունքները երբեք չպետք է վերագրենք աստվածաշնչյան ճշմարտություններին թե՛ մեր, թե՛ ուրիշների կյանքի համար (Հռոմեացիս 14.1, Ա Կորնթացիս 8.1-12):

Վիճակախաղի տոմս գնելը մեղք է, թե՝ ոչ, կախված է տվյալ մարդու համոզմունքից:  Անձնական համոզմունքն էլ ներքին խղճի արտահայտվածությունն է: Եթե մենք մտածում ենք, որ տոմս գնելը մեղք է և դեռ շարունակում ենք գնել,  ապա մենք մեղք ենք գործում, քանի որ դաղում ենք մեր խղճմտանքը: Վերջինս արգելված է Աստվածաշնչում, քանի որ դաղված խիղճը մեզ թույլ չի տալիս Աստծո ձայնը լսել (Հռոմեացիս 14.23՝  ինչը հավատքովչէ, մեղք է):

Այս պատճառով էլ մի բանը մեկի համար կարող է մեղք լինել, մյուսի համար՝ ոչ: Եթե դու մաքուր խղճով ես գնելու վիճակախաղի տոմսը, ապա՝ գնի՛ր: Մեղք չես գործի:  Պետք է հասկանանք մեղքի և խղճի միջև եղած կապը, քանի որ հենց դա է բանալին այն հարցերի, որոնց մասին անվանական գրառում չկա Աստվածաշնչում:

Իմ անձնական համոզմունքն է խաղամոլությամբ չզբաղվելը: Ես մի անգամ Լաս Վեգասում խաղային ավտոմատի մեջ գումար գցեցի և մեկ անգամ էլ վիճակախաղի տոմս գնեցի և երկու անգամների համար էլ մեղքի զգացում ունեցա, որովհետև այժմ բավականին հասուն եմ գիտակցելու, որ այդպես վարվելով՝ դաղում էի խիղճս:

Ես չեմ ցանկանում գումար վատնել վիճակախաղի տոմսերի վրա,  քանի որ ըստ Աստվածաշնչի՝ մեր ձեռքի ոչ մի դոլլարը մերը չէ, Աստծուն է պատկանում, և մենք դա պետք է լավ տնօրինենք (Ա Կորնթացիս 6.19):

Ըստ Աստվածաշնչի՝ վիճակախաղն «արագ հարստանալու» միջոց է, որի մասին Սողոմոնն այսպես է գրել. «Հավատարիմ մարդը շատ օրհնություն կստանա, բայց հարստանալու շտապողն անպատիժ չի մնա» (Առակաց 28.20): Արագ հարստանալու միջոցները հաճախ մեզ կհեռացնեն Աստծուց, որ վստահենք Նրան՝ որպես մեր եկամուտի ապահովության ճշմարիտ աղբյուր: Քանի որ դրանք մեզ դրդում են վստահել ավելի շատ մեր գումարին, քան՝ Աստծուն, և խեղաթյուրում են մեր միտքը նյութականի իրական վտանգների վերաբերյալ (Մատթեոս. 6.24, Ա Տիմոթեոս 6.10, Եբրայեցիս 13.5): Այստեղ մեծագույն վտանգն արծաթասիրությունն է: Ամեն պարագայում լավագույնը չափը չանցնելն է: Պողոսն այսպես է գրում. «Բայց մեծ շահավաճառութիւն է իրաւ աստուածպաշտութիւնը բաւականութեան հետ միասին։ 7 Որովհետեւ ոչինչ չենք բերել աշխարհքս եւ յայտնի է որ ոչինչ էլ չենք կարող դուրս տանիլ։ 8 Բայց եթէ կերակուր եւ հագուստ ունինք, նորանցով բաւականանանք։ 9 Իսկ նորանք որ կամենում են հարստանալ փորձութեան եւ որոգայթի եւ շատ անմիտ վնասակար ցանկութիւնների մէջ են ընկնում. որ ընկղմում են մարդկանց սատակումի եւ կորուստի մէջ։ 10 Որովհետեւ արծաթսիրութիւնը ամեն չարիքների արմատն է. Որին մի քանիսը անձնատուր լինելով հաւատքիցը մոլորուեցան, եւ իրանց անձերը շատ ցաւերով խոցեցին» (Ա Տիմոթեոս 6.6-10):

Իհարկե՛, այս տողերից անմիջապես հետո Պողոսը մեզ ցույց է տալիս նաև, թե ինչպես հաղթահարենք մեր պայքարներն ու նյութապաշտությունը.«Բայց դու, ո՛վ Աստծո մարդ, փախի՛ր այս ամենից և գնա՛ արդարության և աստվածապաշտության հետևից…»:

Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը

Աղբյուրը՝ crosswalk.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.