ԱՄՆ նախագահն ընդունեց հայոց ցեղասպանությունը․ քրիստոնեական լրատվականի անդրադարձը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ընդունել է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից հարյուր հազարավոր հայերի համակարգված սպանությունները և տեղահանությունները՝ որպես «ցեղասպանություն», ինչը Սպիտակ տան նախորդ ղեկավարները տարիներ շարունակ խուսափում էին իրագործել․ գրում է cbn.com-ը։
Բայդենը դրանով կատարեց մեկ տարի առաջ իր կողմից տրված նախընտրական խոստումը` ճանաչելով, որ 1915-1923 թվականների իրադարձությունները կանխամտածված գործողություններ էին՝ հայերին ոչնչացնելու համար:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անմիջապես քննադատել է Բայդենի հայտարարությունը՝ համարելով այն խիստ պոպուլիստական:
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը, մինչ Բայդենի հայտարարությունը, ելույթ ունեցավ Եղեռնի զոհերի հուշահամալիրում՝ ասելով, որ ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումն օրինակ է ծառայելու մնացյալ քաղաքակիրթ աշխարհին:
Կալիֆորնիայի դեմոկրատ ներկայացուցիչ Ադամ Շիֆը բարձր գնահատեց Բայդենի կողմից խոստման կատարումը:
«Ամերիկահայերի և բոլոր նրանց համար, ովքեր հավատում են մարդու իրավունքներին և ճշմարտությանը, այսօր պատմական իրադարձություն է. նախագահ Բայդենը ճանաչել 1.5 միլիոն հայերի սպանդը՝ որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:-Ասվում է Շիֆի հայտարարության մեջ:
Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սալփի Ղազարյանը նշեց, որ ցեղասպանության ճանաչումը արձագանք է ստանալու Հայաստանի սահմաններից դուրս և ընդգծելու է Բայդենի լրջությունը մարդու իրավունքների կարևորման հարցում` որպես նրա արտաքին քաղաքականության հիմնական սկզբունք:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը