Ինչպես ոսկե օղակը խոզի քթին…
«Ինչպես ոսկե օղակն է խոզի քթին, այնպես էլ այն կինն է, որը գեղեցիկ է, բայց խոհեմություն չունի» (Առակաց 11.22):
Ինչպիսի տհաճ, բայց դրա հետ մեկտեղ նաև ճշգրիտ համեմատություն: Եկե՛ք իրողությունները տեսնենք այնպես, ինչպես ցույց է տալիս Աստվածաշունչը: Իհարկե՛, գեղեցկությամբ արժե հիանալ, որովհետև այն Աստծո պարգևն է: Բայց առանց խոհեմության այդ պարգևն ունայն ու փուչ է:
Այլ կերպ ասած` եթե կինը զուրկ է խոհեմությունից, նրա արտաքին գեղեցկությունը նույնքան անպատշաճ և անտեղի է, որքան ոսկե օղակը խոզի քթին: Մի՞թե թանկարժեք զարդարանքը կարող է հաճելի դարձնել անմաքուր կենդանուն:
Իհարկե՛, ո՛չ: Այսպիսի անբնական համադրությունը վերին աստիճանի տհաճ է դարձնում նկարագրված իրավիճակը:
Նույնիսկ ամենաակնառու գեղեցկության հմայքը խամրում է, եթե կինը զուրկ է խոհեմությունից: Այդ դեպքում գեղեցկությունն ավելի շատ խայտառակում է նրան, քան՝ հարգանքի արժանացնում: Ոչ մի արտաքին գեղեցկություն չի կարող թաքցնել ապստամբ հոգին: Ցանկացած ինտելեկտուալ ձեռքբերումներ անիմաստ են, եթե կինը (և առհասարակ մարդը) անխոհեմ է:
Միայն Տիրոջ շնորհը կարող է խոհեմություն ձևավորել, և դա էլ այն դեպքում, երբ կա ՆՐԱ ամենակարող ձեռքի տակ խոնարհվելու անկեղծ ու ճշմարիտ փափագ:
Էդուարդ Մխիթարյան